

Էլեկտրաէներգիայի արտադրություն հեծանիվ վարելու արդյունքում, հագուստի դեֆիլե՝ թափոններից լուսավորությունն անջատած պայմանններում․ Հայաստանը մասնակցեց «Մոլորակի ժամ 2022» համաշխարհային արշավին։ ՀՀ ԳԱԱ-ի Արմեն Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի Էկոէպիկենտրոնում 2022թ․ մարտի 26-ին WWF Հայաստան-ի կողմից կազմակերպված այս միջոցառումները մեկ նպատակ ունեին՝ ընդգծել մոլորակի մասին հոգ տանելու կարևորությունը։ Իրազեկման այս համաշխարհային արշավի նպատակն է համախմբել հանրությանը, գործարար աշխարհին, համայնքներին և բոլոր շահագրգիռ կողմերին լույսերը մեկ ժամով անջատելու գաղափարի շուրջ՝ հանուն մոլորակի կենսական պայմանների և ռեսուրսների պահպանման:

Էկոէպիկենտրոնում բնապահպանական միջոցառումը մեկնարկեց թեմատիկ բանախոսություններով և սեմինարներով, որոնց ընթացքում հանդես եկան WWF Հայաստան-ի տնօրեն Կարեն Մանվելյանը, վլոգեր Հայկ Մկրտչյանը, Արուսիկ Մկրտչյանը (դիջեյ Վակցինա) և «Էկո Աղբ» ՀԿ-ի ներկայացուցիչները։ Հատուկ սարքավորումների միջոցով մասնակիցների վարած հեծանիվների արտադրած էլեկտրաէներգիայի շնորհիվ հնարավոր եղավ աշխատեցնել հարիչը և ստացված ֆրեշը հյուրասիրել մասնակիցներին։ Թափոններից պատրաստված հագուստի ցուցադրության ընթացքում էլ 1 ժամով անջատվեցին Էկոէպիկենտրոնի լույսերը՝ խնայելու համար էլեկտրաէներգիան և այսկերպ փոքր-ինչ նվազեցնելու մոլորակին հասցվող վնասները։


Օրվա ընթացքում կազմակերպվեցին նաև բազմաթիվ խաղ-անակնկալներ, վիկտորինաներ և հետաքրքիր հարցումներ WWF-Armenia-ի երիտասարդ դեսպանների կողմից, ովքեր միջոցառման մասնակիցներին պատմեցին «Մոլորակի Ժամի» առաքելության մասին: Ակտիվ մասնակցիները արժանացան WWF-Armenia-ի պատրաստած նվերներին:
Մարտ 27, 2022 at 20:50
