ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԸ ԴԵՌ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է

ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԸ ԴԵՌ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է

Ա.Մարտիրոսյան, Հայոց Աշխարհ

Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցից բխող, դեռ ամբողջապես չվերացված վտանգների շուրջ է մեր հարցազրույցը ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, երկրաբանական գիտությունների դոկտոր ԱՐՄԵՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ հետ

-Ձեր ղեկավարած կենտրոնը ամիսներ առաջ Նուբարաշենի թունաքիմիկատների պահեստարանի կամ գերեզմանոցի առնչությամբ ուսումնասիրություններ կատարելով, մասնավորապես ի՞նչ հայտնաբերեց։

-Թունաքիմիկատները, ինչպես հայտնի է, բացված վիճակում մեկ ամսից ավելի հորդառատ անձրեւների տակ մնացին։ Առաջին նմուշարկումն ու հետազոտությունը կատարեցինք ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի պատվերով, այդ անձրեւներից հետո, այս տարվա մայիսին։ Թունաքիմիկատների գերեզմանոցից մոտ 1100 մետր ներքեւ հոսող առվակի ջրի մեջ (առվակը գոյանում է հենց սողանքի տակ, որտեղ այդ գերեզմանոցն է) մայիսի 17-ին հայտնաբերեցինք սահմանային թույլատրելի խտությանը ԴԴՏ-ի 4 անգամ գերազանցում։

Թունաքիմիկատների գերեզմանոցից 4 կիլոմետր ներքեւ արդեն գետակի վերածված այդ առվակի հատակային, կավային նստվածքներում նույն ժամանակ գրանցեցինք ԴԴՏ-ի մետաբոլիտ ԴԴԵ¬ի սահմանային թույլատրելի խտության 11,6 անգամ գերազանցում։

-Ե՞րբ կատարվեց հաջորդ նմուշարկումը, եւ ի՞նչ հայտնաբերեցիք։


-Հաջորդ նմուշարկումը կատարեցինք «Կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպության խնդրանքով, հուլիսի 9-ին։ Թունաքիմիկատների գերեզմանոցից 250 մետր ներքեւ գտնվող փոքրիկ ձորակում երեւան եկող այդ առվակի շուրջ գտնվող ճահճուտի նստվածքներում հայտնաբերեցինք ԴԴՏ-ի գերազանցում թույլատրելի սահմանային խտությանը 51 անգամ։ Ընդգծեմ, որ թունաքիմիկատների գերեզմանոցն այդ ժամանակ արդեն ծածկված էր։

Նշված գերեզմանոցից մոտ 3 կիլոմետր ներքեւ, այդ նույն առվակի ջրի մեջ գրանցվել է սահմանային թույլատրելի խտությանը ԴԴՏ-ի 41 անգամ գերազանցում։ Այսինքն՝ համեմատաբար քիչ են գերազանցումները մայիսին, եւ ավելի բարձր գերազանցումները արդեն եղել են հունիսին։ Ուսումնասիրություններով պարզվեց նաեւ, որ ԴԴՏ-ի իզոմերներից մեկը՝ ԴԴԵ-ն, արդեն գտնվում է Մուշավան գյուղի սկզբնամասում, այսինքն՝ աղտոտումը գրեթե հասել է մայրաքաղաքի սահմանին։ Մենք այն հայտնաբերեցինք դարձյալ նույն առվակի նստվածքներում։

ԴԴՏ-ն եւ նրա իզոմերները ջրի մեջ չեն լուծվում, սուսպենզիայի տեսքով են տեղափոխվում եւ այդ պատճառով շատ հաճախ հավաքվում են կավային մասնիկների կամ օրգանական մասնիկների վրա։ Քանի որ գերեզմանոցի շուրջբոլորը շատ է աղտոտված, նոր հորդառատ անձրեւներից հետո այդ աղտոտումը, որ գրանցել ենք վերեւներում, կսկսի շարժվել ներքեւ։

-Ի՞նչ եզրակացության կարելի է հանգել ձեր հետազոտության արդյունքներից։

-Հետազոտությունը ցույց տվեց, որ թունաքիմիկատների գերեզմանոցի ծածկումը դեռ բավարար չէ։ Այն խնդրի ոչ վերջնական, ոչ էլ միջանկյալ լուծում չէ, քանի որ չի հետազոտվել, թե մինչեւ գերեզմանոցի հիմքն ինչ է կատարվում։

Անթույլատրելի, արգելված թունաքիմիկատների այդ ահռելի գերեզմանոցը, բացի արհեստականորեն բացվելուց, սողանքի հետեւանքով վերջին տարիներին մեծ չափով տեղաշարժվել է։ Ստորգետնյա ջրերի վերին հորիզոնները հետզհետե լիցքաթափվում են այդ ձորակների մեջ, իսկ ստորգետնյա ջրերի մի մասը կարող է գնալ եւ հասնել նույնիսկ Արարատյան դաշտ։ Այդ դեպքում այնտեղ հարվածի տակ կընկնեն մեծաքանակ ձկնաբուծարանները եւ արտեզյան ջրեր օգտագործող գյուղացիական տնտեսությունները։

-Ձեր կարծիքով, այդ վտանգը կանխելու համար, թունաքիմիկատների գերեզմանոցը ժամանակին ծածկելուց բացի, ինչը, ցավոք, չարվեց, էլ ի՞նչ պետք է արվեր։

-Մինչեւ հիմք պետք է բացվեր այդ գերեզմանոցը, այսինքն՝ դրենաժային (ջրահեռացման) համակարգը ոչ թե վերեւից 1,5 մետրով պետք է արվեր, այլ արվեր գերեզմանոցի ամբողջ խորությամբ, որպեսզի կավի շերտերի միջի ջրերը չմտնեին թաղված թունաքիմիկատների մեջ եւ դրանք իրենց հետ տանեին ստորգետնյա ջրային համակարգ։ Մենք հիմա չգիտենք՝ մտնո՞ւմ են, թե՞ չէ։

Գերեզմանոցի շրջակայքի ամբողջ հողերը ներծծված են այդ թունաքիմիկատներով, դա նույնիսկ զգալի է. բավական է մի քիչ անձրեւ լինի, եւ անտանելի հոտ է գալիս։ Այսինքն՝ մեկուսացվել է բուն գերեզմանոցը, բայց չորս կողմի հողերը, որոնք ներծծված են ԴԴՏ¬ով եւ այլ թունաքիմիկատներով, այժմ վերածվել են երկրորդական աղտոտման աղբյուրի։ Դրանք էլ էր պետք ջրամեկուսացնել, այլապես անձրեւաջրերը դրանք լվանալու են եւ իրենց հետ իջեցնելու ներքեւ։ Մակերեւութային հոսքով հասցնելու են այդ առվակ, որը միանում է Ջրվեժ գետին, Ջրվեժ գետը՝ Գետառին, Գետառը՝ Հրազդանին, իսկ Հրազդանը լցվում է Երեւանյան լիճ, որտեղից ջուրն արդեն հոսում է խոշոր ոռոգման ցանց։

Պետք է ենթադրել, որ թունավոր ջրերի մի մասն էլ կներծծվի հողի մեջ, կհասնի ստորգետնյա ջրային համակարգին, դուրս կգա նաեւ նշածս առվակը սնուցող աղբյուրներով, ճահճուտների մեջ գետնի տակից դուրս եկող ջրերով։ Այդ տարածքներում եթե ոչ այս պահին, մինչեւ վերջերս ոչխարներ էին արածում։

Սեպտեմբեր 18, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր