Այս օրերին Սևանա լճի ծաղկումը կապտականաչ ջրիմուռներով բոլորիս հիշեցնում է լճի էկոլոգիական վատ վիճակի մասին: Լճի խնդիրները հիմնականում պայմանավորված են մակարդակի անկմամբ, աղտոտմամբ, ձկնապաշարների կորստով և գլոբալ տաքացմամբ: Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման, էկոլոգիական վիճակի բարելավման առաջնահերթ և կարևորագույն միջոցառումը լճի մակարդակի բարձրացումն է: Լճի մակարդակի կայուն բարձրացումը դադարեց այն պահից, երբ սկսվեցին լճից հավելյալ ջրառներ իրականացվել: Վերջին՝ 2021թ-ի հավելյալ ջրառից հետո Սևանա լճի մակարդակը մինչ օրս դրական հաշվեկշիռ չունի: Սույն թվականի հուլիսի 18-ի դրությամբ այն 1900.68 մ է, ինչը 7 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա մակարդակից: Ստեղծված իրավիճակում լճի մակարդակի բարձրացման համար իրականացվող քայլերն էական արդյունք չեն տալիս:
ՀՀ ԳԱԱ Ա․ Բ․ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Սեյրան Մինասյանի համաձայն՝ բացի այն, որ Սևանա լիճն ունի տարեկան մակարդակի տատանում, այն ունի նաև երկարամյա մակարդակի տատանման ցիկլ: «Հիմա Սևանի բարձրացման ցիկլն էր: Մոտ 3 մետր է այդ տատանումը 65 տարի միջին տևողությամբ: 2030-2032 թվականից կսկսի իջնել 3 մետր: Եթե լճի 3 մետր մակարդակի բնական նվազման հետ հաշվի առնենք Կլիմայի փոփոխության 4-րդ ազգային զեկույցում Սևանա լճի վերաբերյալ վատատեսական կանխատեսումները, ապա Սևանի վիճակը աղետալի կլինի»,- ասաց նա «EU4Sevan» ծրագրի շրջանակներում կազմակերպված աշխատաժողովներից մեկի ժամանակ: Ըստ Կլիմայի փոփոխության մասին չորրորդ ազգային հաղորդագրության՝ վատատեսական սցենարի դեպքում ընդհանուր գետային ներհոսքը Սևանա լիճ մինչև 2100թ. կնվազի շուրջ 34%-ով՝ 265 միլիոն խմ-ով: Գոլորշիացմումը մինչև 2100թ-ը կաճի 36.5%-ով՝ 392 միլիոն խմ:
Սեյրան Մինասյանն առաջարկեց Սևանա լճի էկոհամակարգի էկոլոգիական վիճակի համալիր մոնիթորինգի, գնահատման և կանխատեսումների աշխատանքային ծրագիր մշակել և գործարկել: «Եվ դա չպետք է վերաբերի միայն Սևանա լճի ջրին, ներհոսող գետերին, այլ պետք է առնչվի նաև Արարատյան դաշտին, գյուղատնտեսությանը, ոռոգման համակարգին: Սա է միակ տարբերակը: Այլապես մենք ստիպված կլինենք հետո այստեղ ընդունել ճահիճներից փախչող 200-300 հազար բնակչություն: Այստեղ էլ արդեն կչորանա: Ներքին գաղթականություն է առաջանալու մի 30 տարի հետո»,- ասաց նա: Ըստ նրա՝ լճի մակարդակը պետք է բարձրացնել մինչև 1909 մ նախատեսված 1903,5 մ նիշի փոխարեն Սևանի էկոլոգիական վիճակի կայունացման համար:
Նշենք, որ այդ աշխատաժողովից հետո EU4Sevan ծրագիրը հայտարարեց մրցույթ Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքների/ազդեցության գնահատման համար։
Հուլիս 19, 2022 at 10:38