Հայաստանում մեծանում են հանքարդյունաբերողների ճնշումները բնապահպանների և էկոակտիվիստների նկատմամբ. մամուլի ասուլիս Մեդիա կենտրոնում

Հայաստանում մեծանում են հանքարդյունաբերողների ճնշումները բնապահպանների և էկոակտիվիստների նկատմամբ. մամուլի ասուլիս Մեդիա կենտրոնում

Հայաստանում մեծանում են հանքարդյունաբերողների ճնշումները բնապահպանների և էկոակտիվիստների նկատմամբ: Վերջին օրինակը «Կանաչ Հայաստան» բնապահպանական-կրթական ՀԿ-ի նախագահ Թեհմինե Ենոքյանի դեմ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՄՊԿ) ՓԲԸ-ի դատական հայցն է, որով պահանջում է հերքում և վնասի փոխհատուցում՝ 6 միլիոն դրամի չափով։ Այս հարցի վերաբերյալ հունվարի 12-ին «Ճնշումներ բնապահպանների հանդեպ. ինչո՞ւ են փորձում լռեցնել նրանց» թեմայով մամուլի ասուլիս էր կազմակերպել «Մեդիա կենտրոն»-ը, որին մասնակցեցին «Կանաչ Հայաստան» բնապահպանական-կրթական ՀԿ-ի նախագահ Թեհմինե Ենոքյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը:

Թեհմինե Ենոքյանը 2022թ․ դեկտեմբերի 1-ին ֆեյսբուքյան գրառում էր արել մասնավորապես. «Երեկ կրկին վթարվել է ԶՄՊԿ-ի պոչամբար գնացող խողովակաշարը, կրկին աղտոտվել է Ողջի գետը, կրկին քրեական գործ է հարուցվել ու կրկին կմոռացվի, ծածկադմփոց կարվի, կանցնեն առաջ»: Ըստ ընկերության՝ զրպարտություն է համարվում «Երեկ կրկին վթարվել է ԶՄՊԿ-ի պոչամբար գնացող խողովակաշարը» արտահայտությունը:

Թեհմինե Ենոքյանը նշեց, որ վթարի մասին տեղեկատվության սկզբնաղբյուրը «Իրավատեր կապանցիներ» բնապահպանական ՀԿ-ն է, որը 2022թ. նոյեմբերի 30-ին ահազանգել էր վթարի մասին՝ հայտնելով, որ աղտոտվել է Ողջի գետը: «Առկա են հրապարակման տեսանյութը, դրանց սքրինները: Տարբեր բաց աղբյուրներ եմ ուսումնասիրել, շատ այլ լրատվամիջոցներ իրենց գրառումներում օգտագործել են պայթյուն պոչամբարում կամ նման այլ ձևակերպումներ: Մինչդեռ ես պայթյուն պոչամբարում ձևակերպմամբ որևէ գրառում չեմ արել, նշել եմ միայն, որ պոչամբար գնացող խողովակաշարն է վնասվել: Մամուլում ընկերությունը հերքում էր հրապարկել առ այն, որ պոչամբարում պայթյուն տեղի չի ունեցել»,- նշեց նա: 

«Կարծում եմ՝ սա առիթ էր նախորդ դատական ակտից հետո, երբ «Լիդիան Արմենիա» ընկերությունը Վերաքննիչ դատարանում կարողացավ ստանալ մի ակտ, ըստ որի ես պետք է վճարեմ իրենց 1 միլիոն 224 հազար դրամ: Այժմ էլ ԶՊՄԿ-ն հերթական հայցն է ներակայացնում իմ դեմ: Մենք շարունակելու ենք պայքարը դատարանում: Եթե հերթական անարդար դատական ակտը լինի մենք պայքարելու ենք մինչև Մարդու իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ)»,- նշեց նա:  

Ինգա Զարաֆյանն էլ նշեց, որ վերջին ժամանակահատվածում հանքարդյունաբերական ընկերություններն ակտիվացել են. «Տարբեր հայտեր են ներկայացնում, որպեսզի իրականացնեն նոր աշխատանքներ նոր հանքավայրերում, նույնիսկ նրանք, որոնք իրենց վրա դրված պարտականությունների չկատարման համար ժամանակին զրկված են եղել հանքարդյունաբերական լիցենզիաներից, դատարանի միջոցով վերականգնել են դրանք: Սակայն ազդակիր բնակավայրերի բնակիչները դեմ են արտահայտվում այդ հայտերին: Դա  պատճառ է դառնում կոնֆլիկտի հանքարդյունաբերողների և տեղի բնակչության, հասարակական կազմակերպությունների ու էկոակտիվիստների միջև: Շատ կարևոր է Կառավարության, կառավարող մարմինների դերը: Մինչդեռ ունենք թերի օրենսդրական դաշտ, որն ամբողջությամբ աջակցում է անպատասխանատու բիզնեսին: Երկու շատ խոշոր շահագրգիռ կողմեր (խմբ.՝ Կառավարությունն ու ընկերությունները) միասնական շահ են տեսնում, իսկ տեղի բնակչությունը և քաղհասարկությունը մնում է այլ կողմում»,- ընդգծեց նա:

Օլեգ Դուլգարյանը նշեց, որ վերջին ամիսներին տարբեր մարդկանց նկատմամբ դրսևորվում են ճնշումներ, ադրբեջանական պսևդոբնապահպանների կողմից Լաչինի միջանցքը փակումը օգտագործվում է ՀՀ բնապահպանների դեմ: «Ամենավատն այն է, որ Հայաստանում պրակտիկա է ձևավորվում, երբ բնապահպանը կամ նույնիսկ համայնքի բնակիչներն իրենց համայնքի շահերը, բնապահպանական իրավունքները պաշտպանելու դեպքում կարող են հայտնվել դատարանում»,- նշեց նա:

Օլեգ Դուլգարյանը տեղեկացրեց, որ ներկայում հայաստանյան մի խումբ ՀԿ-ների կողմից պատրաստվում է բաց նամակ՝ ուղղված ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանին, ՀՀ Մարդու իավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին, ՄԱԿ-ի իրավապաշտպանների վիճակի հարցերով հատուկ զեկուցող  Մերի Լոուլորին, բնապահպանների հարցերով հատուկ զեկուցող Միշել Ֆորսթին, որտեղ նշվում է ՀՀ-ում բնապահպաններին ճնշելու դեպքերի վերաբերյալ: Նամակում կոչ է արվում, որպեսզի տվյալ կառույցներն իրենց լիարզորությունների շրջանակներում, իրենց առաքելությանը համապատասխան իրենց վերաբերմունքը ցույց տան Հայաստանում տեղի ունեցող այդ երևույթների նկատմամբ:

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի



Հունվար 12, 2023 at 15:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր