Երևան քաղաքի Կոմիտասի անվան պուրակի տույա տեսակի ծառերը համատարած չորացել են:
ԷկոԼուրի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի զարգացման գծով տեղակալ Արթուր Խալաթյանը հայտնեց, որ տարածքը վարձակալական հիմունքներով պատկանում է այլ կազմակերպության, և վերջինս է պատասխանատու ստեղծված իրավիճակի համար: «Ձեր կողմից նկատված ծառերը տույա արևելյան սյունաձև են: Մենք ենք տունկը ստիպողաբար դադարեցրել 2022թ. օգոստոսին, քանի որ վարձակալը տունկն անում էր՝ հաշվի չառնելով նորմատիվ սահմանները՝ միջբույսային, միջշարային հեռավորությունը, տունկի իրականացման ժամանակացույցն ու եղանակային պայմանները: Տվյալ տարածքում ոռոգման լուրջ խնդիրներ կան: Տունկ անելուց առաջ այդ ամենը պետք է հաշվարկեին»,- նշեց նա:
Արթուր Խալաթյանը նաև նշեց, որ կազմակերպությանը ծանուցումներ են ուղարկել՝ սահմանված կարգով դենդրոպաթոլոգիական աշխատանքներ՝ սրսոկումներ, բուժումներ ու ոռոգումներ, չիրականացնելու հետ կապված: Ըստ նրա՝ կազմակերպության կողմից խնդիրը չշտկելու դեպքում անգամ հնարավոր է վարձակալության պայմանագիրը չեղարկելու նախաձեռնություն սկսեն: «Կամ պիտի ստիպենք, որ այդտեղ իրականացնեն այնպիսի աշխատանքներ, ինչը հարիր է Երևան քաղաքին և առհասարակ կանաչապատման ձեռագրին: Մենք չենք կարող մատների արանքով նայել նրան, որ, գտնվելով Երևանի սրտում, նման այգում վարձակալն անի այն, ինչն իր քիմքին է վայել»,- ասաց Արթուր Խալաթյանը:
Երևանի քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Ներսիսյանը ԷկոԼուրի հետ զրույցում ասաց, որ սխալ իրականացված ծառատունկի հեղինակներին ուղարկվել են ծանուցագրեր ծառերը հանելու պահանջով: «Կազմակերպությունն իր հաշվին է իրականացրել այդ ծառատունկը: Բայց ծառերը չորացել են սխալ տնկանյութի ձեռքբերման և սխալ ժամանակահատվածում տնկելու պատճառով: Մի մասը հանվել է, մի մասն էլ, հավանաբար, կհանվի գարնանը: Կոմիտասի անվան պուրակում նախատեսվում է արդիականացված ոռոգման համակարգ ներդնել, հետո միայն կարելի է խոսել կանաչապատման մասին: Ոռոգման նախագիծը պատրաստ է, գարնանն արդեն իրականացվելու են ոռոգման համակարգի անցկացման աշխատանքները»,- ասաց նա:
Փետրվար 16, 2023 at 16:17