

Սիրանույշ Գեւորգյան, ԱրմենիաՆաու
Բնապահպաններն ահազանգում են, որ Երևանի մոտ գտնվող Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում դրությունը ինչպես տարեսկզբին, դարձյալ շարունակում է ծանր մնալ, քանի որ չի բացառվում թունաքիմիկատների արտահոսքը արտաքին մակերևույթ:
Փորձագետները զգուշացնում են, որ Հայաստանում այս տարի կանխատեսվող ցուրտ ձմռանից հետո գարնանային ձնհալը կարող է վտանգավոր արտահոսքի տեղիք տալ:
Այս տարի կառավարությունը 31 մլն 650 հազար դրամ (մոտ 85 հազար դոլար) ծախսեց մոտ 500 տոննա տարբեր տեսակի թունաքիմիկատ պարունակող վնասված գերեզմանի վտանգը չեզոքացնելու համար, քանի որ այն սպառնում էր վերածվել բնապահպանական աղետի:
Տարեսկզբին անհայտ անձինք ներխուժել էին 1980-ականներին կառուցված թունաքիմիկատների գերեզմանոց և ինժեներական ծանր տեխնիկայով անցել գերեզմանոցի վրայով` բաց երկնքի տակ թողնելով պարկերով ու շշերով վտանգավոր թունաքիմիկատները: Ստեղծված իրավիճակն ավելի սրվեց այս տարվա անձրևառատ գարնան պատճառով, քանի որ սողանքային գոտում կառուցված թունաքիմիկատների գերեզմանոցի պարունակությունը սկսեց սողալ ներքև` դեպի Մուշական և Ջրաշեն գյուղեր`առողջապահական վտանգ ներկայացնելով բնակիչների համար:
Կառավարության հատկացված միջոցներով արդեն հուլիսին թունաքիմիկատները հավաքել և նորից թաղել էին, տարածքը մաքրվել էր, պատվել անջրաթափանց շերտով, գերեզմանոցի տարածքը պատվել էր փշալարերով, ինչպես նաև տեղադրվել էին զգուշացնող նշաններ և պահակակետ: Դեռ այն ժամանակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին առաջարկել էին հարցին վերջնական լուծում տալ, քանի որ թունաքիմիկատների գերեզմանոցը կառուցված է սողանքային գոտում, և դրանց արտահոսքի վտանգը միշտ էլ մնալու է:
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպության փորձագետ Լիլիկ Սիմոնյանն «ԱրմենիաՆաուին» ասում է, որ գերեզմանոցը բերվել է նույն վիճակին, երբ դեռ ծանր տեխնիկայով վրայով չէին անցել:
«Կողքից հողը հավաքել, լցրել են գերեզմանոցի վրա, ինչն ավելի է ծանրացրել արտաքին շերտը, այսինքն` սողանքը, որ կար, այժմ ավելի արագ է շարժվում»,- ասում է Սիմոնյանը, որ մոտ երեք շաբաթ առաջ է եղել թունաքիմիկատների գերեզմանոցում:
Գերեզմանոցի ծածկման աշխատանքների ընթացքը գնահատել է նաև Համաշխարհային բանկի փորձագետը: Իր հաշվետվությունում փորձագետը նշել է, որ գերեզմանոցի ծածկման աշխատանքներն իրականացնող ընկերության «աշխատանքի կատարողականը զգալի բարելավման կարիք ունի»: Այլ թերություններից զատ, այդ հաշվետվությունում նշվում է, որ աշխատանքներն իրականացնող ընկերությունը չուներ մանրամասն նախագիծ, որում կնշվեր` ինչպես խուսափել թունաքիմիկատների տարածումից և մաքուր ու աղտոտված հողերն իրար խառնելուց:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամլո քարտուղար Նիկոլայ Գրիգորյանն ասում է, որ Նուբարաշենի գերեզմանոցի խնդիրը քննարկվել է ամսվա սկզբին նախարարությունում կայացած Արտակարգ իրավիճակներին արձագանքող հանձնաժողովի առաջին նիստում, որին ներկա են եղել տարբեր հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«Հանձնաժողովը զեկույցներ պետք է ներկայացնի հետագա հայեցակարգ մշակելու համար»,- ասում է Գրիգորյանը:
Մինչ ԱԻ նախարարությունում վստահեցնում են, որ խնդիրը լինելու է նախարարության ուշադրության կենտրոնում և հարցին գլոբալ լուծում կտրվի, բնապահպան Սիմոնյանը զգուշացնում է, որ ձյան ու անձրևների ժամանակ իրավիճակն ավելի կսրվի:
Նոյեմբեր 24, 2010
