

Panorama.am
Նուբարաշենի սարավանդում տեղակայված մայրաքաղաքի ամենամեծ գերեզմանոցից, որ հիմնված է սողանքային գոտու վրա, դիակները դուրս են եկել հողի մակերևույթ: Նույն գերեզմանոցում իր կատարած ուսումնասիրության արդյունքները այսօր ներկայացնելով լրագրողներին, նման ահազանգ հնչեցրեց աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Էկոլոգիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Աշոտ Խոյեցյանը: «Մենք նկարել ենք և եթե նայեք ֆիլմը, կտեսնեք, որ գերեզմանոցն ամբողջովին դուրս է եկած հողի մակերևույթ: Հոսքի արդյունքում հսկայական ջրի տեղաշարժ է եղել, սահք կա», -հայտարարեց ակադեմիկոսը:
Ասուլիսին ներկա ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության շրջական միջավայրի և կոմունալ հիգիենայի բաժնի պետ Աիդա Պետիկյանը, վկայակոչելով օրենսդրական ակտերը, նշեց, որ գերեզմանատեղերի հատկացման համար հստակ սահմանումներ կան, թե որտեղ և ինչքան տարածք պետք է տրամադրել այդ նպատակով: «Բնականաբար, սողանքային գոտիներում գերեզմանատեղեր չպետք է հատկացվեն», -ասաց տեսչության ներկայացուցիչը` տարակուսելով, թե ինչո՞ւ են այդ վայրում տարածք հատկացրել մարդկանց հուղարկավորելու համար:
Խոյեցյանի խոսքով, գերեզմանատան անմիջապես մոտակայքում կան բնակավայրեր, հողատարածքներ, որտեղ մրգատու ծառեր և ուտելու բույսեր են աճեցվում: «Գերեզմանոցի տարածքին կից արդեն կան բնակավայրեր, հողատարածքներ և այդ հողերի ոռոգման ու գրունտային ջրերի խառնման պրոցեսը ակնհայտ է», -վտանգը ներկայացրեց ակադեմիկոսը` նկատելով, որ օրինաչափության համաձայն, գերեզմանները պետք է 40 մետրով հեռու լինեն գերեզմանատներից:
ԱՆ հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակային վարչության բաժնի գլխավոր մասնագետ Լիաննա Թորոսյանը հայտարարեց, որ այս պահին գերեզմանից սպասվող որևէ համաճարակի բռնկման վտանգ չկա: «Այդ առումով համաճարակային իրավիճակը կայուն է», -հավելեց ԱՆ ներկայացուցիչը: Սակայն տեղի բնակիչներին նա խորհուրդ տվեց մրգեղենն ու բանջարեղենն ուտելուց առաջ անպայմանորեն լավ լվանալ:
Խոյեցյանի մտահոգությունն այն է, որ հողհատկացումները մեր երկրում ճիշտ սկզբունքներով չեն իրականացվում, արդյունքում նման իրավիճակներ են ստեղծվում: «Մեր իրականության մեջ լանդշաֆտային հետազոտման չեն ենթարկվում տեղանքները: Երևանում տարեկան 6-7 հազար մարդ է մահանում: Մեզանում մարդու մահվանից հետո էդ պրոցեսները պաշտանմունք են դառնում` որքան հնարավոր է շատ, մեծ տարածքով հող վերցնել: Ըստ տվյալների, 2020 թվականին 300 հա-ով ավելանալու է գերեզմանների տարածքը, Երևանի 12 տոկոսը գերեզմաններ են լինելու», -հայտարարեց ակադեմկիոսը:
Լիաննա Թորոսյանն ասաց, որ վտանգի մասին հստակ նկարագրություն առողջապահության նախարարությունը չի ստացել: «Պետք է գույքագրում իրականացվի պետք է ուսումնասիրություններ կատարվեն, որ հասկանալի լինի, թե ինչ աստիճանի վտանգ կա», -նշեց նա:
Լուսանկարը www.1in.am կայքի
Հուլիս 14, 2011 at 17:55
