

Ա1+
Բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնը տարածել է հաղորդագրություն.
Մայրաքաղաքի էկոլոգիական բնութագիրը խիստ մտահոգիչ է և առաջացնում է երևանցիների դժգոհությունը: Հիմնական պատճառը քաղաքում իրականացվող հակաէկոլոգիական քաղաքաշինությունն է:
Վերջին տարիներին սկսվեց Երևան քաղաքի այսպես կոչված կետային կառուցապատումը` բարձրահարկ շենքերով, ռեստորանային, առևտրային և այլ համալիրներով, հիմնականում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների և բակերի հաշվին:
Կառուցապատման նմանատիպ խտացումը հանգեցրեց էկոլոգիական և սեյսմիկ ռիսկերի աճին և Երևանը կորցրեց իր կանաչապատ տարածքների համակարգված ցանցը, իսկ Գետառի հունի փակումը և Ավանի հիդրոտեխնիական կառույցի գործունեության խաթարումը հանգեցրեցին սելավների ու հեղեղումների ռիսկի աճին:
Այսպիսով, ներկայումս ստեղծվել է վտանգավոր փակ շղթա. կառուցապատման խտացումը բերում է կոմունալ համակարգի և փողոցների գերծանրաբեռնվածությանը, ուստի ճանապարհները ընդլայնվում են նոր կանաչ տարածքների հաշվին, զարգանում է ստորգետնյա ուրբանիզացիան, մեծացնելով սեյսմիկ ռիսկերը: Թվարկված խնդիրներից հետևում է, որ Երևան քաղաքում և հատկապես կենտրոնում պետք է դադարեցնել որևէ նոր կառուցապատում:
Սակայն ս. թ. հուլիսի 21-ին Երևանի քաղաքաշինական խորհուրդը իր հերթական նիստում «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայանի հարակից տարածքում 7-8 հարկանի հյուրանոցի կառուցման որոշում ընդունեց: Հյուրանոցի կառուցումն հավանության արժանացավ նաև ՀՀ կառավարության օգոստոսի 18-ի նիստում:
Բնապահպանների կարծիքով, հյուրանոցի կառուցումն առաջ է բերելու քաղաքի համար լուրջ խնդիրներ: Այն ավելացնելու է խցանումները, որի պատճառով ավելի շատ է աղտոտվելու է օդային ավազանը, ազդելու է քաղաքի պատմամշակութային տեսքի վրա, ինչպես նաև առաջ են գալու էկոլոգիական և առողջապահական խնդիրներ:
Նոյեմբեր 09, 2011 at 13:42
