«Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ը սողանքային գոտում է կառուցվում

«Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ը սողանքային գոտում է կառուցվում

ԷկոԼուր

«Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ը սողանքային գոտում է կառուցվում: Այս մասին «Հայկական ժամանակ» թերթին ասել է «Ինժեներ-երկրաբան» ընկերության ղեկավար, երկրաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանը: Հիշեցնենք, որ հունիսի 3-ին «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի տարածքում 30 տոննա կշռով ժայռաբեկորը ընկել է էքսկավատորի վրա: Էքսկավատորի վարորդ 27-ամյա Արտյոմ Խալաթյանը մահացել է: Ըստ Ռուբեն Յադոյանի` Գետահովիտը թեժ գոտի է։ «Ամբողջ Աղստևի հովիտը մենք ուսումնասիրել ենք։ Այնտեղ առկա են սողանքների առաջացման բոլոր պայմանները՝ լանջերի թեքություն, ճեղքվածքային գոտիներ, տեղումներ և այլն, սրանք բոլորն էլ սողանքի բուն են… Այդ ՀԷԿ-ի թույլտվությունը ո՞վ է տվել։ Ո՞վ է տվել երկրաբանական հետազոտության եզրակացություն։ Եթե դրանք չկան, կառուցողն էլ պետք է պատասխանատվության ենթարկվի։ Ինչպե՞ս կարող են առանց առաջն առնելու, մարդկային զոհաբերությունների գնան»,– «Հայկական ժամանակ»-ին ասել է Ռուբեն Յադոյանը (Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում)։

«Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ը կառուցում է «Մեգաէներջի» ՍՊԸ-ն: Հասարակայնությունը դեմ է այս ՓՀԷԿ-ի կառուցմանը: Բացի այն, որ ՓՀԷԿ-ը կառուցվում է սողանքային գոտում, այլ նաեւ ՓՀԷԿ-ի կառուցումը մեծ վնաս է պատճառել տեղի բուսականությանը. ծանր տեխնիկան մտել է «Իջևանի» և «Արջատխլենու» արգելավայրերի ու դրանց բուֆերային գոտիների տարածք, աղավաղել անտառային լանդշաֆտը, ոչնչացրել զգալի թվով ծառեր, ինչը նույնպես ակտիվացնում է սողանքային գործընթացները:

Հիշեցնենք, որ Բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի նախագծին:

Հունիս 05, 2013 at 16:12


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր