Ահա թե ինչ ունենք, Հայաստանում ջրային ռեսուրսների վատ կառավարման արդյունքում

Ահա թե ինչ ունենք, Հայաստանում ջրային ռեսուրսների վատ կառավարման արդյունքում

ԷկոԼուր

Մարտի 22-ը աշխարհը նշում է որպես Ջրի համաշխարհային օր։ Այն կոչված է մարդկանց ուշադրությունը հրավիրելու ջրային ռեսուրսների պահպանման կարեւորության վրա եւ նպաստելու մեր մոլորակի ջրային ռեսուրսների կայուն կառավարմանը։ Իսկ ինչպե՞ս է Հայաստանում իրականացվում ջրային ռեսուրսների պահպանումը եւ կառավարումը եւ ինչպիսին է ջրային ռեսուրսների վիճակը Հայաստանում։ Պարզվում է, որ մեզ մոտ ամեն ինչ այնքան էլ լավ չէ։ Ջրի համաշխարհային օրվա նախօրեին՝ մարտի 18-ին, մեր երկրում հավաքվեցին պետական մարմինների, միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչները՝ քննարկելու  Արարատյան դաշտում ջրային ռեսուրսների վիճակը (ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի շրջանակներում իրականացված «Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների գնահատում» ուսումնասիրության վերջնական արդյունքների ներկայացում)։ Պարզվեց, որ այստեղ ջրի վատ կառավարման, անվերահսկելիության եւ գերշահագործման պատճառով լուրջ խնդիրներ են առաջացել։ Ջուրը կտրուկ պակասել է։

«1981-2013թթ. Էջմիածնի տարածաշրջանում ստորերկրյա ջրերի մակարդակները հորատանցքերում  նվազել են 2,5-11,7 մետրով, ինչն ուղեկցվել է ջրերի ծախսի  34,0-168,0 լ/վրկ նվազումով, իսկ Մասիսի տարածաշրջանում մակարդակները  նվազել են 3,9-15,0 մետրով, ինչն ուղեկցվել է ջրերի ծախսի  43,7-198,0 լ/վրկ նվազումով»,- քննարկման  ընթացքում ահազանգեց  «Հայջրնախագիծ ինստիտուտ» և «Մել-Հով» ընկերությունների կոնսորցիումի հիդրոերկրաբան Աշոտ Սարգսյանը: Նա փաստեց, որ ջրային ռեսուրսները ոչ միայն գերշահագործվել են, այլ դա տեղի է ունեցել անհավասարաչափ, ինչպես նաև խախտված է շահագործման ռեժիմը եւ նույնիսկ հստակեցված չէ, թե իրականում որքան է կազմում ջրառը։

«Ամբողջ Արարատյան դաշտում ընդհանուր ջրառը 2013թ-ի դրությամբ կազմել է 55.6 խմ /վրկ: Մենք գտնում ենք, որ այս ջրառը իրական պատկերը չի ներկայացնում, քանի որ մեզ տրամադրված նյութերը և մեր վերլուծությունները ցույց են տվել, որ այդ տվյալները ամբողջական չեն, և, մեր կարծիքով, իրական ջրառը մոտավորապես 20 տոկոսով ավելի է, քան այս  55.6 մ 3 /վրկ: Միայն ձկնաբուծության նպատակով 2007 թ-ին օգտագործվել էր 12.7 խմ /վրկ, իսկ 2013թ-ին արդեն  35.5 մ 3 /վրկ: Արդեն միայն ձկնաբուծության ջրառը գերազանցում է թույլատրելի շահագործման ռեժիմը»,- ասաց Աշոտ Սարգսյանը:

Ըստ մասնագետի՝ ջրի գերշահագործման արդյունքում Արարատյան դաշտում ինքնաշատրվանող գոտու տարածքը մոտ 3 անգամ կրճատվել է: Ինքնաշատրվանող հորատանցքեր ունեցող 44 համայնքներից այսօր 31-ը լիովին կամ մասամբ զրկվել են ինքնաշատրվանող հորատանցքերից օգտվելու հնարավորությունից: Էջմիածնի տարածաշրջանում տեղի է ունեցել 303 ինքնաշատրվանող հորատանցքերի  մակարդակների  նվազում և ելքերի կրճատում մինչև 10 անգամ: Խմելու,կենցաղային և ոռոգման նպատակով օգտագործվող 122 հոր չի շատրվանում: Ձկնաբուծության նպատակով հորատված 127 հորատանցք չի շատրվանում:  1983-2013թթ. տեղի է ունեցել Սևջուր-Ակնալիճ աղբյուրների ելքերի կրճատում մոտ 6 անգամ: Վտանգված է 29 համայնքների 8180 հա հողատարածքների ոռոգումը:

Արարատյան դաշտի ջրի խնդիրը լուծելու համար ՀՀ կառավարությունը ձեռք է գցում մեր երկրի քաղցրահամ ջրի ռազմավարական պաշարին՝ Սևանա լճին, որից նախատեսում է Արարատյան դաշտի ոռոգման համար օրենքով նախատեսված 170 միլին խմ ծավալով ջրառն ավելացնել՝ 5 տարի ժամկետով Այն հասցնելով 240 միլիոն խմ ծավալի։ Սա էլ իր հերթին կվտանգի Սևանա լիճը, որտեղ ճահճացման գործընթացներ են ընթանում։

Իշխանությունները միջոցառումներ են սկսել ձեռնարկել Արարատյան դաշտը ջրային աղետից փրկելու համար, փակվում են ապօրինի հորեր, բանակցություններ են տարվում ձկնաբուծարանների հետ, որոնք առաջարկում են ջրի ծախսը 50 տոկոսով նվազեցնել եւ այլն, բայց դեռ դրական արդյունք չկա։ Փաստը մեկն է, ջուր չկա։

Մարտ 24, 2014 at 15:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր