

ԷկոԼուր
Համահայկական բնապահպանական ճակատի կամավորները սույն թվականի նոյեմբերի 22-ի Լոռու մարզի Ստեփանավանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերել են ավելի քան 1030 ապօրինի հատված ծառ, որոնցից 870-ը` թարմ հատված: Հատված ծառերի տրամագծերը կազմել են 10-130 սմ։
Ինչպես ԷկոԼուրի հետ զրույցում հայտնեց Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը, հատված ծառերի վրա իրենք կնիքներ չեն տեսել: Միայն մի քանի տեղ կանաչ գույնով անհասկանալի գրառումներ են նկատել:
Օրինական հատվող ծառերը պետք է կնքված լինեն, եւ այդ կնիքները հատելուց հետո կոճղի վրա պետք է երեւան:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարին տված հարցազրույցում նշել է. «Հատատեղային ֆոնդի ծառը, որ պիտի հատվի, կնքվում է, բայց հատումն իրականացրել են կնքված նշանից ներքեւ: Սա, այսինքն, աշխատանքային թերություն է»:
Ըստ Լեւոն Գալստյանի` «Անտառների հասարակական մոնիտորինգ» ծրագրի կամավորները Լոռու, Տավուշի եւ Սյունիքի մարզերում 2015թ-ին հայտնաբերել են մոտ 2500 ապօրինի հատված ծառ: Մինչդեռ պաշտոնական տվյալներով` 2015թ-ին ապօրինի հատվել է 1273 ծառ:
Նշենք, որ 2016թ-ի բյուջեի նախագծով Հայաստանում անտառատնկումների համար գումար նախատեսված չէ: 1 միլիարդ 201 միլիոն դրամ ուղղվելու է անտառային տնտեսության աշխատողների աշխատավարձի ապահովմանը, 54 միլիոն 656 հազար դրամ`անտառների ապօրինի հատումների, բնափայտի անօրինական տեղափոխման, իրացման, անտառածածկ տարածքների, բնափայտի պաշարների, անտառների ու անտառային հողերի քանակական ու որակական փոփոխությունների, անտառվերականգնման, անտառային հրդեհների, հիվանդությունների և վնասատուների տարածվածության և բացասական այլ գործողությունների վերաբերյալ տվյալների հավաքագրմանը:
Նոյեմբեր 23, 2015 at 12:32
