ԹՈՒՆԱՎՈՐ ԱՄՊԸ ՈՂՋԱԲԵՐԴԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻՑ ՏԱՐԱԾՎԵԼ Է 10 ԿՄ ՇԱՌԱՎՂՈՎ

ԹՈՒՆԱՎՈՐ ԱՄՊԸ ՈՂՋԱԲԵՐԴԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻՑ ՏԱՐԱԾՎԵԼ Է 10 ԿՄ ՇԱՌԱՎՂՈՎ

ԷկոԼուր

Թունավոր ամպը Ողջաբերդի գերեզմանոցից տարածվել է 10կմ շառավղով: Այդ մասին վկայում են տխրահռչակ Ողջաբերդի գերեզմանոցից  հենց այդ տարածության վրա գտնվող Մուշականի բնակիչները: «Մեր կանայք գնացին գերեզմանոցի ուղղությամբ գարնանային կանաչի հավաքելու: Ծանր հոտ առան: Երբ վերադարձան, ասացին, որ ինչ-որ բան այն չէ: Եւ գերեզմանաթումբի տեսքն էլ սովորականի նման չէ,- պատմում է Մուշականի համայնքապետ Սվետա Ասլանյանը,- հետո գյուղում կով սատկեց, որը գերեզմանոցի կողքին էր արածել»: Անհանգստացած Սվետա Ասլանյանը դիմեց Երեւան քաղաքի Էրեբունի համայնքին, կապնվեց հարեւան գյուղերի գյուղապետարանների հետ: Եւ միայն վերջերս Էրեբունու սանէպիդկայանից  տեղեկատվություն ստացավ այն մասին, որ պետք է զգույշ լինել, կանաչի չհավաքել, անասուններին գերեզմանոցի հարակից տարածքներում չարածեցնել: 

«ԷկոԼուր»-ի հետ զրույցում «Կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լիլիկ Սիմոնյանը հայտնեց, որ Մուշականի, Վերին Ջրաշենի եւ ամառանոցների բնակիչների շրջանում անցկացված հարցման արդյունքում պարզ դարձավ, որ Մուշականի բնակիչները զգացել են հոտը, բայց չեն հասկացել, թե այն որտեղից է, քանի որ շատերն ընդհանրապես չեն իմացել գերեզմանոցի գոյության մասին: «Մենք կարծում ենք, որ բնակչությանը զգուշացնելու միջոցառումները պետք է վաղուց ձեռնարկվեին, բայց պետական մարմինները դանդաղում են»,- ասաց Լիլիկ Սիմոնյանը: Կազմակերպությունը տիրապետում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի 2010թ. ապրիլի 17-ի փորձագիտական գնահատականներին: Նախնական տվյալների համաձայն` գերեզմանոցի տարածքի մակերեսից վերցված նմուշները պարունակում են մկնդեղի, սնդիկի, ԴԴՏ-ի, ֆոսֆորի օքսիդի մեծ չափաբաժին:

Ցավոք, պետական կառույցները շարունակում են զարմանալի հանգստություն դրսեւորել գերեզմանոցի նկատմամբ` չնայած ԵԱՀԿ-ի միջազգային փորձագետ Ջոն Վիգենի եզրակացությանը, որը իրավիճակը բնութագրում էր որպես էկոլոգիական աղետ:

Նշենք, որ Օրհուսի կոնվենցիայով, որը Հայաստանը վավերացրել է 2001թ., լիազորված պետական կառույցները` այս դեպքում  ՀՀ բնապահպանության եւ առողջապահության նախարարությունները, պարտավոր են գոյություն ունեցող ռիսկերի մասին տեղեկատվություն տարածել բնակչության շրջանում եւ շտապ միջոցառումներ ձեռնարկել` նվազեցնելու այդ ռիսկերրը: Հենց դրա մասին է խոսում միջազգային փորձը, որին երկու նախարրությունների ներկայացուցիչները լավ ծանոթ են  բազմաթիվ միջազգային գիտաժողովներից եւ ծրագրերից, որոնց նրանք ակտիվորեն մասնակցում են` հաճախ չներկայացնելով, թե ինչ է կատարվում սեփական երկրում:

Ապրիլ 27, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր