Արդվի համայնքն ունի էկոտուրիզմի զարգացման մեծ ներուժ

Արդվի համայնքն ունի էկոտուրիզմի զարգացման մեծ ներուժ

ԷկոԼուր

Արդվի համայնքն ունի էկոտուրիզմի զարգացման մեծ ներուժ։

Լոռու մարզի Արդվի համայնքը ընտրվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Գյուղական տուրիզմի ինտեգրված զարգացում» ծրագրի կողմից գյուղական և էկոտուրիզմի զարգացման համար:
«Արդվին իսկական էկո-գյուղ է, էկոտուրիզմի համար շատ հետաքրքիր գոտի: 200 բնակիչ ունեցող այդ փոքր գյուղը շատ մեծ հնարավորություններ ունի: Այնտեղ արտադրում են էկոլոգիապես մաքուր ապրանքներ, ջուրը գալիս է սարերից, իրենց արտադրանքի մեջ քիմիական տարրեր գրեթե չեն օգտագործում: Արդվիի եկեղեցին ունի դարերի պատմություն, «Օձի պորտ» կոչվող սարից մի հիասքանչ տեսարան է բացվում՝ Լոռու բնությունն ուսումնասիրելու համար: Մենք բանակցում ենք տուրիստական մի կազմակերպության հետ, որպեսզի այնտեղ հատուկ նշաններով արահետ կառուցենք, սարի վրա դիտակետ ստեղծենք: Ստեղծելու ենք նաև գյուղական հյուրատներ, որպեսզի նաև զարգացնենք այդ մշակույթը, ցույց տանք գյուղական օրգանական սննդի առավելությունները: Արդվիի երիտասարդների հետ կփորձենք վերականգնել և ցույց տալ Լոռվա ավանդույթները՝ ծեսերը, տոները: Մտադիր ենք նաև ստեղծել փոքր առևտրային կետեր», - Արդվի համայնքի համար հեռանկարները ԷկոԼուրի հետ զրույցում ներկայացրեց «Գյուղական տուրիզմի ինտեգրված զարգացում» ծրագրի համակարգող Արման Վալեսյանը:
Արման Վալեսյանը տեղյակ է Արդվի համայնքում Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու մտադրության մասին: «Դժվարանում եմ ասել, թե հանքարդյունաբերական ծրագիրն ինչ ազդեցություն կարող է ունենալ գյուղական տուրիզմի զարգացման ներուժի վրա: Արդյունաբերական գոտիները դժվար է հրապուրիչ դարձնել զբոսաշրջիկների համար: Օրինակ, Լոռու մարզում Ուրասար գյուղն ունի չքնաղ բնություն, և այնտեղ մենք ցանկություն ունեինք զարգացնել գյուղական տուրիզմը: Սակայն պարզվեց, որ 400-500 մետր հեռավորության վրա կա բաց բազմամետաղային հանք, և այդ պատճառով համայնքը չընդգրկվեց մեր ծրագրում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Արդվի համայնքի բնակիչները դեմ են հանքարդյունաբերական ծրագրի իրականացմանը և թույլ չտվեցին ընկերությանը մտնել Արդվի և անցկացնել հանրային քննարկումներ: Բնակիչները նամակով դիմել են ՀՀ կառավարություն` ընկերության հայտը մերժելու պահանջով:

Օգոստոս 03, 2017 at 11:45


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր