«Պետք է տրամաբանության չափով լեգալիզացնել անտառահատումները». վարչապետ Կարեն Կարապետյան

«Պետք է տրամաբանության չափով լեգալիզացնել անտառահատումները». վարչապետ Կարեն Կարապետյան

ԷկոԼուր

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:
Ինչպես տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից, առաջին հանձնարարականն անտառօգտագործման ծավալների և պատասխանատվության միջոցների կատարելագործման վերաբերյալ էր:

«Անտառների կառավարման և պահպանման արդյունավետության բարձրացման և առկա խնդիրների լուծման նպատակով տրվել էր համապատասխան հանձնարարական։ Մոտ ժամանակներս շահագրգիռ մարմինների հետ ամբողջությամբ քննարկված և լրամշակված հայեցակարգը կներկայացվի կառավարության աշխատակազմ: Միաժամանակ, իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ մի կողմից ապօրինի ծառահատումների համար սահմանված վարչական և քրեական պատասխանատվության միջոցները չեն նպաստում դրանց կանխարգելմանը, մյուս կողմից՝ վերջին տարիներին ավելի քան երեք անգամ նվազեցվել են բնափայտի մթերման օրինական ծավալները», - նշել է Կարեն Կարապետյանը:

Հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները և դրանց լուծման հրատապությունը՝ վարչապետը հանձնարարել է Բնապահպանության, Գյուղատնտեսության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին շարունակել անտառամերձ համայնքների բնակիչներին թափուկի անվճար տրամադրման գործընթացը՝ առաջնայնությունը տալով սոցիալապես խոցելի խմբերին, միաժամանակ ապահովելով այդ գործընթացի թափանցիկությունը: Հանձնարարվել է նաև 10-օրյա ժամկետում համատեղ քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել բնափայտի օրինական մթերման վերանայված և օպտիմալ ծավալները՝ հիմնված բնական վերաճի և սահմանափակումների վրա: Վերոնշյալ գերատեսչությունների ղեկավարները 2-ամսյա ժամկետում համատեղ կմշակեն և կառավարության աշխատակազմ կներկայացնեն ապօրինի անտառհատումների վերաբերյալ վարչական և քրեական պատասխանատվության միջոցների հստակեցման և խստացման վերաբերյալ իրավական ակտի նախագծեր:

«Հաշվի առնելով շուկայի իրական ծավալները, գնահատելով ստվերը՝ մենք պետք է «Հայանտառ»-ում բարեփոխումներ կատարենք, տրամաբանության չափով լեգալիզացնել անտառահատումները, ֆինանսական միջոցներ ուղղենք «Հայանտառ», որպեսզի վերջինս պատրաստ լինի գույքով և անհրաժեշտ գործիքներով մաքսիմալ կոշտ հսկողություն իրականացնելու»,- ընդգծել է վարչապետը:

Նշենք, որ ներկայում շրջանառության մեջ է «Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգ» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը, որով առաջարկվում է Հայաստանի բոլոր անտառները` այդ թվում բնության հատուկ պահպանվող տարածքների անտառները, հանձնել մեկ մարմնի կառավարմանը:

Լուսանկարը` ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջից

Հոկտեմբեր 19, 2017 at 16:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր