

ԷկոԼուր
Արդեն 13 տարի Դալմայի այգիների նախկին հողօգտագործողները պայքարում են իրենցից խլած հողերի դիմաց փոխհատուցում ստանալու համար: Նրանք հունվարի 26-ին հավաքվել էին ՀՀ նախագահական նստավայրի հարևանությամբ` իրենց հայտնի կանաչ պաստառով ՀՀ նախագահին հիշեցնելու Դալմայի այգիների հետ կապված խնդիրները:
«Մեզ պայմանագրով տրված Դալմայի այգիների հողերը, դեռ պայմանագրի ժամկետը չլրացած, մեր ձեռքից խլել են, տվել են մեծահարուստ ներդրողներին, հիմա պետք է դրա դիմաց փոխհատուցում տան: Մենք եկել ենք, որ նախագահը միջամտի, ասի, որ մեր արժանի փոխհատուցումը տան: 2004 թվականից մենք պայքարում ենք: 48 հողօգտագործող ենք եղել, 38-ին փոխհատուցում տվել են, մնացել ենք 11 հոգիս»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Դալմայի այգիների նախկին հողօգտագործող Մանվել Արզոյանը: Նա նշեց, որ իր վարձակալած 2500 քմ հողատարածքի դիմաց իրեն վճարել են 900 դոլլար, դեռ 1500 դոլլար էլ պետք է վճարեն:
«Իմ հողը հատկացրել են հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` առանց ինձ փոխհատուցում տալու: Քաղաքապետարանը մյուս ինվեստորներին դատի է տվել` փոխհատուցումը ստանալու համար, իսկ իմ դեպքում չեն կարող Ռոբերտ Քոչարյանին դատի տալ: Իմ հարցը մնացել է: Իմ հողատարածքը 2000 քմ է: Իմ այգում եղել է մոտ 720 հատ խաղողի թուփ, պոպոկի ծառներ են եղել, տանձ է եղել, խնձոր է եղել: Իսկ հիմա այդ տարածքում Ռոբերտ Քոչարյանի դաչան է, այնտեղ է ապրում»,- ասաց նախկին հոօգտագործող Բենիկ Փալազյանը:
«2005 թվականին 700 քմ հողատարածքի համար փոխհատուցում ստացել եմ` ներդրողի հետ խոսելով: 1240 քմ հողատարածքի համար պիտի փոխհատուցում տան: 1991 թվականին, երբ հողատարածքը վարձակալեցի, անմշակ էր, ես դարձրել եմ լիարժեք այգի: 2004թ-ի գարնանը գլխի ընկա, որ ծածուկ վաճառել են…: Ցանկապատ են կառուցել 5000 քմ մակերեսի վրա, ներսում ոչ մի գործ չի կատարվում»,- ասաց Վախթանգ Արշակյանը:
«Իմ այգու տարածքը 1500 մ քառակուսի է, ինձ ոչինչ չեն փոխհատուցել: Ջրերը կտրեցին, ծառերս չորացան, կիլիկիացիները կտրեցին, տարան, վառեցին: Այսօր մենակ ավել է աճում»,- ասաց Սարգիս Գրիգորյանը:
Հողօգտագործողները նշեցին, որ 2017թ-ի վերջին փոխհատուման պահանջով նամակ են ուղարկել ՀՀ կառավարություն: Պատասխանել է Երևանի քաղաքապետարանը` ասելով, թե խնդրով զբաղվում են: Ըստ հողօգտագործողների` Երևանի քաղաքապետարանը Դալմայի այգիների ներդրողներից դատական կարգով է փորձում ստանալ իրենց փոխհատուցումները:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը 2004թ-ից սկսած Դալմայի հողերը վաճառել է տարբեր անձանց և կազմակերպությունների` հողօգտագործողներին զրկելով իրենցիրավունքներից: Վարձակալների հայցերով տեղի են ունեցել բազմաթիվ դատական գործընթացներ: Սակայն նրանց` հողի նկատմամբ իրավունքը չի վերականգնվել: Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն 2008թ. որոշում է ընդունել, որի համաձայն Դալմայի այգիների հետ կապված Հայաստանը խախտել է Օրհուսի կոնվենցիայի դրույթների մի քանի կետեր:





Հունվար 29, 2018 at 17:40
