Ահազանգ` Նորագավիթի մշակովի հողատարածքները ծածկվում են աղբով (Լուսանկարներ)

Ահազանգ` Նորագավիթի մշակովի հողատարածքները ծածկվում են աղբով (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Նորագավիթ թաղամասի բնակիչ Էդգար Նազարյանը  ԷկոԼուրին ահազանգում է  Նորագավիթում մշակովի հողատարածքների աղբով ծածկվելու մասին:

Իր նամակում Նորագավիթի բնակիչը գրում է. «Նորագավիթի գերազմաներին հարակից Արտաշատի խճուղու մի մեծ հողատարածք կամաց-կամաց դառնում Է աղբանոց: Ասածս չափազանցված չէ: Այդ տարածքը խճուղուց երևում է և մոտ է նոր գերեզմաներին: Երբ անկախացանք, այդ հողատարացքը և հարակից հողատարածքները վարձակալական հիմունքերով տրվեց Նորագավիթի բնակչությանը՝ մշակելու համար: Աղբավայրի տարածքը հարթ վարելահողեր էին, որտեղ ցանում էին ցորեն և մշակում էին տարբեր տեսակի բանջարաբոստանային կուլտուրաներ: Մոտավորապես մի 10 տարի առաջ հողամասին հարակից՝ խճուղու կողքը, կամաց-կամաց տեղի բնակիչները և այլոք սկսեցին կենցաղային աղբ թափել: Մաքրասիրությունից զուրկ շատերը սկսեցին այդտեղ աղբ թափել և այդպիսով աղբը շատացավ: Շենգավիթի պատասխանատուն ասել էր, թե դա մեկի տարածքն է, և տարածքի տերը բերում, մաքրում, բայց նորից աղբ են թափում: Ես այդ մաքրածը այսքան ժամանակ չեմ տեսել: Մի 2 տարի առաջ էլ նրանց, ովքեր նմանատիպ հողեր ունեին, առաջարկեցին, որ վաճառեն իրենց հողերը՝ այդ տարածքներում ջերմոցային տնտեսություններ հիմնելու համար: Բայց ոչ մի ջերմոց էլ չստեղծեցին: Անտեր մնացած հողամասերն էլ կամաց-կամաց դառնում են աղբավայր: Այս տարի մարտ ամսին ես ահազանգեցի այս խնդրի վերաբերյալ:  Քաղաքապետարանը փողոցին կից մոտ 10 մետր տարածության վրա տրակտորով հարթացրեց, և գրեցին, թե մաքրել ենք, որը բացահայտ սուտ էր: Հիմա արդեն օր օրի ավելանում է այդ մաքուր մշակովի հողատարածքների աղտոտումը: Համարյա շաբաթը մի քանի անգամ բեռնատարներով ով ասես, ինչ կարգի շինաղբ ասես բերում և լցնում է այդ մաքուր, անմշակ հողերի մեջ: Եվ արդեն այն աստիճանի են լկտիացել, որ աղբը թափելով բերել հասցրել են նոր գերեզմանների մոտ»:

Էդգար Նազարյանը առաջին անգամը չէ, որ ահազանգ է հնչեցնում տվյալ խնդրի վերաբերյալ, սակայն ցանկալի արձագանքը չկա:

Լուսանկարները` Էդգար Նազարյանի

Սեպտեմբեր 10, 2014 at 12:45


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր