Հերթական ռեստորանի կառուցումը հերթական կանաչ գոտում

Հերթական ռեստորանի կառուցումը հերթական կանաչ գոտում

ԷկոԼուր

«ԷկոԼուր»-ն ահազանգ ստացավ Սուրենյան փողոցի բնակիչներից, որ փետրվարի 6-ին և 7-ին իրենց այգու բավականին մեծ հատված «զոհաբերվել է ինչ-որ հզոր ուժերի, որոնք արդեն իսկ ցանկապատել են այդ տարածքը, որը ներառում է մեծ քանակությամբ մեծ ու փոքր ծառեր»: Ըստ բնակիչների`մի քանի տարի առաջ այգում  ծառատունկ էր իրակականցվել, եւ այստեղ իրենց հանգիստն են անցկացում շրջակայքի 8 բարձրահարկ շենքերի բնակիչները:  Բնակիչները բողոքում են հանրային նշանակության տարածքում հերթական ռեստորանի կամ սրճարանի կառուցման դեմ:

«ԷկոԼուր»-ի ահազանգի հիման վրա ՀՀ ԲՆ բնապահպանական տեսչության Երևանի Տարածքային Բաժնի աշխատակիցների կողմից կատարվել է տեղազննում: Ինչպես հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արծրուն Պեպանյանը, այգու տարածքում ծառահատման, կանաչ տարածքների ոչնչացման դեպք չի արձանագրվել: Իսկ ինչ վերաբերում է այդ տարածքի ցանկապատմանը կամ այն վերացնելու բնակիչների բարձրացված հարցին, ապա դա ՀՀ բնապահպանության նախարարության իրավասության շրջանակներում չէ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանեցին. « Ն.Սուրենյան փողոց հ.4/2 հասցեում կառուցվող հասարակական նշանակության օբյեկտի վերաբելյալ 10.02.2012թ. Երևանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցման վերաբերյալ քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը տեղեկացնում է, որ Ն.Սուրենյան փողոց հ.4/2 հասցեում գտնվող 705.6քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով պատկանում է «Մեծ Մհակ» ՍՊԸ-ին (կառուցապատման իրավունքի պետական գրանցման վկայական հ.2607315 տրված 10.08.2009թ.), եւ նույն հասցեում հասարակական նշանակության օբյեկտի կառուցման շինարարական աշխատանքներն իրականացվելու են Երևան քաղաքապետարանի հետ 30.01.2012թ. համաձայնեցված հ.01/18-05/2-3627-38 նախագծի և կառուցապատող «Մեծ Մհակ» ՍՊԸ-ին 30.01.2012թ. տրված հ.01/18-3627-34 շինարարության թույլտվության հիման վրա։

Համաձայն հաստատված նախագծում ներկայացված նկարագրության` կառուցապատման համար նախատեսված հողամասը փաստացի հանդիսանում է անբարեկարգ հողատարածք և կառուցապատումը նախատեսված է իրականացնել հիշյալ հողամասի մինչև 50% մակերեսի վրա, որի արդյունքում պետք է կառուցվի 1 նկուղային (ավտոկանգառ), 1 կիսանկուղային, 3 վերգետնյա, և 1 տեխնիկական հարկերով կառույց, որի նպատակով էլ կառուցապատողի կողմից սահմանազատվել է շինարարական հրապարակը»:

Լուսանկարները`Գայանե Գեւորգյանի եւ Արեւիկ Հովսեփյանի

Փետրվար 14, 2012 at 17:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր