Հայաստանում կիրառվում են թունաքիմիկատներ, որոնք խաթարում են հորմոնալ համակագը

Հայաստանում կիրառվում են թունաքիմիկատներ, որոնք խաթարում են հորմոնալ համակագը

ԷկոԼուր

ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից օգտագործման համար  թույլատրված թունաքիմիկատներում կան քայքայիչներ, որոնք ազդում են մարդու հորմոնալ համակարգի վրա եւ առաջացնում են առողջական խնդիրներ: Այս մասին հուլիսի 10 –ին տեղի ունեցած «Հորմոնալ համակարգի աշխատանքը խաթարող քիմիկատները» թեմայով կլոր սեղան քննարկման ժամանակ  ասացին «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի բժիշկ-փորձագետներ Լիլիկ Սիմոնյանը եւ Քնարիկ Գրիգորյանը: «Որպես թիրախ այդ քիմիկատները խաթարում են հորմոնալ համակարգը, որը նյարդային համակարգի հետ կարգավորում է մեր օրգանիզմի ամբողջ աշխատանքը, այսինքն` աճի համար է պատասխան տալիս, զարգացման համար եւ վերարտադրողականության համար: Կարող է առաջացնել սաղմի զարգացման խանգարումներ, վիժում, վաղաժամ ծննդաբերություն, երեխայի քաշի պակաս,  բնածին արատներ,  սեռական զարգացման խանգարումներ, տղամարդկանց մոտ սերմնահեղուկի ցածր որակ, շականակագեղձի քաղցկեղ, կանանց մոտ կրծքագեղձի, ձվարանների, վահանգեղձի քաղցկեղ»,- ասաց Քնարիկ Գրիգորյանը:

Մասնագետները ընդգծեցին հատկապես մոլախոտսպան,  միջատասպան եւ սնկասպան թունաքիմիկատների վտանգավորության մասին: ՀՀ ՀՀում օգտագործման համար թույլատրված և հորմոնալ համակարգի խանգարումներ առաջացնող  թունաքիմիկատներից են`

  • հերբիցիդներ` (մոլախոտասպաններ)

2,4-Դ ամինային աղ, բյուկտրիլ Դ, դեզորմոն, դիալեն, դիկամին Դ, վալսամին, դեմին, ագրոցիդ, դիալեն սուպեր, ամինա,

զենկոր, զենորին (մետրիբուզին պարունակող)

  • ֆունգիցիդներ`20 տարբեր անվանումներով  մանկոզեբ պարունակող պատրաստուկներ:

ԷկոԼուր.

-Արդյո՞ք թունաքիմիկատներն օրգանիզմ են ներթափանցում միայն բույսերի սրսկման կամ դրանց արտադրության ժամանակ, թե՞ նաեւ սննդի միջոցով:

Քնարիկ Գրիգորյան.

- Ազդեցություն կարող է լինել եւ սրսկման պահին, եւ թունաքիմիկատների արտադրության մեջ բանվորները կարող են ախտահարվել: Եւ ինչու չէ, եթե մնացորդային քանակները գերազանցում են սահմանային թույլատրելի խտությունները, կարող են վտանգվել այն մարդիկ, ովքեր օգտվում են այդ սննդատեսակներից: Ավելի մեծ կոնցենտրացիան նստում է կեղեւի վրա, դրա համար եթե մենք լավ լվանում ենք, կեղեւազրկում ենք մեր բաջարեղենը, կարող ենք որոշ չափով կասեցնել թունաքիմիկատների մուտքը մեր օրգանիզմ:

ԷկոԼուր.

Թունաքիմիկատներին այլընտրանք կա՞:

Քնարիկ Գրիգորյան.

-Կան բուսական թուրմեր, դա մի քիչ աշխատատար է, հավաքել է պետք, չորացնել, թուրմ պատրաստել, սրսկումը ավելի հաճախակի անել, քան թունաքիմիկատների դեպքում:  Օրինակ, օշինդրով պատրաստված թուրմերը, սխտորը, երիցուկը:

Ներկայումս հայտնի է 800-1000 քիմիկատ, որոնք կարող են ազդեցություն ունենալ մարդու հորմոնալ համակարգի վրա:

Հուլիս 10, 2015 at 17:25

SOS

Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր