

Մեդիամաքս
Ավստրիայի Կիրառական բնապահպանության ինստիտուտի աշխատակից Անտոնինա Վենիշը կարծում է, որ հայկական ատոմակայանը «ամենավտանգավորներից մեկն է աշխարհում»:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այդ մասին նա ասել է National Geographic ամսագրի օն-լայն տարբերակի հետ հարցազրույցում: Նրա խոսքերով, չնայած կայանի անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքներին, «անվտանգության ընդհանուր մակարդակը էական փոփոխությունների չի ենթարկվել»:
Անտոնինա Վենիշը մատնանշել է Հայաստանի պատրաստած հաշվետվությունը ատոմային անվտանգության միջազգային կոնվենցիայի համար, որում ռեակտորի միջուկի վնասման հավանականությունը գնահատվում է 2 դեպք 10.000 տարվա ընթացքում: Նրա խոսքով, ընդունելի մակարդակն է 1 դեպք 10.000 տարվա ընթացքում: Իսկ Ամերիկայի Էլեկտրական էներգիայի հետազոտման ինստիտուտի հաշվետվության համաձայն, ԱՄՆ-ում ռեակտորի միջուկի վնասման հավանականությունը գնահատվում է 2 դեպք 50.000 տարում:
National Geographic-ը մեջբերում է ատոմային էներգետիկայի ամերիկացի փորձագետ Ռոբերտ Կալանթարիի` ԱՄՆ-ի եւ Կանադայի կարգավորիչ իշխանություններին խորհրդատվություն տրամադրող Engineering Planning and Management ընկերության սեփականատիրոջ խոսքերը: Նա ասում է, որ Հայկական ատոմակայանը ոչնչով չի զիջում աշխարհի մյուս կայաններին: Նա վստահություն է հայտնել, որ արտակարգ իրավիճակների դեպքում կայանը կշարունակի անվտանգ գործել:
«Մեծամորի կայանը պակաս անվտանգ չէ, քան աշխարհի ցանկացած այլ կայան»,- ասել է Ռոբերտ Կալանթարին:
National Geographic-ի «Հայկական ատոմակայանն արդյո՞ք ամենավտանգավորն է աշխարհում» (Is Armenia's Nuclear Plant the World's Most Dangerous?) հոդվածը հասանելի է http://news.nationalgeographic.com/news/energy/2011/04/110412-most-dangerous-nuclear-plant-armenia/ հասցեով:
Ապրիլ 18, 2011
