

ԷկոԼուր
Գեղարքունիքի մարզի հինգ համայնքների` Գեղհովիտի, Մադինայի, Վերին Գետաշենի, Ներքին Գետաշենի, Վաղաշենի անունից «ԷկոԼուր»-ը տվյալ նյութը հարցման տեսքով ուղարկում է ՀՀ տարածքային կառավարման նախարարություն, ՀՀ բնապահպանության նախարարություն, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն, ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողով:
«Սեւանի հարցը շատ սուր է: Գումարներ են ծախսվում, ճանապարհներ են տեղափոխվում, անտառներ են հատվում: Ամեն ինչ արվում է, որպեսզի Սեւանը փրկվի: Վայոց Ձորից թունել կառուցեցին (Արփա-Սեւան), որպեսզի Սեւանին ջուր տան, իսկ այստեղ ինչ-որ մեկը գետը Սեւանից շեղում է դեպի Կասպից ծով»: Գեղարքունիքի փոխմարզպետ Վարդան Ղուկասյանի այս հայտարարությունը հնչեց Գավառի Օրհուս կենտրոնում` Սելիմի լեռնանցքի շրջանում գտնվող Արգիճի գետի վրա փոքր ՀԷԿ –ի կառուցման խնդրի վերաբերյալ համայնքների ներկայացուցիչների եւ «ԷկոԼուր»-ի աշխատանքային խմբի հանդիպման ընթացքում:
Ահազանգը հնչեցրել էին տեղի բնակիչները: «Մենք այդ մասին պատահաբար իմացանք. տեսանք, որ մեծ շինարարություն է գնում»,- ասում է Ներքին Գետաշենի համայնքապետ Կարո Գեւորգյանը: Լուսանկարներում (տես ֆոտոռեպորտաժը www.ecolur.org կայքում) կարելի է տեսնել պատրաստի պատվարը եւ 1,5 կմ երկարությամբ փորված կանալը, որը պետք է գետը շեղի իր նախկին հունից եւ հոսքն ուղղի դեպի Վայոց Ձորի մարզ: Գետը հինգ համայնքների` Գեղհովիտի, Մադինայի, Վերին Գետաշենի, Ներքին Գետաշենի, Վաղաշենի ոռոգման միակ աղբյուրն է: Գյուղերում ապրում է 26 800 մարդ: Ոռոգման ողջ տարածքը 6 850 հա է:
«Օգոստոսին, երբ շոգ է, մենք նույնիսկ վիճում ենք, թե ումն է լինելու ոռոգման ջուրը: Իսկ այսօր այն մեզանից խլում են: Ջուրը մեզ համար կյանք է»,- ասում է Վաղաշենի համայնքապետ Արթուր Սուվարյանը:
Գեղարքունիքի մարզի բնապահպանության բաժնի ղեկավար Համբարձում Համբարձումյանը կարծում է, որ տվյալ խնդիրը միայն այդ հինգ համայնքներին չէ, որ առնչվում է: «Ուղիղ ազդեցության օբյեկտը հենց Սեւանա լիճն է եւ 87 համայնքներ, քանի որ Արգիճին կարեւոր նշանակություն ունի Հայաստանի Կարմիր գրքում գրանցված էնդեմիկ ձկնատեսակների` իշխանի եւ կողակի ձվադրման համար: Ամեն տարի պետությունը գումարներ է ծախսում, որպեսզի ավելացնի էնդեմիկների քանակը, մանրաձուկ է աճեցնում եւ լիճ է բաց թողնում,- ասում է նա,- սա ազգային եւ ռազմավարական խնդիր է»:
Այն մասին, որ շինարարություն է սկսվում, ոչ ոք չգիտեր` ոչ համայնքները, ոչ մարզպետարանը, ոչ բնապահպանության նախարարը, ում Գեղարքունիքի մարզպետը զանգահարեց, որպեսզի պարզի իրավիճակը: «Մեզ ոչ ոք ոչինչ չի ասել, թեպետ դա մարզի վարչական տարածքն է եւ շինարարության համար անհրաժեշտ է մարզպետի ստորագրությամբ թույլտվություն ունենալ,- ասում է Վարդան Ղուկասյանը եւ ավելացնում,- կարծում եմ, որ սա թյուրիմացություն է, չեմ հավատում, որ նման բան կարող է լինել պաշտոնական թույլտվությամբ»:
Փոքր ՀԷԿ-ի կառուցման հարցում համայնքների բնակիչները չեն պատրաստվում իրենց համաձայնությունը տալ: Մեր մարդիկ վճռական են տրամադրված` ասում են համայնքպետերը: Այն հարցը, թե ով է նախաձեռնություն ցուցաբերել եւ մասշտաբային շինարարության մեջ գումարներ ներդրել, դեռեւս անպատասխան է մնում: Չճշտված տվյալների համաձայն` դա «Հիդրոկորպորցիա» ՓԲԸ-ն է, որը հին արտոնագրերի հիման վրա է սկսել աշխատանքները` չթարմացնելով փաստաթղթերը:
Հանդիպման մասնակիցները ցանկություն հայտնեցին տվյալ նյութը ներկայացնել որպես հարցում եւ իրենց անունից ուղակել ՀՀ տարածքային կառավարման նախարարություն, ՀՀ բնապահպանության նախարարություն, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն, ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողով:
Հունիս 24, 2010
