Օրինակա՞ն են արդյոք Կարբի ձորում իրականացվող շինարարական աշխատանքները (Լուսանկարներ)

Օրինակա՞ն են արդյոք Կարբի ձորում իրականացվող շինարարական աշխատանքները (Լուսանկարներ)

ԷկոԼուր

ՀՀ Արագածոտնի մարզի Կարբի ձորում առանց բնապահպանական փորձաքննության համապատասխան եզրակացության իրականացվում են շինարարական աշխատանքներ՝ ոչնչացնելով տեղի գեղատեսիլ բնական միջավայրը: Այս մասին ԷկոԼուրին ահազանգեց բնապահպան Սիլվա Ադամյանը: Բնապահպանի տեղեկություններով՝ այդ տարածքը բիզնես նպատակով օգտագործում են Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրը և Կարբիի համայնքապետ Կարո Բաղդասարյանը:

«Դա իրականություն չէ: Կարբիի ձորում՝  Քասախ գետի կիրճում, Նոր Երզնկա համայքում, Գրիգոր Բաղդասարյանը /Կարո Բաղդասարյանի հայրը/ կառուցել է հանգստի գոտում ծածկոցներ և սննդի  սպասարկման վայր: Դրա հարակից տարածքում Նաիրի Սահակյանի /մարզպետ  Սարգիս Սահակյանի եղբայրը/ կողմից ևս կառուցապատվել են մի քանի ծածկոցներ, որը կառավարության կողմից փոփոխվել է բնակավայրերի, հասարակական կառուցապատման սննդի սպասարկման հողատարածքի: Նրանք հանդիսանում են այդ հողերի սեփականատերերը»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Կարբիի համայնքապետԿարո Բաղդասարյանը:

Հարցին, թե հատվել են արդյոք ծառեր այդ տարածքներում, Կարո Բաղդասարյանն ասաց. «Ծառեր չեն հատվել, բոլոր ծառերն այդ տարածքի հատվել են դեռևս 90-ականներին, իսկ տարածքների սեփականատերերը տնկել են մոտ 1000 ծառ»:

Կարբիի համայնքապետի խոսքով՝ ամեն ինչը կառուցվել է օրենքին համապատասխան, համայնքապետի և ավագանու որոշմամբ:  Այլ թույլտվությունների վերաբերյալ Կարո Բաղդասարյանը նշեց, որ, քանի որ տարածքները սեփականաշնորհված են, դրանց կարիքը չի եղել:

ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժնից ԷկոԼուրին հայտնեցին, որ բացվել է թեժ գիծ, և Բնապահպանական պետական տեսչությունը կայցելի Կարբի ձոր ու տեղում կստուգի իրավիճակը:

Ներկայացնում ենք Կարբի ձորի շինարարության լուսանկարները, որոնք վերցված են Սիլվա Ադամյանի ֆեյսբուքյան էջից:

 
 
 
 
 
 
 
 

Մայիս 21, 2015 at 18:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր