

ԷկոԼուր
Եղեգիս գետը, որը ձեւավորում է Եղեգիսի կիրճի էկոհամակարգը, 3 տարվա ընթացքում փոխել է իր կազմը: ՀՀ բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիտորինգի կենտրոնի տվյալների համաձայն` 2009թ-ից մինչեւ 2011թ-ը գետում ջրի ջերմաստիճանը բարձրացել է 1 աստիճանով: Թափանցելիությունը նվազել է 3 միավորով (սմ), թթվածնի պարունակությունը` 2 միավոր (մգ/լ): Դա անդրադարձել է ձկնապաշարների վրա: Գետի ստորին հատվածներում կարմարխայտ էնդեմիկ ձկնատեսակն արդեն անհետացել է: Նման ճնշում գետի վրա գործադրում են փոքր ՀԷԿ-երը, որոնց համար 12 լիցենզիա է տրամադրվել:
«Գետի 60 կմ հատվածը զբաղեցված է ՀԷԿ-երով: Գետը մտնում է մի ՀԷԿ-ի մեջ, դուրս է գալիս, մտնում մյուսի մեջ: Այստեղ ի՞նչ կմնա…»,- ասում են Շատին գյուղի բնակիչները: Նրանք վրդովված են այն հանգամանքից, որ հակառակ գյուղի ժողովի որոշման Եղեգիս գետի վրա սկսվել է նոր «Եղեգ» ՓՀԷԿ-ի շինարարությունը: «Գյուղապետը եւ մի քանի հոգի որոշեցին եւ վերջ… Իսկ մենք ի՞նչ անենք, մեկնե՞նք»:
ԷկոԼուրը 2012թ. սեպտեմբերին անդրադարձել է Շատին գյուղի բնակիչների խնդրին: Այդ ժամանակ հանդիպել է նաեւ գյուղապետին: Նա ասաց` սպասեք, այդ հարցը կլուծվի այնպես, ինչպես ուզում են բնակիչները: Ապա ի՞նչ պատահեց: Դիտեք ԷկոԼուրի տեսանյութը:
Մարտ 25, 2013 at 11:22