Թեղուտի գազաֆիկացումը դեռ թղթի վրա է

Թեղուտի գազաֆիկացումը դեռ թղթի վրա է

ԷկոԼուր

Թեղուտի պղնձամոլիբդենային բացհանքի ազդեցության տակ գտնվող Շնող և Թեղուտ համայնքները պետք է միավորվեն Քարկոփ համայնքին, կենտրոնը լինելու է Շնող համայնքը: Շնողում ապրում է 2810, Թեղուտում` 769, իսկ Քարկոփում` 418 բնակիչ: Հարց է առաջանում, թե համայնքների միավորումից հետո ի՞նչ սոցիալական պատասխանատվություն կստանձնի «Թեղուտ» ՓԲԸ-ն և ի՞նչպես դա կարտացոլվի համայնքների վրա սոցիալական, տնտեսական և ֆինանսական տեսանկյունից:

Նշենք, որ 3 համայնքների բնակչության  վճարունակությունը և կախվածությունը «Թեղուտ» ՓԲԸ-ից զգալիորեն տարբեր է:  Մինչ 2016թ-ի դեկտեմբեր ամիսը «Թեղուտ» ՓԲԸ-ն ունեցել է 1180 աշխատակից, որոնցից 223-ը` Շնող և 127-ը Թեղուտ համայնքից են: Այս համայնքներնանտառամերձ են և դրանց սոցիալ-տնտեսական վիճակը խիստ կապված է անտառի հետ: Թեղուտի հանքի շահագործման ծրագրի մեկնարկից սկսած` բնակիչները զրկվել են անտառի բարիքներից օգտվելու հնարավորությունից` վառելափայտից, վայրի հատապտուղներից, հանգստյան վայրերից…: Թեղուտի ծրագիրը իրականացվում է Լալվարի անտառտնեսության տարածքում: Նախատեսվում է հատել 375 հեկտար անտառ: Բնակիչները իրավունք չունեն գնել վառելափայտ ընկերությունից, այլ պետք է գնեն միայն «Հայանտառ» ՊՈԱԿ-ից: Անտառահատման և առաջացած փայտանյութի տեղափոխման հարցերով զբաղվում է «Ռամիկ» ՍՊԸ-ն` «Թեղուտ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի համաձայն:

Թեղուտ համայնքը գազաֆիկացված չէ, իսկ Շնողը գազաֆիկացված է մասնակիորեն: Գազի բացակայության պայմաններում Թեղուտ համայնքն իր ջեռուցման խնդիրը լուծում է անտափայտի միջոցով: Մեկ ընտանիքը միջինում օգտագործում է 15-17 մ3 վառլափայտ տարեկան:

«Մենք անտառին շատ մոտ ենք: 2015 թվականին «Թեղուտ» ՓԲԸ-ի ծառահատումներից մեր գյուղում 15-20 տան վառելափայտ են հատկացրել, 40 տան` էլ Շնողից… Մեր գյուղացիները հիմնականում «Թեղուտ» ՓԲԸ-ի տարածքից վառելափայտ չեն բերում: Մենք չենք կարող մտնել «Թեղուտ» ՓԲԸ-ի տարածք ու մեզ հասանելիք 8մ3 թափուկը հանել»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Թեղուտի համայնքապետ Ֆրունզե Նորիկյանը:

ԷկոԼուրի հարցին, թե ինչպես են ապահովում իրենց վառելափայտը, և կան արդյոք անօրինական հատումներ, Ֆրունզե Նորիկյանը պատասխանեց, որ անտառահատումները խստացվել են, սանիտարական հատումների չափերը կրճատվել են. «Երևի նախկինում շատ էին ապօրինի հատումները, իսկ հիմա բնակիչը որ գնա անտառ, բնական ընկած ծառեր չկան»:

Համայնքները գազաֆիկացման կարիք ունեն. «Շնողը գազ ունի, բայց ընդհանուր գազատարից բարակ խողովակով է քաշած: Ճնշումը չի հերիքում, որ այնտեղից գազը հասնի Թեղուտ: Մենք այդ հարցը բարձրացրել ենք, և «Թեղուտ» ՓԲԸ-ն «Լեռնամետալուրգիայի ինստիտուտին» պատվիրել է նախագիծ, որ Մեծ Այրումից գազատար գա, անցնի Քարկոփ գյուղով և հասնի մեզ: Նախագիծը արվել է 2004-2005 թվականին ու այդպես էլ մնացել է թղթի վրա: Երբ 2014թ-ին «Թեղուտ» ՓԲԸ-ի բացումն էր, դրա մասին խոսք գնաց և Վալերի Մեջլումյանը («Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ, «Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն) խոստացավ, որ ծախսերի 50 տոկոսն իր վրա կվերցնի: Նախագծի իրականացումը արժե մոտ 400 միլիոն դրամ:

Օգոստոսի 24-ին կայացած հանրային լսումների ընթացքում Թեղուտ համայնքի բնակիչները համայնքի գազաֆիկացման հարցը բարձրացրին: «Խնդրում եմ ուշադրություն դարձրեք Թեղուտի գազաֆիկացմանը: Եթե հնարավոր է ինչ-որ օգնություն ցույց տալ, ցույց տվեք, որ մեր գյուղը գազաֆիկացվի»- ասաց թեղուտեցի Անահիտ Ամիրջանյան: Ոչ մի նոր խոստում այս հարցով «Թեղուտ» ՓԲԸ-ն չտվեց:

16:54 Օգոստոս 30, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news