Ո՞վ կստանձնի «Թեղուտ» ՓԲԸ-ի բնապահպանական և սոցիալական պարտավորությունների կատարումը

Ո՞վ կստանձնի «Թեղուտ» ՓԲԸ-ի բնապահպանական և սոցիալական պարտավորությունների կատարումը

ԷկոԼուր

Սույն թվականի սեպտեմբերի 11-ին Շնող համայնքի ավագանին որոշում է ընդունել «Թեղուտ» ՓԲԸ-ի և Շնողի համայնքապետարանի միջև համագործակցության և գործընկերության պայմանագիր կնքելու համար: Շնող համայնքի բնակիչները ԷկոԼուրի թիմի հետ հանդիպման ժամանակ հայտնեցին, որ մեծ հույսեր էին կապում այդ պայմանագրի հետ, ինչի իրագործումը հնարավորություն կստեղծեր համայնքի տարածքների բնապահպանական խնդիրների լուծման, պոչամբարի կայունության ապահովման երաշխիքների, ընկերության օգուտներից համայնքի սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ֆինանսական աջակցության, ինչպես նաև նախկինում իրենց կրած վնասների փոխհատուցման համար:

Ներկայումս «Թեղուտ» ՓԲԸ-ն վարկի դիմաց իր գույքը փոխանցում է ՎՏԲ բանկին: Հարց է առաջանում, թե ինչպես են կյանքի կոչվելու այդ պայմանագրից բխող Շնողի բնակիչների ակնկալիքները, քանի որ գույք-պարտքի դիմաց գործընթացը գոնե այդ մասով իր մեջ ունի իրավական անորոշություններ, մանսավորապես,

• ո՞վ է ֆինանսական պատասխանատվություն ստանձնելու պայմանագրի կետերի կատարման կամ չկատարման համար

• արդյո՞ք ՎՏԲ բանկը կընդունի պայմանագրի իրավաչափությունը և ի՞նչ չափով կկատարի փաստաթղթում նշված «Թեղուտ» ՓԲԸ-ի ստանձնած պարտավորությունները

• այս անցումային ժամանակահատվածում տեխնածին աղետների կամ վթարների, կամ վթարային իրավիճակների դեպքում ո՞վ է պատասխանատվություն ստանձնելու

• ի՞նչ դեր կունենա ՀՀ կառավարությունը` որպես գործընթացի կարգավորման շահագրգիռ կողմ:

Ինչպես հայտնի է, «Թեղուտ» ՓԲԸ-ի գործունեության ամբողջ ընթացքում ընկերությունում չի անցկացվել որևէ տեսչական ստուգում, ինչի արդյունքում ընկերությունն աշխատել է առանց վերահսկողության և առանց որևէ պետական մարմնի առաջ պատասխանատվության:

Շնողի համայնքապետ Դավիթ Ղումաշյանը ԷկոԼուրի թիմի հետ հանդիպման ժամանակ հայտնեց. «Մինչ այժմ հույսեր կային, որ պետք է պոչամբարը 6-7 ամսվա ընթացքում վերանորոգվի, հետո վերագործարկվի Թեղուտի հանքը: Հիմա անհասկանալի իրավիճակ է՝ ով է վերագործարկելու, ում են վաճառելու, վաճառելու են արդյոք, թե` չէ, կառավարությունը թույլ է տալու, թե թույլ չի տալու»:

Շնողի բնակիչները բարձրացնում են կրած վնասների փոխհատուցման և հողերի վերագնահատման հարցերը: «Այսօր ՎՏԲ բանկը ընդունում է «Թեղուտ» ՓԲԸ-ի գույքը, որ վաճառի: Ով որ պետք է գնի ու լինի սեփականատեր, պիտի տեղյակ լինի, որ գոյություն ունեն չկատարված պարտավորություններ` կապված բնապահպանական նորմերի, ֆինանսական փոխհատուցման խնդիրների, պատճառված վնասների հետ: Գերակա շահի տակ ընկած հողերի` դատական կարգով մեզանից վերցնելու գործընթացը, ճիշտ է, Հայաստանի դատարաններում ավարտվել է, բայց Եվրոպական դատարանում ընթացող դատավարությունների արդյունքում կայացած վճռի կատարումը ո՞ւմ վրա է դրվելու, ո՞վ է փոխհատուցելու այդ վնասը, այդ խնդիրը դեռ առկախված է:

…423 ընտանիքից Թեղուտի հանքի համար վերցրել են հողեր, որից 106 ընտանիքից` դատական կարգով: ՎՏԲ բանկից վերցրած իրենց 380 միլիոն դոլարի վարկն ավելի քիչ է, քան իրենք մեզ պետք է վճարեն»,- ասացին Շնողի բնակիչները:

Այս շաբաթ նախատեսվում է Շնողի համայնքապետի հանդիպումը ՎՏԲ-ից նշանակված «Թեղուտ» ՓԲԸ-ի նոր ժամանակավոր կառավարչի հետ:

«Հանդիպմանն իմ առաջին հարցադրումը լինելու է, որ հստակ ինձ տան պատասխան` այդ ժամանակաշրջանում ով է պատասխանատու լինելու պոչամբարի անվտանգության համար։ Պահանջելու ենք, որ տան համապատասխանկառույց, որը պետք է վերահսկի պոչմաբարի անվտանգությունը: Մենք էլ մեր կողմից վերահսկենք, որպեսզի իրենք իրենց գործառույթները ճիշտ կատարեն:

…ՎՏԲ բանկը լիցենզիա չունի, որ վերագործարկի հանքը, պիտի վաճառի այն ընկերությանը, որն ունի հանքաարդյունաբերության ոլորտում աշխատելու լիցենզիա: Ում էլ վաճառի, մենք մեր պահանջները ներկայացնելուենք և անպայման պահանջելու ենք՝ որպես իրավահաջորդ հանդես գա, և բոլոր խնդիրներին, որոնք եղել են կիսատ,որոնք կլինեն հետագայում՝ պարտավորությունները կրեն իրենք»,- ասաց Շնողի համայնքապետը։

Սեպտեմբեր 26, 2018 at 17:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր