«Վալլեքս»-ի և ՎՏԲ բանկի միջև միջազգային դատարաններից մեկում դատական գործ է ընթանում. փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյան

«Վալլեքս»-ի և ՎՏԲ բանկի միջև միջազգային դատարաններից մեկում դատական գործ է ընթանում. փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյան

ԷկոԼուր

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի նախկին շահագործող «Վալլեքս» խմբի և ռուսական ՎՏԲ բանկի միջև միջազգային դատարաններից մեկում դատական գործ է ընթանում, որը կապված է «Վալլեքս»-ի՝ ՎՏԲ բանկի նկատմամբ ունեցած պարտքերի հետ: Այս մասին ԷկոԼուրի հետ զրույցում հայտնեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

«Թեղուտի ծրագրի կառավարման համար ՎՏԲ բանկի կողմից ներկայացված է նոր օպերատոր, սակայն այստեղ կա խնդիր նախորդ օպերատորի՝ «Վալլեքս» խմբի և ռուսական ՎՏԲ բանկի միջև: Կա դատական գործ ՎՏԲ բանկի և նախորդ օպերատորի միջև: Ես հուսով եմ, որ այդ դատական գործն ուղղակի կկարճվի, և մենք կունենանք հնարավորություն առաջ շարժվելու նոր օպերատորի հետ», - ասաց Տիգրան Ավինյանը: Դատական գործի վերաբերյալ այլ մանրամասներ փոխվարչապետը չհայտնեց:

Ի պատասխան ԷկոԼուրի հարցին՝ ինչ փաստաթղթով է կառավարությունը երաշխավորում և հաստատում Թեղուտի հանքավայրի վերագործարկման վերաբերյալ իր բանավոր խոստումները, Տիգրան Ավինյանն ասաց. «Փաստաթուղթ ունենալու համար պետք է բոլոր մանրամասներով նախորդ օպերատորի հետ ՎՏԲ բանկը կարողանա համաձայնության գալ: Մենք նպաստում ենք, որպեսզի այդ համաձայնությունը տեղի ունենա: Քաղաքական որոշումը երկկողմանի արդեն իսկ կա, և ես հուսով եմ, որ տեխնիկական առումով այդ փաստաթուղթը շատ մոտ ապագայում կստորագրվի:

Այստեղ ունենք մեկ հիմնական խնդիր. պոչամբարի ամրացման խնդիրն է: Այդ խնդիրը լուծելուց հետո միայն Թեղուտի հանքը կարող է շահագործվել: Կարծում եմ, որ դա տեղի կունենա 2019 թ-ի առաջին կիսամյակում»:

Հարցին՝ ով է ստանձնելու Թեղուտի ծրագրի հետ կապված բնապահպանական և սոցիալական պարտավորությունները, փոխվարչապետը պատասխանեց. «Նոր օպերատորն է ստանձնելու պարտավորությունները: Բոլոր բնապահպանական ստանդարտները պետք է պահպանվեն: Առանց այդ ստանդարտների պահպանման որևէ բան չի կարող շահագործվել»:

Նշենք, որ ՎՏԲ բանկի կողմից Թեղուտի ծրագրի կառավարման նոր օպերատոր է ընտրվել «Ռուսական պղնձաձուլական ընկերություն»-ը: Հանքավայրը վերաբացելու պատասխանատվությունը ստանձնել է ռուսաստանաբնակ հայազգի գործարար Նորայր Պետրոսյանը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ Նորայր Պետրոսյանը նոր օպերատոր ընկերության ներկայացուցիչն է:

Դեկտեմբեր 03, 2018 at 16:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր