Ինչո՞ւ է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը սպասարկում հանքատերերի շահերը. ՀԲՃ

Ինչո՞ւ է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը սպասարկում հանքատերերի շահերը. ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն

Հայտնի է, որ հանքավայրեր շահագործելու իրավունք ունեցող և շահագործող բազմաթիվ ընկերություններ տարիներ շարունակ գրեթե անպատիժ խախտել են ՀՀ օրենքներն ու այլ իրավական ակտերը։ Նրանք չեն կատարել ընդերքի մասին օրենսգրքով նախատեսված մի շարք պարտավորություններ, ինչպես նաև ընդերքօգտագործման իրավունքի, այդ թվում՝ լիցենզիայով, պայմանագրով, նախագծով, բնապահպանական, ընդերքօգտագործման թափոնների կառավարման կամ թափոնների վերամշակման, պլաններով նախատեսված իրենց պարտավորությունների իրականացմանն առնչվող պայմանները։ Նրանցից շատերը խախտել են նաև, համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած, հանքի փակման ծրագրով նախատեսված և պետության նկատմամբ ունեցած ֆինանսական այլ պարտավորությունները։

Ավելորդ չէ նշել Թեղուտի հանքի հետ կապված օրինախախտումների բույլը՝ սկսած անտառտնկման պարտավորությունների չկատարումից, հատումների ծավալների ավելացումից, մինչև պոչամբարի տեխնիկական անվտանգության իրական փորձաքննության բացակայությունը։ Կամ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից լիցենզիայով թույլատրված տարեկան արդյունահանված հանքաքարի ծավալների ահռելի գերազանցումները, Սոթքի ոսկու հանքը շահագործող «Գեոպրոմայնիգ»-ի կողմից հարկային պարտավորությունների չկատարումը, «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից շահագործման նախագծերի, դրանց շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության գնահատականի և դրա մեղմացման գործողությունների մշտական փոփոխությունները և այլն։

Եվ ահա, e-draft.am կայքում 2018թ-ի դեկտեմբերի 25-ին հանքավայրերի շահագործմանը վերաբերող մի անչափ ուշագրավ որոշման նախագիծ է դրվել շրջանառության մեջ։ Այդ նախագծով Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 22-ի «Ընդերքօգտագործման պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 437-Ն որոշման մեջ։ Առաջարկի հիմնական նպատակն է կառավարությանը հնարավորություն տալ ընդերքօգտագործման պայմանագրերում ներառել անսահմանափակ թվով հավելվածներ՝ ավելացնելով նաև կոնկրետ մեկ նոր հավելված։

Եթե այս որոշման նախագիծը կառավարությունն ընդունի, ապա ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարն իրավունք է ստանում ընդերքօգտագործողի գրավոր առաջարկով նրա հետ կնքել վերոնշյալ նոր հավելվածը՝ ընդերքօգտագործողի կողմից նախկինում չնախատեսված հանգամանքներով պայմանավորված կատարվելիք աշխատանքների մասին։ Որպեսզի պարզ լինի, թե ինչու է այս փոփոխության գաղափարը հղացել նախարարությունում, անհրաժեշտ է ուշադիր կարդալ և վերլուծել որոշման նախագծին կից ներկայացված հիմնավորումը։

Նախարարության կարծիքով՝ նախկինում չնախատեսված հանգամանքներից են մասնավորապես՝ հանքավայրում պաշարների էական փոփոխությունը, հանքավայրի լեռնաերկրաբանական, տեխնիկատնտեսական պայմանների զգալի փոփոխությունը, ընդերքի տեղամասի կամ դրա մի մասից և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման (եթե նման գործունեություն նախատեսվում է) օբյեկտից հրաժարման անխուսափելի դեպքերը: Իսկ այս ամենից հետո գալիս է հիմնավորման ամենաուշագրավ մասը, որն ուզում ենք մեջբերել ամբողջությամբ.

«Հարկ է նշել, որ մետաղական օգտակար հանածոների հանքավայրի շահագործման տնտեսական նպատակահարմարության գնահատման համար կարևոր ցուցանիշներից մեկը հանդիսանում է մետաղների միջազգային գները, որոնց տատանումները հանգեցնում են հանքավայրի տեխնիկատնտեսական պայմանների փոփոխության, իսկ հանքաքարում մետաղների առավել ցածր պարունակություն ունեցող հանաքավայրերը  առավել զգայուն են վերջինիս նկատմամբ:

Ընդերքօգտագործման իրավունք ունեցող կազմակերպությունների վերջին հինգ տարիների ընթացքում ծավալած գործունեության վերլուծությունը ցույց է տալիս, որ կան բազմաթիվ մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած կազմակերպություններ, որոնց կողմից ընդերքօգտագործման իրավունք ստանալուց հետո չեն իրականացվել նախագծով նախատեսված օգտակար հանածոյի փաստացի արդյունահանման աշխատանքներ, իսկ որոշ կազմակերպություններ որոշակի ծավալի աշխատանքեր իրականացնելուց հետո, ինչ-ինչ պատճառներով դադարեցրել են այն:

Վերլուծությունը ցույց է տալիս նաև, որ օգտակար հանածոյի փաստացի արդյունահանման աշխատանքներ չիրականացնելու կամ այն դադարեցնելու հիմնական պատճառներից են վերջին տարիներին մետաղների միջազգային գների կտրուկ տատանումները կամ հանքավայրում իրականացված լրահետախուզական և (կամ) շահագործական հետախուզական աշխատանքների արդյունքում պաշարների վերաբերյալ բացահայտված նոր տեղեկությունները կամ նոր տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտությունը, ինչպես նաև կազմակերպությունների ֆինանսական խնդիրները: Վերոնշյալ խնդիրների լուծման համար պահանջվող միջոցառումները կարող են հանգեցնել օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի, ինչպես նաև նախագծի փոփոխությանը»:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը հարցում ենք ուղարկել, որպեսզի հանրայնացնի վերոնշյալ հիմնավորման մեջ մատնանշված վերլուծությունները։ Մինչ այդ, պարզ չէ, թե ինչպես են արվել այդ վերլուծությունները, ինչ մեթոդաբանությամբ, ինչ խորությամբ ու ծավալով և արդյո՞ք դրանցից բխում են հենց այսպիսի՛ գործողություններ։ Փաստ է, որ նախագծում վերը նշված փոփոխություններն այնպիսի լայնածավալ ու խոշոր փոփոխություններ են, որ ենթադրում են շրջակա միջավայրի վրա ազդեցության, ինչպես նաև տեխնիկական անվտանգության փորձաքննություններ։ Նման դեպքերը ՀՀ ներկայիս օրենսդրությամբ մեկնաբանվում են որպես փոփոխված նախագծեր և պետք է անցնեն նոր հանքարդյունաբերական նախագծի բոլոր ընթացակարգերը։ Մինչդեռ նախարարության նման «թեթև ձեռքի» հարվածով՝ պետությունը հանքատերերին ազատում է ահռելի պարտականություններից։

Մենք պնդում ենք, որ կառավարության որոշման մեջ փոփոխություն մտցնելու սույն նախագիծը բացարձակապես սպասարկում է հանքերը թալանող կլանին և փաստացի լեգիտիմացնում է նրանց ապօրինությունները։ Հայտնի է, որ ցանկացած բիզնես գործունեություն հիմնված է ռիսկերի հաշվարկի վրա (due diligence), իսկ հանքերի պարագայում՝ այդ ռիսկերի հաշվարկը առավել խիստ պետք է կատարվի։ Պետական մարմինները պարտավոր են վերստուգել ընկերությունների ռիսկերի հաշվարկները, այդ թվում՝ մետաղների գների տատանումների հնարավորությունները, ինչպես նաև իրականացնել պետության ռիսկերի գնահատում՝ նախքան որևէ թույլտվություն տալը։ Փաստացի ստացվում է, որ ընկերությունները կարող են խաբել պետությանն ու Հայաստանի ժողովրդին, և այդ խաբելու համար ոչ թե կրեն տույժեր ու պատիժ, այլ ընդամենը նախարարության հետ պայմանագրի մեկ հավելված ստորագրելով՝ վայելել հետագա անթաքույց թալանը։ Նույն կերպ էլ, պետական մարմիններն իրենց նախկին տարիների անգործության համար ոչ թե պատասխանատվություն կրեն, այլ ստանան կանաչ ճանապարհ։

ՀՀ կառավարության ղեկավարին և աշխատակազմին առաջարկում ենք կանխել կառավարության որևէ նիստում նման նախագծի ներկայացումը։ Հանրությանը կոչ ենք անում https://www.e-draft.am/projects/1444 հղումով քվեարկել որոշման նախագծին դեմ, գրելով նաև դիտողություններ։ Բացի այդ կիրառել հանրային ազդեցության ցանկացած այլ եղանակներ, որոնցով իրավասու են ՀՀ քաղաքացիները սահմանադրությամբ և իրավունքի նորմերով։

Հունվար 16, 2019 at 17:08


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր