Թեհմինե Ենոքյան
Հոդվածում ներառվել են առավել խնդրահարույց գործող և կոնսերվացված պոչամբերները
Լոռի, «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ, «Նահատակի» պոչամբար
Մեծ Այրում համայնքի վթարային դպրոցում մոտ երկու տասնամյակ հիմնովին վերանորոգում չի կատարվել։ Երկրաշարժից դպրոցի պատերին ճաքեր են գոյացել, տանիքը՝ կաթում է։ Դպրոցի տնօրենը միայն վերջին ամիսներին է տեղեկացել, որ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ»-ը կարող է դպրոցի գրքերի վարձակալության ամբողջական գումարը վճարել որպես սոցիալական ծրագիրը։
Այդ գումարը 127 աշակերտի պարագայում կազմում է 1000 դոլարին համարժեք դրամ։ Նահատակի պորամբարը 13.7 հա տարածք է զբաղեցնում, որը սեփականության իրավունքով պատկանում է «Ախթալայի Լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ին։ Վտանգավոր թափոնների 1 տոննայի համար ՀՀ կառավարությունը սահմանել է 30 դրամ վճար, ավելի քիչ, քան կենցաղային աղբի համար է նախատեսված։ Չնայած 2017 թվականին իրականացված պետական փորձաքննության բնութագրում «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ»-ը ներկայացրել է, որ Նահատակի պոչամբարը Մեծ Այրում գյուղից 6,5 կմ հեռավորության վրա է, սակայն ակնհայտորեն տեսանելի են հաշված մետրերը, որոնք բաժանում են պոչամբարը գյուղի տներից: Պոչամբարն իր դիրքով ավելի բարձր է գտնվում, քան միջհամայնքային ճանապարհը։
Մեծ Այրում համայնքի բնակիչ Կամո Ղարագյոզյանը պատմում է․ «Այստեղ անասուններ են մտնում արածում, երեխաներ են խաղում, եղել են ժամանկներ, որ մարդկանց անասուններն ընկել են մեջը, սատկել, գնացել են փոխհատուցում պահանջեն, մի մասին փոխհատուցել են, մի մասին՝ ոչ, մի մասին էլ ասել են` ձեզ ով է ասել, գաք, այստեղ բնակվեք»:
Մի քանի ամիս է, ինչ «Ախթալայի ԼՀԿ»-ն սոցիալական և կորպորատիվ պատասխանատվության շրջանակներում համայնքային բյուջե փոխանցում է ամիսը 5,5 մլն դրամ։ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը 2019 թվականի ամռանը խոստացել էր, որ այլևս Նահատակի պոչամբար պոչանք չի լցնելու։
«Ախթալայի ԼՀԿ» -ն 2016 թվականին ընդլայնել է պոչամբարի տարածքը՝ կառուցելով 8մ բարձրությամբ պատվար, սակայն պոչամբարի ընդլայնումը շարունակվում է մինչև օրս: Կոմբինատի արտաքին կապերի բաժնի պետ Գագիկ Շահնազարյանը հավաստիացրեց, որ կառուցվում է պոչերի չորացման արտադրամաս, որի արտադրական հզորությունը 70-80 տոկոսով է օգտագործվում, երբ արտադրամասն ամբողջությամբ գործարկվի, պոչամաբարի շահագործումը կդադարեցվի։ Պոչամբարի ռեկուլտիվացիոն ծրագրերը կիրականացվեն 2 տարուց։ Ամռան ամիսներին Ալավերդու, Մեծ Այրում, Ճոճկան համայնքներում հյուրընկալվել էին չեխական «Առնիկա» կազմակերպության աշխատակիցները։ Փորձագետները հավաքեցին փորձանմուշներ հողի, ջրի, հավի ձվի, այդ թվում նաև մարդկանց մազերից։ Չեխիայի փոխդեսպան Յան Պլեշինգերն ասում է՝ ընտրել են հատկապես Ալավերդին, քանի որ այստեղ կան էկոլոգիական խնդիրներ։
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն»-ի ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը մտադիր է բնակիչների անունից առողջության վնասի փոխհատուցման պահանջ ներկայացնել դատարան։ Ալավերդիում քաղցկեղով հիվանդ մարդկանց թիվը հասնում է 800-ի, մինչդեռ Հայաստանի Առողջապահության նախարարությունը կապ չի տեսնում հանքարդյունաբերության և մարդու առողջության վատթարացման միջև։ Հանքարդյունաբերական տարածքներում իրականացված ստուգումների վերաբերյալ նախարարությունը տեղեկություն կարող է տրամադրել լրացուցիչ ստուգումներ իրականացնելուց և վերլուծելուց հետո։
Ձմռան ամիսներին Ալավերդու պղնձաձուլարանից շլակ (խարամ) է տեղափոխվում քաղաքի տարբեր հատվածներ, հատկապես գերեզմանոցներ, որը նպաստում է, որ բուսականություն տարածքում չաճի։ «Եղել են դեպքեր, որ այս շլակը նաև փռվել է մանկապարտեզների և դպրոցների բակերում, և միայն 2014 թվականի Ամերիկյան համալսարանի հետազոտությունից հետո տեսանելի վայրերում փորձում են չփռել, սակայն այլ համայնքի ղեկավարներ առնում էին այս շլակը և փռում ձյան վրա»,- ասում է Օլեգ Դուլգարյանը։ Ուսումնասիրության նպատակով այս շլակի փորձանմուշներ ևս «Առնիկա» ընկերությունը տարել է Պրահայի քիմիական ինստիտուտ՝ փորձաքննության։
Լոռի, «Թեղուտ» ՓԲԸ, Թեղուտի պոչամբար
Թեղուտի հանքավայրը 2018 թվականից ի վեր շահագործվում է «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից։
16,4 մլն/խ ծավալով Թեղուտի պոչամբարը Հայաստանի մեծությամբ երկրորդ պոչամբարն է՝ այս պահի դրությամբ զբաղեցնում է 53 հա հողատարածք, ըստ ծրագրի` այն պետք դառնա 260 հա։
Շնողի խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը տեղեկացրեց, որ հողերից 21,57 հա-ն սեփակականության իրավունքով պատկանում է «Թեղուտ» ՓԲԸ-ին, վարձակալության իրավունքով տնօրինվում է 30,78 հա-ն։ «Թեղուտ» ՓԲԸ-ի սեփականության իրավունքով ձեռք բերված հողերի դիմաց վճարում են 3 859 284 դրամ գումար, կան նաև հողատարածքներ, որոնք արտադրական են, սակայն մինչ այժմ պայմանագրեր կնքված չեն։
2001 թվականի «Strathcona» խորհրդատվական ընկերության եզրակացության համաձայն՝ ռիսկային է նման լեռնային տեկտոնիկ տարածքում ունենալ այդ ծավալների պոչամբար։
«Հաշվի առնելով հանքավայրի լեռնային լանդշաֆտը և ուժեղ երկրաշարժային գոտում գտնվելը՝ լրջագույն տեխնիկական և ֆինանսական դժվարություն է ներկայացնում 500 մլն տոննա պոչանք պարունակող անվտանգ ու բնապահպանական առումով ընդունելի պոչամբար կառուցելն ու 600 միլիոն տոննա տարբեր տեսակի թափոններ տեղադրելն այդ տարածքում»:
Սակայն, Թեղուտի հանքավայրը նախկինում շահագործող «Վալլեքս» ընկերությունը, թաքցնելով այս զգուշացումները, այնուամենայնիվ, կառուցեց Թեղուտի պոչամբարը։ Հանքի շահագործումից 3 տարի անց և 30 միլիոն տոննա պոչանք կուտակելուց հետո ընկերությունը բախվեց պոչամբարի պատվարի կայունության խնդրին, ինչն էլ ստիպեց դադարեցնել հանքավայրի շահագործումը։
2017 թվականի հոկտեմբերի 16-ին Դանիայի «Արտահանումների վարկավորման գործակալությունը» Pension Denmark մասնավոր կենսաթոշակային հիմնադրամի հետ մի քանի զգուշացումից հետո դադարեցրեց դեռևս 2013 թվականին Թեղուտի պղնձամոլբիդենային հանքի շահագործման համար «ՎՏԲ բանկի» միջոցով «Վալլեքս» խմբին տրամադրած շուրջ 62 մլն դոլարի չափով վարկը։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված էր․
«Որոշումն ավելի երկար ճանապարհի գագաթնակետն է, երբ տարիների ընթացքում շարունակաբար սրել ենք մեր խոսքի տոնը։ Գրավոր զգուշացում ուղարկեցինք հանքի ղեկավարությանը, որ դուրս կգանք ծրագրից, եթե հանքը չբավարարի մեր պահանջները։ Զգուշացումից հետո վերջնագիր ուղարկեցինք, ինչից հետո հայտնեցինք, որ հանում ենք մեր ֆինանսավորումը ծրագրից»։ Շնող խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանն ասում է․ «Եթե կոնկրետ հարցնեք` պոչամբարում ճաք կա, թե ոչ, ապա կասեմ, որ պոչամբարում ճաք չի կարող լինել, քանի որ պոչամաբարը չի կարող գոյություն ունենալ։ Ես չեմ կարող հերքել կամ հավաստիացնել խնդիրը կա կամ չկա, բայց այս պահին «Թեղուտ» ՓԲԸ-ի աշխատակիցները համարժեք աշխատանքներ են իրականացնում, որպեսզի, երևի թե հերքեն այդ խնդիրը»։ «Թեղուտ» ՓԲԸ-ից տեղեկացրեցին, որ 2019 թվականի սեպտեմբերից իրականացվում է հորատման եւ լաբորատոր-անալիտիկ աշխատանքներ, հետազոտվում է պոչամբարի պատվարը՝ ևս մեկ անգամ համոզվելու համար, որ պոչամբարի պատվարին վտանգ չի սպառնում: ԱԻՆ-ը Թեղուտի պոչամբարի հնարավոր տեխնիկական խնդիրների վերաբերյալ հարցերին պատասխան չունի։
2018 թվականի Հայաստանում տեղի ունեցած «Թավշյա» հեղափոխության ժամանակ Լևոն Ալիխանյանը հայ–վրացական միջպետական ճանապարհը փակողներից մեկն էր։ Նա Շնող խոշորացված համայնքից 60 բնակիչների հետ գանգատ էր ուղարկել ՄԻԵԴ՝ իրենց բարոյական վնասի փոխհատուցման և սեփականության իրավունքի խախատման փաստերով։ ՀՀ բյուջեի վրա այս գործից յուրաքանչյուրն արժեցել է շուրջ 10 000 եվրո, որպես բարոյական վնասի փոխհատուցում։ Սեփականության իրավունքի խախտման փաստերը դեռևս քննված չեն ՄԻԵԴ-ում։ Շնող խոշորացված համայնքի բնակիչ Լևոն Ալիխանյանն ասում է, որ ճնշումներ են սկսվել իրենց նկատմամբ։ «Գերակա շահի զոհերի համար նոր ղեկավարության համար կա սև ցուցակ, աշխատանքի չեն ընդունում, քանի որ ասում են` պետք է գնաք ՄԻԵԴ-ի գանգանտը հետ վերցնեք»։
Ամռան ամիսներին Թեղուտի պոչամբարից Լևոն Ալիխանյանի մասնավոր տարածք արտահոսք էր եղել, նա իր ֆինանսներով պատ է կառուցում ճանապարհի եզրին, որ պոչանքը վնաս չտա իր սեփականությանը։
«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փորձագետ Ռոզա Ջուլհակյանը հրապարակել էր Թեղուտի պոչամբարի վերաբերյալ օրենքների խախտման և անհամապատասխանության մասին հետազոտություն։ Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնությունն էլ քրեական գործ հարուցելու պահանջով, մեկտեղելով բոլոր հրապարակված հետազոտությունները, 2018 թվականին գլխավոր դատախազություն ուղարկել էր հաղորդում հանցագործության մասին:
Լոռու մարզի դատախազությունը պետական շահերի պաշտպանության շրջանակներում մեր հարցմանը պատասխանել է․«Ձեռք չեն բերվել բավարար հիմքեր պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու համար»: Մեր հարցմանը դատախազությունից հայտնում են նաև, որ մատնանշված հանգամանքները չեն հաստատվել, և որևէ տվյալ ձեռք չի բերվել կոնկրետ հանցագործության հատկանիշներ պարունակող նախապատրաստվող կամ արդեն կատարված հանցագործության մասին:
«Թեղուտ» ՓԲԸ-ն համայնքին խոստացել է, որ պոչամբարի ռեկուլտիվացիա կիրականացնի հանքի շահագործման ավարտին։
«Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ, Մղարթի պոչամբար
Մղարթ համայնքում 2005 թվականից գյուղացիների հացահատիկային մշակաբույսերի արոտավայրերի կողքին հայտնվել է «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերության ոսկու հանքավայրի պոչամբարը։ Տարածքը սեփականության իրավունքով պատկանում է ընկերությանը: Գյուղից 2,5 կմ հեռավորությամբ երկու փոքր պոչամբարներ զբաղեցնում են 800 քմ հողատարածք։
Մղարթի գյուղապետ Ավագ Մոսինյանն էլ ասում է, որ ընկերությունը խոստացել է բնակիչներին, որ համայնքը կունենա խմելու ջուր, իրենք էլ՝ համաձայնություն կտան երկրորդ հանքի շահագործմանը:
Պոչամբարի ռեկուլտիվացիայի հարց առայժմ դրված չէ։ Սակայն պայմանավորվածություն են ձեռք բերել ընկերության հետ, որ նոր հանքի շահագործման պարագայում դատարկ ապարները կլցվեն հանքի խորշի մեջ։
Արագածոտնի մարզ, «Մեգո Գոլդ» ՍՊԸ, Թուխմանուկի պոչամբար
Արագածոտնի մարզում գտնվող Մելիքգյուղը միջպետական մայրուղուց բաժանում է ընդհամենը 7 կմ, սակայն գյուղացիներն առնվազն 40 րոպե են ծախսում, որ գյուղից դուրս գան դեպի նոր ասֆալտապատված ճանապարհ։ Մելիքգյուղում կա 2 պոչամբար, «Մեգո գոլդ» ընկերությունն արդեն 3 տարի է, ինչ չի շահագործում ոսկու հանքավայրը և բարձիթողի վիճակում է նաև 0, 6 հա պոչամբարը: Պոչամբարից նախորդ տարիներին արտահոսք էր եղել Մելիք գյուղի բնակիչների այգիները։ Գյուղացիները պատմել են, որ աղտոտված գյուղմթերքը վաճառել են շուկայում։
Սուսաննա Մադաթյանը Մելիքգյուղի բուժքուրն է, ասում է` մանկապարտեզ չունեն, ճանապարհները վատն են․«Պոչամբարից ջուր էր լցվել առուն, գյուղացիները բողոքեցին դրա դեմ, կարտոֆիլը չորացավ, պոչամբարը որ չի գործում, աղիքային հիվանդությունները շատ են պակասել, տարվա մեջ էն ժամանակ բռնկումներ էինք ունենում, բայց հիմա չունենք նմանատիպ դեպքեր։ Սկզբնական շրջանում մարդիկ հիվանդացան, որը կապեցին հանքի հետ, իսկ հիմա ուռուցքով հիվանդներ համարյա թե չկան»։ «Էկոլուր» ՀԿ-ի փորձագետ Ռոզա Ջուլհակյանն էլ պատմեց, որ պոչամաբարներում դաշտային ուսումնասիրություն չի կատարվում, հիմնվում են միայն ընկերության ներկայացրած փաստաթղթերի վրա. «Բնապահպանական տեսուչին հարցրեցի` դուք նայել ե՞ք` ինչ հիմք ունի պոչամաբարը, ասաց` չէ, չեմ մտածել, բայց դա ամենակարևոր բանն է, պոչամբարի շերտը պետք է ունենա մետաղի իոնները կլանելու հատկանիշ»։
Մելիքգյուղի համայնքապետ Դերենիկ Շահբազյանը դատական հայց ունի ընդդեմ «Մեգո Գոլդ» ընկերության: 226 հա հանքի և պոչամբարի տարածքի վարձակալության դիմաց 42 մլն դրամ չի վճարվել համայնքային բյուջե, քանի որ ընկերությունը սնանկ է ճանաչվել։ Ընկերության դեմ դատական հայցեր էին ներկայացրել աշխատավարձի չվճարման համար նաև 20 գյուղացիներ:
Համայանքապետարանից էլ սպասում են ընկերության վերազինմանը, հանքի շահագործումը կսկսվի նոր աղաց գնելուց հետո։ Պոչամբարի ռեկուլտիվացիայի մասին տեղեկատվությունը Շրջակա միջավայրի նախարարության կայքում ներկայացված ընկերության փաստաթղթերում բացակայում է։
Արարատի մարզ, Արարատ Զոդ, «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ, Սոթքի հանքավայր, Արարատի ցիանային պոչամաբար
2008 թվականից Գեղարքունիքի մարզում շահագործվող Սոթքի ոսկու հանքավայրը հումքը վերամշակում է «Արարատի ոսկու կորզման» ֆաբրիկայում։ Ըստ «Սևանի մասին» օրենքի 10 –րդ հոդվածի` արգելվում է հարակից տարածքում տեղադրել վտանգավոր թափոններ, այդ պատճառով Սոթքի թափոնները հայտնվում են Արարատյան հարթավայրում։ 10-րդ հոդված․ Կենտրոնական, անմիջական և ոչ անմիջական ազդեցության գոտիներում արգելվում է Սևանա լճի էկոհամակարգի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած տեսակի գործունեություն: Իսկ 26-րդ հոդվածի համաձայն ՝ Սևանա լճի էկոհամակարգի բնականոն գործունեության ապահովման նպատակով Սևանա լճի էկոհամակարգում արգելվում է օգտագործել`
ա) ջրային օրգանիզմների համար բարձր տոքսիկություն ունեցող նյութեր.
բ) սննդային շղթաներով փոխանցվող և բույսերի ու կենդանիների օրգանիզմներում կուտակվող ոչ բարձր տոքսիկություն ունեցող նյութեր.
գ) Սևանա լճի և նրա մեջ թափվող գետերի, աղբյուրների ջրերում դանդաղ քայքայվող բարձր և ոչ բարձր տոքսիկություն ունեցող նյութեր:
Պոչամբարը 165 հա է, լցված է մոտ 15 մլն խորանարդ մետր պոչանքով, որը հարուստ է ցիանիդով, ինչպես նաև բազմաթիվ ծանր ու վտանգավոր մետաղներով։ Պոչամբարի անմիջական հարևանությամբ են գտնվում 79 հա ձկնաբուծական լճերը, հարակից գետերից մեր այցելության պահին ձուկ էին որսում մոտակա բնակավայրերի բնակիչները։
Արարատի համայնքի ղեկավարը հայտնում է, որ սեփականության իրավունքով «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը ունի 560 հա հողատարածք, որի դիմաց վճարում 1 930 000 դրամ հողի հարկ։ Իսկ Արարատի քաղաքային համայնքում Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան ունի 153 հա արտադրական, արդյունաբերական, ընդերքօգտագործման նշանակության հողեր։ Ընկերությունը վճարում է 2,2 մլն դրամ հողի հարկ, 2,1 մլն դրամ էլ գույքահարկ։
Սյունիք, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ Դարամազ և Հովիտ պոչամբարներ
«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պոչամբարները 3-ն են՝ կոնսերվացված և գործող, պոչամբարներից մեկը կոմբինատը ցանկանում է ընդլայնել: Դարամազ պոչամբարի տարածքը կազմում է 82,3 հա, Հովիտ 1 պոչամաբարը՝ 42․2 հա, Հովիտ 2-ը՝ 3,1 հա։ Պոչամբարների տարածքի վարձակալության համար ընկերությունը վճարում է 15 960 000 դրամ, իսկ հանքի տարածքի համար ընկերությունը վճարում է 15 760 980 դրամ։ Այս պոչամբարը չունի պաշտպանիչ շերտ, փոշին հաճախ է բարձրանում օդ՝ աղտոտելով հարակից բնակավայրերը: Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչությունում կարճևանցիների դիմումի համաձայն հարուցվել է քրեական գործ։ Կոմբինատի թափոնաջրերը վնասել էին գյուղացիրների այգիները։ Գործը նախաքննության փուլում է։ Կարճեվանցիները նաև քաղաքացիական հայց են ներկայացրել դատարան՝ ընդդեմ կոմբինատի՝ վնասի փոխհատուցման պահանջով։
Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Սամվելյանն ասում է․ «Կոմբինատի հասված վնասներին պետք է նայել տեղում սոցիալական և տնտեսական խնդիր լուծելու տեսանկյունից»։
Պոչամբարի միջով կոմբինատի պոչերն առանց վթարի էլ ամեն օր հոսում են դեպի Արաքս գետ՝ ոռոգելով նաև Ագարակի և Կարճևանի այգիները։ Այգեգործ Հակոբ Հակոբյանի այգին չորանում է, որովհետև ստիպված է ոռոգել կոմբինատի պոչանքի ջրով։
«Էս բերքը ուր տանեմ ծախեմ, նուռը կտրում ես, վախենում ես մեջը նայես»,- ասում է նա։
Բնապահպանության և ընդերքի պետական տեսչությունը մեր հարցմանը պատասխանել է, որ Ագարակի կոմբինատը ունի լիազոր մարմնի կողմից համապատասխան թույլտվություն թիվ 1 պոչամբարից հեռացվող պարզվածքն Արաքս գետ լցնելու համար։
Շվանիձորցի Աշոտ Կարապետյանը երկար տարիներ աշխատել է Ագարակի Պղնձամոլիբդենային կոմբինատում: Ասում է` 1963 թվականից մինչև այսօր կոմբինատն իր աշխատելաոճը չի փոխել: Ներկայիս աշխատողներն էլ տեսախցիկից դուրս հավաստիացրեցին, որ գիշերը հատկապես իրենց տան մոտով պոչանքից գետակ է հոսում, որն անարգել կրկին հայտնվում է Արաքսում: «Նրանք գալիս էին, ժամանակին տուգանում էին, բայց մերոնց համար մարդը ոչ մի բան ա, ով որ կենդանի ա աշխատում, ա ով որ մեռավ՝ մեռավ․․․»,-ասում է Աշոտ Կարապետյանը։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից շահագործվող Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրում և կոմբինատում իրականացրած զննման արդյունքում խախտումներ է արձանագրել և վարչական տուգանքի ենթարկել ՓԲԸ-ի տնօրեն Անդրեյ Սինյակովին:
Փոխարենը Իրանի Իսլամական Հանրապետությունը և ՀՀ կառավարությունը բանակցում են, որ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը թափոնները չլցնի Արաքս գետ: Իրանի դեսպանատան դիվանագիտական բաժնից հրաժարվեցին հարցազրույցից՝ ուղարկելով ընդամենը մի քանի լրատվական կայքերի հղումներ։ 2018թ. հունիսի 12-ին շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը և Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ քննարկել են, որպեսզի բացահայտեն պոչանքի արտանետումների աղբյուրները և իրականացնեն Արաքս գետի ջրի որակի մոնիթորինգ։
Շվանիձորցի Աշոտ Կարապետյանը երկար տարիներ աշխատել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում: Ասում է՝ 1963 թվականից մինչև այսօր կոմբինատն իր աշխատելաոճը չի փոխել: Ներկայիս աշխատողներն էլ տեսախցիկից դուրս հավաստիացրեցին, որ գիշերը հատկապես իրենց տան մոտով պոչանքից գետակի նման հոսք կա, որն անարգել կրկին հայտնվում է Արաքսում:
Սյունիքի մարզ, «Չաարատ Կապան» ՓԲԸ, Գեղանուշի պոչամբար
Գեղանուշի պոչամբարը 32 հա է, տարածքում ժամանակին եղել են այգիներ:
Պոչամբարը կառուցվել է Գեղանուշ գետի կիրճում: Այն շահագործման է հանձնվել 1962թ. և գործել է մինչև 1983թ.: Գեղանուշի պոչամբարում սովետական տարիներին վթար է եղել։ Պոչամբարն այժմ շահագործում է Կապանի լեռնահարստացման կոմբինատը` վերանվանված «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն։ 2018 թ․-ին նախորդ շահագործողի՝ «Պոլիմետալ» պոչամբարի պատվարն ամարցնելու վերաբերյալ պատրաստված և փորձաքննության ներկայացված նախագիծը հետ է վերադրաձվել նախարարություն։ «Էկոլուր» ՀԿ-ի հարցումը ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության պորձաքննության ՊՈԱԿ»-ին բացահայտեց, որ փորձաքննությունը բացառապես հիմնվում է հանք շահագործող ընկերության տվյալների վրա։
«Չաարատ Կապան» ՓԲԸ Գեղանուշ համայանքից վարձակալում է 26,786 հա հողատարածք, ընդհանուր վճարելով՝ 3 միլիոն 718 000 դրամ գումար։ Սյունիք գյուղից 13 հա՝ վճարելով 640 000 դրամ, իսկ Աճանան գյուղի վարչական տարածքից Կապանի ԼՀԿ-ն վարձակալում է որպես հանքի տարածք 95,57 հա՝ վճարելով 11 մլն 869 800 դրամ։
Սյունիքի մարզ, ԶՊՄԿ, Արծվանիկի պոչամբար
Մյուս կողմից Աճանան գյուղը Արծվանիկի պոչամբարից բաժանում է 500 մետր տարածքը։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այժմ ընդլայնում է պոչամբարի տարածքները։
2015 թվականին հանրային գերակա շահ ճանաչված գյուղացիների վարելահողերը՝ չունենալով կարգավիճակի փոփոխություն, արդեն ծանր տեխնիկայով հավասարեցվում են Արծվանիկի պոչամբարին։
Ներկայիս 330 հա զբաղեցնող պոչամբարը, ծրագրի համաձայն, կդառնա 390 հա:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյան ասում է, որ էական չէ` այդ հողերը հանրային գերակա շահ են ճանաչվել, թե ոչ, պետք է գործընթացը մինչև վերջ տարվեր։ «Հողերի կատեգորիան չփոխելով` պոչամբարի տարածքն ընդլայնելն օրենքի խախտում է, այստեղ որրևէ գործողություն իրավունք չունես անես, որը հակասում է հողի ռեժիմի պահպանման օրենսդրական պահանջներին»,- նշում է Արթուր Գրիգորյանը։
Բացի Աճանան գյուղից մնացած երեք գյուղերի՝ Չափնիի, Արծվանիկի և Սևաքարի, յուրաքանչյուրը բնակիչ կոմբինատից 40 000 դրամ նվիրատվություն է ստանում։ Գյուղացիներից խլելով նրանց համայնքային վարելահողերը, որպես սոցիալական ծրագիր, կոմբինատն առաջարկում է ոռոգման ջուր անցկացնել Աճանանում։ ԶՊՄԿ 2006-2010 թթ. աշխատանքի պաշտպանության միջոցների ձեռքբերման և բնապահպանական, բնօգտագործման վճարների վերաբերվող բաժինն էլ ներառում է միայն 2006-2010 թվականների տվյալներ: Աճանանցի ուսուցչուհին Լարիսա Սողոմոնյանն ասում է` թող տարածքը մաքրեն, պոչամբարը ռեկուլտիվացնեն։ «Հարուստն էլ ա մեռնում, աղքատն էլ ա մեռնում, թող տարածքը մաքրեն, մենք էլ մաքուր տարածքում կանաչի կցանենք, կուտենք, կլռենք մենք փող չենք ուզում, կարո՞ղ է մենք մեզ վաճառում ենք»։
Ընկերությունը վարձակալում է 65․0327 հա Սյունիք գյուղից՝ վճարելով 8 077 064 դրամ, հեկտարը՝ 124 200 դրամով, Աճանան գյուղից՝ 33, 9019 հա 4 561 481 դրամ, հեկտարը՝ 134 549 դրամով։ Արծվանիկ գյուղից 240․2 հա՝ վճարելով 829 833 000 դրամ, հեկտարը՝ 124 201 դրամ։ Սևաքար համայնքից 13 հա ՝ վճարելով 1 614 600 դրամ, հեկտարը՝ 124 200 դրամ: 2018 թ․ Բնապահպանության և ընդերքի տեսչության ստուգումները բացահայտեցին, որ 2017 թվականին ԶՊՄԿ-ն իրականացրել է 5 մլն տոննա ապօրինի ընդերքօգտագործում։ Ապօրինի ընդերքօգտագործման դեպքով քրեական գործ չի հարուցվել։
Բնապահպանության և ընդերքի պետական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը տեսչության հրապարակած փաստաթղթից հղում է անում, որ հանքաքարը հանել են և կուտակել խորշում, մինչդեռ դրա իրավունքը չունեին։ 2017 թվականին հանքավայրի հաշվեկշռային պաշարներից փաստացի մարվել է 27․2 մլն տոննա հանքաքար, մինչդեռ ընդերքօգտագործման պայմանագրով նախատեսված է եղել տարեկան 22 մլն տոննա։
Ըստ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հրապարակած փաստաթղթերի՝ ընկերությունը 2014 թ․նոյեմբերից մինչև 2017 թ․ ապրիլի 20-ն աշխատել է առանց արտանետումների թույլտվության։ Նշված ժամանակահատվածում մթնոլորտ է արտանետվել փոշի՝ 1754.92 տոննա, ածխածնի օքսիդ՝ 435.78 տոննա, ազոտի օքսիդ՝ 325.26 տոննա, բենզապիրեն՝ 0.002188 տոննա, ածխաջրածիններ՝ 56.739 տոննա, մանգանի օքսիդներ՝ 0.0046 տոննա, մուր՝ 12.709 տոննա, ծծմբական թթվի գոլորշիներ՝ 0.1725 տոննա և ծծմբի անհիդրիդ՝ 24.57 տոննա:
Ընկերությունը պոչամբարում ամրացման աշխատաքներ է իրականացնում: Կապանի ղեկավար Գևորգ Փարսյանը վստահեցրեց, որ Արծվանիկի պոչամբարը 9 բալ երկրաշարժին կկարողանա դիմակայել։ 6 տարի անց ԶՊՄԿ-ն այլևս Արծվանիկի պոչամբարում թափոններ չի լցնի, պետք է նոր պոչամբարի մասին մտածի:
Աճանանի բնակիչներն արդեն 5 ամիս է՝ դիմել են ԶՊՄԿ-ի տնօրինությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Սյունիքի մարզպետարան, Կապանի խոշորացված համայնքի ղեկավարին՝ պահանջելով Արծվանիկի պոչամբարի ռեկուլտիվացում և իրենց հասցված էկոլոգիական, սոցիալական և առողջական վնասների փոխհատուցմում:
Արծվանիկի պոչամբարի պարզվածքը ամեն օր լցվում է Աճանան գետը, ըստ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, կոմբինատն ունի լիազոր մարմնի կողմից տրված համապատասխան թույլտվություն։
2019 թ հոկտեմբերի 17-ին Արծվանիկի պոչատարի վերջին վթարի պատճառով Ողջի գետում հայտնվել էին թափոնաջրեր։ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «ԶՊՄԿ» ՓԲԸ համապատասխան աշխատակիցների կողմից արտադրված թափոնների տեղափոխման կանոններն առերևույթ խախտելու հետևանքով Սյունիքի մարզի Ներքին Գերաթաղ գյուղի տարածքով անցնող թիվ 2-րդ դյուկերի տարածքում վնասվել է խողովակաշարը:
Գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ հոկտեմբերի 31-ին հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ վտանգավոր քիմիական և կենսաբանական նյութերի ու թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է շրջակա միջավայրի աղտոտում:
Վերջաբան
Հայաստանի հյուսիսից-հարավ հանքարդյունաբերությունը պատճառում է վնասներ, սակայն վնասի գնահատումն ու ապացուցման բեռը թողնված է քաղաքացու ուսերին։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պատասխանում գրված է, որ վնասի գնահատում իրենք չեն իրականացնում և առաջարկվել է բնակիչներին քաղաքացիական օրենսդրության սահմաններում հարցը լուծել։
Որպես կանոն հանք շահագործող ընկերությունը, նախքան ՇՄԱԳ դրական եզրակացություն ստանալը, ծրագրում չի ներկայացնում հանքի փակման ծրագիրն ամբողջությամբ, ինչպես նաև ներկայացված չի լինում պոչամբարի ռեկուլտիվացման մանրամասները։ Արդյունքում պոչամբարները մնում են Հայաստանին «նվեր»։
Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը խնդրի լուծման համար անհրաժեշտ է համարում, որ պետությունը դեպոզիտ ունենա անձեռնխելի տեղ, որ հետագայում առաջացած խնդիրները լուծվի՝ դրանք են՝ ռեկուլտիվացիա, գետերի մաքրում։
Ըստ Շվեդական «Սվիդիշ Ջիոլոջիքըլ Էյ-Բի» ընկերության փորձագետների՝ «վերընթաց բարձրացման նախագծի օգտագործումն ունի սահմանափակումներ այն դեպքերի համար, երբ պոչամբարներում պահվում են ապարների թթվային դրենաժի ներուժ ունեցող պոչեր: Նման պոչամբարը պետք էլ ինի «հոսող պոչամբար», ջուրը պետք է դուրս գա ամբարտակից, այն պետք է հավաքվի կամ մաքրվի: Սա տեղի չի ունենում թթվային դրենաժ առաջացնող թափոններ պարունակող և ոչ մի պոչամբարում»։
Պոչամբարների վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարությունը Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում հավաքագրել է տվյալներ համապատասխան ֆինանսավորման առկայության դեպքում նախատեսվում է մշակել ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման տեղայնացված նախագծային փաթեթներ:
Հայաստանի գրեթե բոլոր պոչամբարներում եղել են վթարներ, սակայն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը միայն 2019 թ․ տվյալներին է հղում անում՝ ասելով, որ պոչամբարներում վթար չի եղել։
«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ օբյեկտը ենթակա է տեխնիկական անվտանգության փորձաքննության տարեկան առնվազն մեկ անգամ, իսկ 7-րդ կետով՝ անկախ նախատեսված ժամկետից, եթե օբյեկտում տեղի է ունեցել արտադրական պատահար կամ տեխնածին վթար։
Սյունիքի մարզ, Կավարտի հանքավայրը
20 տարի առաջ լքված Կավարտի հանքավայրը կոնսերվացվել է և հանձնվել Հայաստանի Հանրապետությանը։ Հանքավայրի ռեկուլկտիվացման համար անհրաժեշտ են ահռելի գումարներ։ Կապանի համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն ասում է, որ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետ քննարկում են Կավարտի հանքավայրի ռեկուլտիվացման ծրագիրը։
«ԱՐԿ» բնապահպանական ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Արմեն Ղազարյան էլ ստեղծել է «Կապան 2040» ծրագիրը, որտեղ հանքարդունաբերությունը չնչին տոկոս է կազմում։ Ասում է` հանքարդյունաբերական մաֆիան չեզոքացնելու համար այլ բիզնես մոդելներ են պետք։ «ԶՊՄԿ-ն շանտաժ ա անում, ասում է՝ խնդիր չկա , ուզում ես վաղն էլ չաշխատեմ, բայց այդքան աշխատատեղ կա ստեղծված, երբ Կապանում բողոքի ակցիաներ ենք կազմակերպում, Քաջարանից խմբերով գալիս են ու ճնշում, որ մեր աշխատատեղն եք ուզում փակել։ ԶՊՄԿ-ի փողը ներ չի դրվում տնտեսության մեջ, աչքին թոզ փչելու համար ծրագրեր են անում, այդ փողը ալտերնատիվ աշխատատեղ չի ստեղծում, քանի որ աշխատույժի շուկան կփոխվի, էն մարդը, որ պատրատ էր 150 000 դրամով մտնել հանք, ինքը էլ չի համաձայնվի»։
Հայաստանի քաղաքացիների առջև ծառացած մարտահրավերներից մեկը հանքարդյունաբերական մաֆիայի դեմ անառարկելի փաստեր հավաքագրելն է, որոնք հնարավորությունը կընձեռեն հյուսիսից-հարավ գործող հանքարդյունաբերական ընկերությունների դեմ դատական հայցեր ներկայացնել և համարժեք փոխհատուցում ստանալ։
Հայաստանի բնությանը հասցված վնասը երբեմն անդառնալի է․ այդ մասին են վկայում գիտահետազոտական կենտրոնների ուսումնասիրությունները՝ դեգրադացված հողերի, աղտոտված ջրերի, միրգ ու բանջարեղենի մեջ առկա ծանր մետաղների վերաբերյալ։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեռևս նման հեղափոխական դիրքորշում չունի՝ հաշվարկելու համար բնությանը և մարդկությանը հասցված վնասը, համապատասխան գնահատական տալու ամեն օր տեղի ունեցող էկոլոգիական հանցագործություններին:
Նոյեմբեր 08, 2019 at 14:38