ԷկոԼուր
Ունենալով մետաղական հանքերից արտանետումներ, պոչամբարներից արտահոսքեր, ծանր մետաղներով աղտոտված տարածքներ՝ Լոռու մարզում ազդակիր համայնքները որպես բնապահպանական և առողջապահական ծրագրեր, իրականացրել են աղբահանություն, ասֆալտապատում, դպրոցներին և մանկապարտեզներին ապահովել են սնունդով:
Լոռու մարզի՝ հանքարդյունաբերական ձեռնարկություններին ազդակիր Ալավերդի, Ախթալա, Շնող, Օձուն համայնքներում իրականացրած բնապահպանական և առողջապահական ծրագրերն ուսումնասիրել է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն «Թափանցիկ և հաշվետու հանքարդյունաբերություն» ծրագրի շրջանակներում: Ուսումնասիրության արդյունքները ներկայացվեցին նոյեմբերի 8-ին՝ Օձուն համայնքում կազմակերպված «ՀՀ ԱՃԹՆ զեկույցի հաշվետվությունների մատչելիության և հանրային վերահսկողության դիտարկում Ալավերդի, Ախթալա, Շնող, Օձուն համայնքների համար» ֆորումի ժամանակ:
Միջոցառմանը մասնացեցին ՀՀ արտակարգ իրավիճակների և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունների, Լոռու մարզպետարանի ներկայացուցիչներ, Ախթալայի և Օձունի համայնքապետերը, տեղի հասարակական կազմակերպությունների, հանքարդյունաբերական ազդակիր համայնքների ներկայացուցիչներ, ԷկոԼուրի թիմը:
Որպես սոցիալական աջակցություն՝ Շամլուղի պղնձի հանքը շահագործող «Ախթալա լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ն Ախթալա համայնքին 2018թ-ին վճարեց 40,000,000։ Այս գումարներով Մեծ Այրում բնակավայրում կազմակերպվել է աղբահանություն (360000ՀՀ դրամ), որպես առողջապահական միջոցառում, բնակավայրի նախադպրոցական ուսումնական հաստատությանը լրացուցիչ սնունդ է տրամադրվել (220100 դրամ)։ 1,093,200 դրամ տրամադրվել է Ճոճկան բնակավայրի նախադպրոցական ուսումնական հաստատությանը սնունդ տրամադրելուն: 16 613 547 ՀՀ դրամով վերանորգվել են Ախթալա քաղաքի և Ճոճկան գյուղի զբոսայգիները: 6 623 770 ՀՀ դրամ ուղղվել է Ախթալա քաղաքի շենքերի աստիճանների նորոգման համար, 2 160 000 ՀՀ դրամ էլ հատկացվել է Ախթալա համայնքի վարչական տարածքում թվով 7 կանգառների կառուցման համար:
Ախթալա համայնքի 2017թ․ բյուջեով շրջակա միջավայրի պահպանության համար նախատեսված է եղել 8,372,000 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ ուղղվել է աղբահանությանը։ Բյուջեի՝ կեղտաջրերի հեռացում, շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքար, կենսաբազմազանության և բնության պաշտպանություն, շրջակա միջավայրի պաշտպանության գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ, շրջակա միջավայրի պաշտպանություն միջոցառումների համար նախատեսվել է 0 դրամ։ Առողջապահական ծախսեր տողում 0․0 դրամ է նախատեսված եղել 2016- 2017թթ-ին, իսկ 2018թ-ին նախատեսվել է 660 000 ՀՀ դրամ։
Այս մասին ասաց Ծրագրի փորձագետ Սիլվա Այվազյանը:
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ի տրամադրած տեղեկատվության համաձայն, 2017թ․ «Թեղուտ» ՓԲԸ-ն Շնող համայնքի բյուջեին է փոխանցել 41,700,000 ՀՀ դրամ, որը ծախսվել է Շնող համայնքի 3-րդ փողոցի 620մ ճանապարհահատվածի վերանորոգման, կոյուղագծի կառուցման և ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ իրականացնելու համար։
«Թեղուտ» ՓԲԸ-ն 2016-2017թթ․«Աջակցություն Շնողին» ՀԿ-ին տրամադրել է 19,000,000 ՀՀ դրամ Շնողի մանկապարտեզի վերանորգման համար:
ԷկոԼուրի կողմից նշենք, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն ներառված չէ «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքում, և ընկերությանն ազդակիր Շնող և Թեղուտ բնակավայրերը չեն օգտվում Ընկերության վճարած բնապահպանական վճարներից բնապահպանական և առողջապահական ծրագրեր իրականացնելու համար:
«ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ» ԿՈՆՑԵՌՆ ՍՊԸ-ն, որին պատկանում է Մղարթի ոսկու հանքավայրի շահագործման իրավունքը, սոցիալական-կորպորատիվ պատասխանատվության շրջանակներում Օձուն համայնքին չի տրամադրել ֆինանսական կամ նյութական միջոցներ: 2016,2017,2018թթ․ պետական բյուջեից սուբվենցիաների տեսքով Օձուն համայնքին հատկացվել է 67,724,400 ՀՀ դրամ ասֆալտապատման և նախակրթարաններին սննդով ապահովման համար։
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանն ասաց, որ բնապահպանական վճարները շատ փոքր են լուրջ բնապահպանական ծրագրեր իրականացնելու համար, մյուս կողմից, սակայն, եղած միջոցները ծախսվել են ոչ նպատակային:
ԷկոԼուրի փորձագետ Ռոզա Ջուլհակյանը նշեց, որ ընդերքօգտագործման պայմանագրերով, ո՛չ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն, ո՛չ «Թեղուտ» ՓԲԸ-ն և ոչ էլ «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ն ազդակիր համայնքների նկատմամբ չունեն սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պայմանագրային պարտավորություններ, և նրանց կողմից արված հատկացումները դիտվում են որպես բարի կամքի դրսևորում: Մինչդեռ ՀՀ օրենսդրությամբ նրանք պարտավոր են ստանձնել սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում պարտավորություն:
ԷկոԼուրի փորձագետ Վիկտորյա Բուռնազյանը հանդես եկավ «Հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման նոր մեխանիզմներ» թեմայով զեկուցմամբ: Նա նշեց, որ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը (ԱՃԹՆ) նոր գործընթաց է Հայաստանում, որը հնարավորություն է ստեղծում բարձրացնել հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: Այս հարթակի շնորհիվ ազդակիր համայնքների ներկայացուցիչները հնարավորություն ունեն ներկայացնել իրենց խնդիրներն ու առաջարկությունները ԱՃԹՆ բազմաշահառու խմբին և ստանալ պատասխաններ և դիրքորոշումներ ԲՇԽ-ում ընդգրկված կառավարության, բիզնեսի և քաղաքացիական հասարակության անդամներից: Նա ներկաներին ներկայացրեց հոկտեմբերի վերջին Երևանում տեղի ունեցած հանրային մեծ քննարկման ընթացքում ազդակիր համայնքների բնակիչների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, համայնքապետերի բարձրացրած հարցերը և ոլորտի համար պատասխանատու գերատեսչությունների դիրքորոշումները:
Որպես հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության նոր ձևաչափ Վիկտորյա Բուռնազյանը նշեց հանրային դատավարություն գործիքը: Նա ներկայացրեց հանրային դատավարության փորձը: Երևանում 5 հանրային բնապահպանական դատավարություն է ընթացել, որոնք իրենց արձագանքն են ստացել համապատասխան գերատեսչությունների կողմից:
Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` ԱՃԹՆ գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։
Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Նոյեմբեր 15, 2019 at 19:36