Ու՞մ հավատալ Թեղուտի պոչամբարի անվտանգության հարցում

Ու՞մ հավատալ Թեղուտի պոչամբարի անվտանգության հարցում

ԷկոԼուր

Թեղուտի պոչամբարի անվտանգության հարցը պահանջում է մանրակրկիտ ուսումնասիրություն պատասխանատու պետական կառույցների կողմից: Թեղուտի պղնձամոլիբդենային հանաքավայրը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ի նոր ղեկավարությունը պնդում է, որ պոչամբարն անվտանգ է և շահագործում է այդ պոչամբարը: ՀՀ կառավարությունը, ի դեմս ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, անտեսում է այն փաստը, որ Թեղուտի հանքավայրի շահագործման դրական եզրակացության ժամկետը լրացել է 5 տարի առաջ և «Թեղուտ» ՓԲԸ-ի հայտը վերադարձվել է 2016 թ.` «Շրջակա միջավայի վրա ազդեցության փորձաքննական կենտրոնի» կողմից: Այսինքն` ընկերությունն աշխատում է և շահագործում է պոչամբարն առանց բնապահպանական փորձաքննության դրական եզրակցության:  

Մինչդեռ ընկերության նախկին սեփականատեր «Վալլեքս» խումբը և միջազգային կազմակերպություններն ահազանգում են պոչամբարի պատվարի փլուզման ռիսկի և հնարավոր զոհերի մասին:

Օրերս Թեղուտի պոչամբարի հարցը բարձրացվեց ՀՀ Ազգային ժողովում, երբ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ԱԺ-ում պատասխանում էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ ՀՀ կառավարությանն ուղղված բնապահպանական խնդիրների վերաբերյալ հարցադրումներին: 

Պատգամավոր Անի Սամսոնյանը, դիմելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, ասաց. «Մեզ ուղղված հարցապնդման պատասխանում նշված է. «Թեղուտի պոչամբարի կայունության և անվտանգության վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը Թեղուտի հանքավայրի շահագործման աշխատանքների վերագործարկման նպատակով իրականացրել է արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության փորձաքննություն և այս տարի հուլիսին տվել է եզրակացություն»: Ըստ այդ եզրակացության պարզվում է, որ պոչամբարը համապատասխանել է տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին: Բայց, միևնույն ժամանակ, մենք գիտենք, օրինակ, որ 50 մետր պոչամբարը դարձել է 53 մետր, և այն բարձրացրել են հողային և քարե պատվարով, այն այսօր լցված է առնվազն 93 մետր և այս լցված ծայրահեղ իրավիճակը թույլ է տալիս տալ գնահատականներ, որ այն չի կարող իրենից վտանգավորություն չներկայացնել, և այս վիճակում Թեղուտի հանքի շահագործումը կարող է վնասաբեր և վտանգավոր լինել»:

Ի պատասխան Տիգրան Ավինյանն ասաց. ««Թեղուտ» ՓԲԸ-ին առաջարկվել է կատարել նոր ուսումնասիրություններ պատվարի կայունության ուղղությամբ և ներկայում բուլղարական ընկերության կողմից իրականացվում է պատվարի անվտանգության նոր ուսումնասիրություններ: Աշխատանքները մեկնարկել են սեպտեմբերին, արդյունքները կամփոփվեն 6-7 ամսվա ընթացքում: Այս հարցը շատ է շահարկվել: Իրականում բոլոր հնարավոր մարմինները, որոնք ունեին առհասարակ Թեղուտի պոչամբարի հետ կապված  ինչ-որ կարողություններ, գրեթե բոլոր մարմիններն այնտեղ եղել են, և նվազագույնը կարող եմ ասել, որ որևէ մեկը եզրակացություն չի տվել, որ իրականում վտանգ կա: Այս պահի դրությամբ, այնուամենայնիվ, բուլղարական ընկերությունը շարունակում է իրականացնել հետազորտությունները: Ենթադրում եմ՝ տարվա վերջ, կամ հաջորդ տարվա սկիզբ մենք վերջնական ամփոփված տեղեկատվությունը կունենանք»:  

Նկատենք, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը Թեղուտի պոչամբարը փորձաքննել է փաստաթղթային մակարդակով և փաստաթղթերի հիման վրա է դրական եզրակացություն տվել պոչամբարի շահագործմանը:   

Մինչդեռ Հանքարդյունաբերողների և մետաղների միջազգային խորհուրդը (ICMM), որի գործունեությունն ուղղված է հանքարդյունաբերական ոլորտում անվտանգության, արդարության և կայունության ապահովմանը, սույն թվականի հուլիսի 10-ին ՀՀ կառավարության անդամներին՝ ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալներ Հակոբ Վարդանյանին և Վարդան Գևորգյանին է ուղարկել նամակ, որում մասնավորապես գրել է. «Հանքարդյունաբերության ոլորտում ճարտարագիտական ծառայություններ մատուցող, ԱՄՆ Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում գրանցված Global Resource Engineering (GRE) ընկերությունը կապ է հաստատել ICMM-ի  հետ և ահազանգել, որ Հայաստանում շահագործվող Թեղուտի պոչամբարը ծայրահեղ վտանգավոր վիճակում է. այն ունի փլուզման անխուսափելի վտանգ, որի արդյունքում հնարավոր է՝ մարդկային զոհեր լինեն։ Դա հիմնավորված է GRE-ի 2017-2018 թվականներին իրականացրած գեոտեխնիկական և այլ հետազոտություններով: Դրանց եզրակացություններն ավելի ուշ՝ 2018 թ-ին, հաստատվել են տվյալների անկախ տեխնիկական վերանայման արդյունքում: Ծայրահեղ վտանգավոր վիճակը թերի նախագծման և կառուցման, սխալ շահագործման և ոչ պատշաճ կառավարման համակցության հետևանք է:

ICMM-ը, որպես կանոն, կոնկրետ երկրի կամ տնտեսական ծրագրի վերաբերյալ հայտարարություններ չի անում, սակայն, հաշվի առնելով իրավիճակի լրջությունը, մենք Հայաստանի կառավարությանը կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել վերհանելու Թեղուտում ստեղծված ծայրահեղ վտանգավոր վիճակը և, ըստ անհրաժեշտության, շտկել ձևավորված ծայրահեղ վտանգավոր վիճակը: …Եթե Թեղուտում պոչամբարի պատվարը փլուզվի, բացի հնարավոր զոհերից, դրա հետևանքով Հայաստանում հանրային աջակցություն չի ունենա արդյունաբերության այս ճյուղի հետագա ընդլայնումը, չնայած ոլորտի՝ Հայաստանի զարգացմանը նպաստելու մեծ ներուժին: Սակայն այս ոլորտի ընդլայնումն արդարացված է միայն այն դեպքում, եթե Հայաստանը պարտավորություն ստանձնի զարգացնել կայուն հանքարդյունաբերություն»:

Թեղուտի պոչամբարի պատվարի անկայունության մասին փաստել է նաև ավստրալիական ATC Williams փորձագիտական ընկերությունը, որը ուսումնասիրել է  պոչամբարի պատվարը 2018թ-ին՝ համարելով այն «ծայրահեղ վտանգավոր»: 2019թ-ի օգոստոսի 25-ին «Թեղուտ» ՓԲԸ-ին ուղղված պատասխան նամակում ATC Williams փորձագիտական ընկերությունը հիշեցրել է. «ATC Williams-ը պարտավոր է հիշեցնել «Թեղուտ» ՓԲԸ-ին, որ Թեղուտի պոչամբարի հետ կապված ռիսկերը դեռ իրական և հրատապ են, չնայած նրան, որ պոչամբարը չի շահագործվել ավելի քան մեկուկես տարի… մեր պարտքն ենք համարում ևս մեկ անգամ բարձրացնել այս հարցը Թեղուտում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի, մասնավորապես՝ պոչամբարի ներքևի հատվածում ապրող մարդկանց անվտանգության համար մտահոգությամբ՝ անելով հնարավոր ամեն բան, որ այդ խնդիրները հնարավորինս լրջորեն ընդունվեն:

Հուսով ենք, որ Teghout Mining-ում բոլորը կհամաձայնեն ATC Williams-ի և GRE-ի հետ, որ Թեղուտի պոչամբարի ներքևի հատվածում բնակվող մարդկանց կյանքն առավել կարևոր է, քան ֆինանսական հետևանքները կամ իրավական պարտավորությունները»:

Հիշեցնենք, որ «Վալլեքս» խումբը Թեղուտի պոչամբարի շահագործումը դադարեցրեց հենց վերոնշյալ ընկերությունների հետազոտությունների արդյունքներից ելնելով: «Վալլեքս»-ը մտադիր էր անգամ նոր պոչամբար կառուցել հանքը շահագործելու համար: Սակայն 380 միլիոն դոլարի վարկը մարել չկարողանալու պատճառով Հայաստանի երկրորդ ամենամեծ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ն անցավ ռուսական VTB բանկին:  Տրամաբանությանը չի դիմանում «Թեղուտ» ՓԲԸ-ի նոր ղեկավարության պնդումն այն մասին, որ պոչամբարից այժմ արտահոսք չկա, քանի որ ծավալները չեն գերազանցում: 

 

 

Դեկտեմբեր 16, 2019 at 12:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր