Թեղուտի պոչամբարի պատվարի անվտանգության խնդիրը բնապահպանակա՞ն չէ

Թեղուտի պոչամբարի պատվարի անվտանգության խնդիրը բնապահպանակա՞ն չէ

ԷկոԼուր

Թեղուտի պոչամբարի պատվարի անվտանգության խնդիրը բնապահպանական չէ, 2019 թ․ տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Նշենք, որ Հանքարդյունաբերողների և մետաղների միջազգային խորհուրդը (ICMM) Թեղուտի պոչամբարի ծայրահեղ վտանգավոր լինելու մասին 2019 թ․հուլիսի 10-ին նամակ էր ուղարկել ՀՀ կառավարության անդամներին, այդ թվում ՀՀ բնապահպանության նախարարությանը՝ նշելով, որ պոչամբարի ծայրահեղ վտանգավոր վիճակը թերի նախագծման և կառուցման, սխալ շահագործման և ոչ պատշաճ կառավարման համակցության հետևանք է: Խորհուրդը զգուշացրել էր պոչամբարի փլուզման հետևանքով զոհերի մասին:

Այս կազմակերպության նամակի մասին հարցին ի պատասխան նախարար Էրիկ Գրիգորյանը, մասնավորապես, ասել է. «Ստացել ենք գրությունը և փոխանցել այն լիազոր մարմնին՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, քանի որ հարցը բարձրացվում է Թեղուտի պոչամբարի պատվարի և ոչ բնապահպանական ավելի լայն խնդիրների մասով։ Իսկ բնապահպանական խնդիրների մասով մեր նախարարության աշխատակիցներն այս տարի /2019թ./ 10 տարբեր հանքերում գնացել և մոնիթորինգ են իրականացրել, հաշվետվություններ ներկայացրել առավել լայն կտրվածքով, այսինքն՝ ջրերի, օդի, դիտակետերի մասով»:

Հիշեցնենք, որ 2006 թ-ին Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրին բնապահպանական դրական եզրակացություն է տվել ՀՀ բնապահպանության նախարարությունը (ներկայումս վերանվանվել է Շրջակա միջավայրի նախարարություն)՝ ի դեմս իր «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի: Առանց այս թույլտվության Թեղուտի ծրագիրը չէր կարող իրականացվել: Ավելին բնապահպանական դրական եզրակացությունն ուժը կորցրել է 2014 թ-ին, և հանքը շահագործվել է առանց նոր փորձաքննական եզրակացության:

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ Թեղուտի ծրագրի դրական եզրակացությունը պետք է ուժը կորցրած ճանաչվեր փորձաքննության ենթարկված նախագծային փաստաթղթերի և փորձաքննական եզրակացության պահանջների շեղումներով գործունեության իրականացման հիմքով, ինչը չի արվել: Փորձաքննական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչելու գործառույթը լիազոր մարմնինն է, որը սույն օրենքի 4-րդ հոդվածի 16-րդ կետի համաձայն՝ ՀՀ կառավարության լիազորած բնապահպանական ոլորտի պետական կառավարման մարմինն է:

Հունվար 08, 2020 at 18:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր