«Թեղուտ» ՓԲԸ-ն վերագործարկված է և աշխատում է բնականոն ռեժիմով. պաշտոնական

«Թեղուտ» ՓԲԸ-ն վերագործարկված է և աշխատում է բնականոն ռեժիմով. պաշտոնական

ԷկոԼուր

Լոռու մարզի Շնող համայնքի բնակիչները ԷկոԼուրին հայտնեցին, որ որոշ ժամանակով կանգնել է Թեղուտի հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքը, սակայն Թեղուտի պղնձամոլիբդենայինհանքավայրի շահագործումը չի դադարեցվել: Թե որն է եղել ֆաբրիկայի աշխատանքի դադարեցման պատճառը, բնակիչները հստակ չեն կարող ասել, սակայն ենթադրում են, որ այն կապված է Թեղուտի պոչամբարի անկայուն վիճակի հետ: Տեղացիները մեզ նաև հայտնեցին, որ չեն նկատել Շնող գետի աղտոտվածություն: Իսկ որ ընկերության ներսում կան ներքին կոնֆլիկտներ, լսել են համագյուղացիներից:

Այս առնչությամբ «Թեղուտ» ՓԲԸ-ն պաշտոնական հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ ֆաբրիկան վերագործարկված է և աշխատում է բնականոն ռեժիմով: Ընկերությունը ժխտել է շրջանառվող լուրերն այն մասին, որ ընկերության աշխատանքները դադարեցված են ներքին կոնֆլիկտների և պոչամբարի վատ վիճակի պատճառով:

Հիշեցնենք, որ «Վալլեքս» խումբը Թեղուտի հանքավայրի շահագործումը դադարեցրեց պոչամբարի հետ կապված ռիսկերի պատճառով, որոնք փաստել էին միջազգային ընկերությունների հետազոտությունները:  «Վալլեքս»-ը մտադիր էր անգամ նոր պոչամբար կառուցել հանքը շահագործելու համար: Սակայն 380 միլիոն դոլարի վարկը մարել չկարողանալու պատճառով Հայաստանի երկրորդ ամենամեծ պղնձամոլիբդենային հանքը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ն անցավ ռուսական VTB բանկին: Հանքավայրի վերագործարկումից հետո ընկերության նախկին սեփականատեր «Վալլեքս» խումբն ահազանգեց պոչամբարի պատվարի փլուզման ռիսկի և հնարավոր զոհերի մասին: Սակայն հանքավայրի և հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքը շարունակվեց: 

Մարտ 18, 2020 at 17:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր