Կորոնավիրուսը սրել է Շնողի և Թեղուտի սոցիալական խնդիրները

Կորոնավիրուսը սրել է Շնողի և Թեղուտի սոցիալական խնդիրները

Կորոնավիրուսի համավարակի առաջացրած մարտահրավերներից անմասն չի մնացել Լոռու մարզի Շնող խոշորացած համայնքը: Համավարակն ավելի է խորացրել համայնքի լարված սոցիալական իրավիճակը կապված Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի խնդիրների հետ: Համայնքի Շնող և Թեղուտ բնակավայրերի շուրջ 420 ընտանիքից հողատարածքներ են վերցվել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման համար, և այդ բնակիչները զրկված են գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունից:

Սոցիալական վիճակն ավելի է բարդացել՝ համավարակով պայմանավորված աշխատատեղերի կրճատման, արտագնա աշխատանքի մեկնել չկարողանալու պատճառով: Համայնքում նվազել է գյուղմթերքի իրացումը: «Նվազել են եկամուտները, մեղր ունեմ, առնող չկա, նվազել են առնողները: Արտահանումը զրո վիճակ է»,- ԷկոԼուրին ասաց Շնողի բնակիչ Լևոն Ալիխանյանը:

Համավարակն իր բացասական ազդեցությունն է ունեցել նաև սպասարկման ոլորտի, բիզնես ծառայությունների աշխատանքերի վրա, ինչը ևս առաջացրել է ֆինանսական խնդիրներ: Իսկ համայնքի միակ խոշոր գործատուն՝ «Թեղուտ Մայնինգ» ՓԲԸ-ն, չի կարող բոլոր գործազուրկներին ապահովել աշխատանքով, ինչի պատճառով համայնքում պարբերաբար բողոքի ալիք է բարձրանում: 

«Ընդհանուր համայնքում գործազուրկ է մոտ 100 հոգի, տարբեր բնագավառների աշխատողներ են: Բայց այնպես չէ, որ 100-ն էլ կարող են աշխատել «Թեղուտ» ՓԲԸ-ում: «Թեղուտ» ՓԲԸ-ի հետ պայմանավորվածություններ կան, որ հնարավորության դեպքում մարդկանց ընդունեն աշխատանքի: Արդեն իսկ անում են: Երկու-երեք ամսվա ընթացքում մի 14 հոգու ընդունել են»,- ասաց Շնողի համայնքապետ Դավիթ Ղումաշյանը։

Հիշեցնենք, որ համավարակով պայմանավորված արտակարգ դրության ժամանակահատվածում՝ օգոստոսի 21-ին, թեղուտցիները մի քանի ժամով փակել էին «Թեղուտ Մայնինգ» ՓԲԸ տանող ճանապարհը՝ պահանջելով Ընկերության ղեկավարությունից  իրենց աշխատատեղերով ապահովել։ Ընկերությունից խոստացել էին, որ մինչև դեկտեմբեր աշխատանքի կընդունեն 20 հոգու, որից տասին՝ մինչև սեպտեմբերի վերջ։

«Մարդիկ չունեն դրսից կամ արտագնա աշխատանքով գումար վաստակելու հնարավորություն, չունեն նաև գյուղատնտեսությամբ իրենց առօրյա խնդիրները լուծելու հնարավորություն, քանի որ Թեղուտի հողերը ժամանակին վաճառվել են ընկերությանը: Եվ այստեղ ընկերությունը պարտավոր է տվյալ համայնքի բնակիչներին հանքարդյունաբերությունից դուրս այլընտրանքային զբաղվածության հնարավորություն ստեղծել։ Ի վերջո, բոլորը չեն կարող հանքարդյունաբերությամբ զբաղվել, ի վերջո, հանքարդյունաբերությունը հավերժ չէ»,- ասաց Լոռու մարզի «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը:  

Բնակիչներն էլ են կարևորում  նոր ձեռնարկությունների հիմնումն իրենց բնակավայրում․ «Կարելի է մեկ այլ արտադրություն հիմնել: «Թեղուտ» ՓԲԸ-ն եկավ, մի օր փակվեց, բա հետո՞: Կամ կանայք կան, որ չեն ուզում հավաքարար աշխատել «Թեղուտ» ՓԲԸ-ում,  հրուշակեղենի գործարան լինի, կարի գործարան լինի, կաթի գործարան»,- ասացին Թեղուտի բնակիչները: 

Համայնքում ով հող ունի, որոշակիորեն ապահովված է, ում հողը «Թեղուտ» ՓԲԸ-ն վերցրել է, աշխատանքի կարիք ունի: Հող ունեցողներն էլ սակայն բողոքեցին ոռոգման ջրի պակասից: «Մի քանի ամիս է, մեր մոտ մի կաթիլ անձրև չի եկել, գետի ջուրը բարակել է: Հետո մի քանի տարի է, ինչքան ծառ է հատվել, դա էլ կարող է ազդել: Օրինակ, լոբին, որպես մշակաբույս խոնավություն է սիրում, հիմա լավ չի աճում: Մինչև անտառահատումները կլիմայի փոփոխության նշաններ մեզ մոտ կային: Բայց հատումներից հետո քիչ-քիչ  ավելի զգացնել տվեց կլիմայի փոփոխությունը: Նախկինում ձորերով ջուրը գալիս էր, մի տեղ հավաքվում, հիմա այդ ձորերից փոշին է բարձրանում, ջուր չկա ընդհանրապես: Միգուցե, հանքի պայթեցումներից դրենաժը խախտվել է, ջուրը՝ կորել: Խմելու ջուրը Ստեփանավանի Ագարակի ջուրն է, վճարովի է: Ով հնարավորություն ունի, Ագարակից եկող խմելու ջրով է ոռոգում տնամերձ այգին»,- ԷկոԼուրին պատմեցին Թեղուտի բնակիչները:

Հիշեցնենք, որ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման համար պաշտոնապես պետք է հատվի 357 հա անտառ: 2018թ-ի դրությամբ արդեն հատվել էր 223.2 հա անտառ: Որպես փոխհատուցում պետք է ընդերքօգտագործողի միջոցներով տնկվեր հատվող անտառի կրկնակին: Սակայն այդ գործն էլ պատշաճ չի իրականացվել: Շատ տարածքներում տնկված անտառ կա՛մ գոյություն չունի, կամ քիչ թվով ծառեր են կպել: 2019թ-ին ՀՀ դատախազությունը քրեական գործ հարուցեց, մասնավորապես, Վանաձորի և Սպիտակի անտառպետությունների՝ ընդհանուր 132 հա տարածքում 2012-2015թթ. ընթացքում փոխհատուցման նպատակով անտառապատման աշխատանքների չկազմակերպման կամ մասնակի կազմակերպման համար, որի համար «Հայանտառ» ՊՈԱԿ-ին «Թեղուտ» ՓԲԸ-ից փոխանցվել է 114.580.000 ՀՀ դրամ:

Համավարակը սահմանափակել է տեղեկացված լինելու և որոշումների կայացման գործընթացում մասնակցելու մարդկանց իրավունքները:  2020թ-ի օգոստոսի 10-ին Շնողի համայնքապետարանում տեղի է ունեցել  «Թեղուտ Մայնինգ» ՓԲԸ-ի՝ «Արտադրական պինդ թափոնների տեղադրման տեղամասի ստեղծման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ» հանրային լսումների 1-ին փուլը, որին քիչ մարդ է մասնակցել: ԷկոԼուրի հետ զրուցած բնակիչները նույնիսկ չհիշեցին, որ նման լսումներ են եղել:

Բոլորին մտահոգող Հայաստանի 2-րդ ամենամեծ՝ Թեղուտի պոչամբարի անվտանգության հարցն այդպես էլ չի քննարկվել համայնքում: Անգամ համայնքապետը տեղյակ չէր Թեղուտի պոչամբարի պատվարի կայունության վերաբերյալ բուլղարական «Գեոտեխմին» ընկերության հետազոտության արդյունքների մասին: Հիշեցնենք, որ համավարակով պայմանավորված արտակարգ դրության ժամանակաշրջանում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 8-ի 546-Ա որոշմամբ ստեղծվեց աշխատանքային խումբ, որը պետք է ուսումնասիրեր «Գեոտեխմին» ընկերության զեկույցը, որը պատրաստվել էր «Թեղուտ Մայնինգ» ՓԲԸ-ի պատվերով կատարած հետազոտության արդյունքում: Արդյունքները մինչ օրս չեն հրապարակվել: «Բուլղարական ընկերության կողմից պոչամբարի փորձաքննության արդյունքների մասին տեղյակ չենք: Իմ իմանալով դեռ չկա եզրակացութուն: Բայց «Թեղուտ» ընկերության տնօրինությունը վստահեցնում է, որ որևիցե խնդիր չկա պոչամբարի հետ կապված այս պահին: Թեղուտի հետ կապված վստահեցնում եմ ձեզ, որ այս պահին որևիցե արտահոսք չկա: Հանքի տարածքից այն ժամանակ անձրևաջրերի հետ արտահոսքեր լինում էր։ Հիմա կառուցել են ջրամբար, հավաքում են այդ ջրամբարում ամբողջ ջուրը, հետո գալիս է պարզարան, պարզարանից նորից բարձրանում ֆաբրիկա: Այսինքն, փակ ցիկլը միանշանակ աշխատում է, որևէ արտահոսք չկա ո՛չ պոչամբարից, ո՛չ բուն հանքի տարածքից: Իսկ փոշու հետ կապված կարող են լինել խնդիրներ, բայց չէի ասի, որ դա մեծ ազդեցություն ունի, որովհետև անընդհատ մեքենաներով շրջում են, ջրում են, փոշին շատ չի բարձրանում»,- վստահեցրեց   Շնողի համայնքապետը:

Սակայն բնակիչները դժգոհեցին պոչամբարից: «Անձրևոտ օրերին գյուղում շատանում է պոչամբարից եկող հոտը: Մեծամասամբ գլխացավեր ունենք ես, աղջիկս: Մարդիկ կան, շատ են բողոքում հոտից: Փոշու համար որ ասել ենք, շուտ արձագանքել են, սկսել են ջրել: Գիտենք մարդիկ, որ վրան ազդում է փոշին, բայց ձայն չեն հանում, որ աշխատանքը չկորցնեն: …Պոչամբարի հոտի, փոշու համար ի՞նչ բնապահպանական միջոցառում պիտի անեն, ծառատո՞ւնկ, ծառ կա: Եթե թույլ են տվել պոչամբարը բնակավայրին այդքան մոտ, դրան ի՞նչ բնապահպանական միջոցառում: Շատ-շատ տեղափոխեն այլ վայրում ապրելու: Ու՞ր պիտի գնաս, որ այդ հոտը չզգաս: Կարծում եմ՝ բնապահպանական վճարներով մեզ մոտ բնապահպանական և առաջապահական միջոցառումներն անարդյունավետ կլինեն, ավելի լավ է այդ գումարներով կանաչ տնտեսություն ստեղծեն, օրինակ, ջերմոցային տնտեսություն, որ հանքի փակվելուց հետո մարդիկ աշխատեն»,- ասացին Թեղուտի բնակիչները: Բացի պոչամբարից թեղուտցիները թվեցին նաև գյուղի համար լուծում պահանջող հետևյալ խնդիրները՝ աշխատատեղերի խնդիր, արոտավայրերի խնդիր, ոռոգման ջրի խնդիր, տրանսպորտի խնդիր, խոշորացված համայնքում ընդգրկված բնակավայրերի համաչափ զարգացման խնդիր, Թեղուտում  հակակարկտային կայանի բացակայության խնդիր:

Բնակիչները կարևորեցին  «Թեղուտ Մայնինգ» ՓԲԸ-ի հանդիպումների կազմակերպումը, որի ժամանակ մարդիկ կարող են բարձրացնել իրենց հուզող հարցերը:

Նշենք, որ նախկին «Թեղուտ» ՓԲԸ-ի 2013թ-ի փետրվարի 20թ-ի ՊՎ-376 ընդերքօգտագործման պայմանագրով ազդակիր համայնքի համար սոցիալական ծրագրեր նախատեսված չեն:  Ընկերությունը մինչև 2020 թ-ը ներառված չէր նաև «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքում, և ընկերության վճարած բնապահպանական վճարները ազդակիր համայնքին չէին հասնում:

2018թ-ին «Թեղուտ» ՓԲԸ-ն և Շնողի համայնքապետարանի հետ գործընկերության և համագործակցության պայմանագիր ստորագրեց: Ըստ պայմանագրի՝ նախատեսվում էր «Թեղուտի հանքահարստացման համալիրի վերագործարկումից հետո նոր արտադրական ծրագրում ներառել համայնքին վերաբերող սոցիալական ուղղվածության տարրեր, այդ թվում՝ բնապահպանական, սոցիալական, աշխատանքային անվտանգության, աշխատողների և Շնող խոշորացված համայնքի բնակիչների ներդաշնակ հարաբերությունների և այլ սոցիալական բնույթի հարցերին վերաբերող ենթածրագրեր …ենթածրագրերի իրականացման ուղղությամբ որպես ֆինանսավորում տարեկան կտրվածքով կատարել ներդրում (մասհանում) ընդհանուր ծավալով ոչ պակաս, քան նախորդ ֆինանսական տարվա ընթացքում իր ունեցած ֆինանսատնտեսական գործունեության համախառն շրջանառության 1 տոկոսի չափով»: Սակայն «Թեղուտ» ՓԲԸ-ի ղեկավարության փոփոխության հայտնի դեպքերից հետո, երբ ընկերությունն անցավ ՎՏԲ բանկին, պայմանագիրը 2020թ-ին վերակնքվել է նոր պայմանով ընկերության նոր ղեկավարության հետ: Ինչպես ԷկոԼուրին ասաց Շնողի համայնքապետ Դավիթ Ղումաշյանը, նոր փաստաթղթի շրջանակներում ընկերությունը Շնող համայնքի սոցիալ-տնտեսական նպատակների համար 2020թ. տրամադրելու 140 միլիոն դրամ, որից 70 միլիոնն արդեն տրամադրված է: «Ընկերության տրամադրած գումարով գազաֆիկացվում է Թեղուտ գյուղը, Քարկոփ գյուղը և Շնողի 3 թաղամաս: Այս տարի վերանորոգվում է Շնողի համայնքապետարանի շենքը: 300 միլիոն մենակ գազաֆիկացման ծրագիրն է, 23 միլիոն էլ համայնքապետարանի շենքի վերանորոգումն է»,- ասաց Դավիթ Ղումաշյանը:

Բացի ֆինանսական հատկացումից համավարակի դեմ պայքարի համար Շնողին ընկերությունն այլ ֆինանսական աջակցություն չի ցուցաբերել: «Կորոնավիրոսի հետ կապված մեր համայնքում մեծ բռնկում չի եղել, որ մարդիկ չաշխատեն, մնան տանը: Կարիք չի եղել, որ իրենց դիմենք»,- ասաց համայնքապետը:

Համավարակի դեմ պայքարը համակարգելու նպատակով համայնքապետարանն իր բյուջեից հատկացրել է շուրջ 300 հազար դրամ:  «Համայնքապետարանի կողմից մեկուսացվածներին տրամադրել ենք 10 հազար դրամի չափով սնունդ, համայնքի բնակիչներին հատկացրել դիմակներ, ալկոգել, ախտահանիչ միջոցներ: Պաշտպանիչ միջոցներ տրամադրել է ոչ միայն համայնքը. երևաբնակ շնողեցիները 3000 հատ դիմակ են ուղարկել»,- նշեց Դավիթ Ղումաշյանը: 

ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը GIZ-ի հետ համագործակցությամբ փոքր դրամաշնորհներ է տրամադրել  COVID-19-ի համավարակի պայմաններում համայնքներում ծագած սոցիալ-տնտեսական խնդիրների մեղմման նպատակով: Համայնքի բնակիչներին անհրաժեշտ քանակի պաշտպանիչ միջոցներով ապահովելու նպատակով համայնքապետարանը ևս դրամաշնորհ է ստացել «Կորոնավիրուսային հիվանդության դեմ կանխարգելման միջոցառումներ Լոռու մարզի Շնող համայնքում» ծրագրի համար: Ծրագրի շուրջ 500 հազար դրամ բյուջեն ուղղվել է ալկոգելի և դիմակների պատրաստման համար նյութեր ձեռք բերելուն: «Կարվելու է բազմանգամյա օգտագործման 500-750 կտորից դիմակ,  որոնք բաժանվելու են համայնքի սոցիալապես անապահով խավին, դպրոցներին` սոցիալապես անապահով երեխաների տրամադրելու համար, մասամբ նաև` հիմնարկ-ձեռնարկություններին»,- ասաց համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հեղինե Ճիճիլյանը:



Դեկտեմբեր 07, 2020 at 12:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր