ՀՀ Լոռու մարզի Թեղուտ գյուղի բնակիչները 2022թ. հունվարի 25-ին փակել էին դեպի «Թեղուտ» ՓԲԸ-ի ենթակառուցվածքներ տանող ճանապարհը՝ ընկերությունից պահանջելով լուծել իրենց կողմից բարձրացված խնդիրները:
Մասնավորապես, բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին դադարեցնել արտանետումները դեպի գյուղատնտեսական նշանակության հողեր և շրջակա միջավայր, գյուղատնտեսական հողերից և այլընտրանքային զարգացման հնարավորությունից զրկված գյուղացիներին ապահովել աշխատանքով մինչ այլընտրանքային աշխատատեղերի ստեղծումը։
«Սոցիալական խիստ անհավասարություն է տիրում: Մի տանից մի քանի աշխատող կա, մեկ ուրիշից՝ ոչ մեկը: Հողերը խլել եք, անտառը խլել եք, արոտավայրերը խլել եք, գործ էլ՝ չեք տալիս, ի՞նչ անի էդ մարդը»,- բողոքում էին բնակիչները: Վերջինները բարձրաձայնել էին նաև իրենց երեխաների առողջությանը հասցված վնասների՝ օգանիզմում մկնդեղի պարունակության բարձր չափաքանակների խնդրի մասին:
Բողոքի մասնակիցների հետ հանդիպման դուրս եկած «Թեղուտ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը, լսելով բոլոր խնդիրների մասին` արձագանքեց, թե ընկերությունը որևէ արտահոսք, արտանետում չունի: Տեղի բնակիչների պնդումներն այն մասին, որ այդ աղտոտվածության մասին վկայում են նաև միջազգային կազմակերպությունների հետազոտությունները, վերջինս չկարևորեց՝ դրանց իսկությունը կասկածի տակ դնելով:
«ԷկոԼուրի» հետ զրույցում Թեղուտի բնակիչ Մարտին Շախկյանը նշեց, որ ընկերության ներկայացուցչի գնալուց հետո իրենց փոխանցեցին, որ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը պատրաստ է հունվարի 26-ին ընդունել բողոքի ակցիայի մասնակիցներին: «Մեր խնդիրներին մարզպետը լավ ծանոթ է: Դրանք լուծելու համար ժամանակ ունեցել է: Մեզ այլընտրանքային զարգացում է պետք: Մենք չենք ուզում արտագաղթել: Բայց եթե խնդիրները չլուծվեն, կրկին փակելու ենք ճանապարհը»,- ասաց նա:
Հունվար 25, 2022 at 17:21