Կկայանա Լոռու մարզպետ-«Թեղուտ» ՓԲԸ-Թեղուտի բնակիչներ հանդիպումը

Կկայանա Լոռու մարզպետ-«Թեղուտ» ՓԲԸ-Թեղուտի բնակիչներ հանդիպումը
Այս շաբաթ նախատեսվում է Թեղուտի բնակիչների հանդիպումը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և «Թեղուտ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների հետ: Այս մասին նախորդ շաբաթ դեպի «Թեղուտ» ՓԲԸ-ի ենթակառուցվածքներ տանող ճանապարհը փակած բողոքի ակցիայի մասնակիցներին օրեր առաջ խոստացել է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը:
 
«ԷկոԼուրի» հետ զրույցում մարզպետի հետ հանդիպմանը մասնակցած թեղուտցի Մարտին Շախկյանն ասաց, որ հանդիպումը կկայանա «Թեղուտ» ՓԲԸ-ի տարածքում: Թեղուտցիները մարզպետին ներկայացրել էին իրենց պահանջները, այն է՝ վերացնել շրջակա միջավայրի աղտոտումն ու գյուղում աշխատատեղեր ստեղծել: Մարտին Շախկյանի խոսքով՝ եթե այդ հանդիպումը արդյունք չտվեց, իրենք շարունակելու են բողոքի ակցիաներ անել:
 
Մարտին Շախկյանն ասաց, որ ընկերությունից այլ պահանջ էլ ունի՝ վերադարձնել տարիներ առաջ գերակա հանրային շահ ճանաչվելու հետևանքով իրենից խլված հողատարածքը: «2007թ. գերակա հանրային շահի մասին որոշումով մեր հողերը բռնագրավեցին, այդ թվում՝ սեփականությունը, որից եկամուտ էինք ստանում: Այդ հողերի մի մասում արդեն մեկ տարի է՝ ընկերությունը գյուղատնտեսական աշխատանքներ է տանում: Այն գործը, որ ես էի անում, հիմա իրենք են անում: Արտադրության համար այդ հողն իրենց պետք չէր: Ուզում եմ վերադարձնել իմ հողն ինձ, ես մշակեմ, իմ ընտանիքը պահեմ: Բայց ինձ պատճառաբանում են, թե այդ հողը գրավադրված է բանկում, չեն կարող ետ վերադարձնել: Ինձնից իմ սեփականությունը խլել են, գրավադրել բանկում, իրենք եկամուտ են ստանում, անարդար վիճակ է»,- նշեց Թեղուտի բնակիչը: 
 
 
Մարտին Շախկյանը հավելեց, որ գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշման մեջ նաև նշված է եղել, որ ընկերության կողմից իրականացվող աշխատանքների հիման վրա հնարավոր կլինի իրականացնել համայնքային ու միջհամայնքային զարգացման նոր ծրագրեր: «14 տարի անց դրա հիման ի՞նչ ծրագրեր են զարգացում ունեցել, եթե դա գերակա շահ էր, թող նշեն այդ ծրագրերը»,- իր վրդովմունքն արտահայտեց բնակիչը: 
 

Հունվար 31, 2022 at 13:16


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր