Քարտեզագրվել է Լոռու մարզի Թումանյանի և Ստեփանավանի՝ լեռնահանքարդյունաբերական տարածքներում ծանր մետաղների և կայուն օրգանական աղտոտիչների՝ դիօքսինների բաշխումը: Չեխական «Առնիկա» քիմիական անվտանգության ՀԿ-ի ներկայացուցիչ Վալերիա Գրեչկոն 2021թ. դեկտեմբերի 8-ին Երևանում և դեկտեմբերի 10-ին Ախթալա համայքնում ներկայացրեց «Ծանր մետաղների և կայուն օրգանական աղտոտիչների բաշխման քարտեզագրում Թումանյանի և Ստեփանավանի տարածաշրջանների լեռնահանքարդյունաբերական տարածքներում» 2018-2021թթ. իրականացված հետազոտությունը: Մասնակիցների թվում են հասարակական կազմակերպությունների, պատասխանատու պետական մարմինների, ազդակիր համայնքների բնակիչները, տեղական ինքնակառավարման մարմինների և հանքարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչները:
Հետազոտության հիմնական արդյունքները
Երկար տարիներ շարունակ այստեղ արդյունահանել և շարունակում են արդյունահանել պղինձ, մոլիբդեն, ոսկի, արծաթ և այլ թանկարժեք և գունավոր մետաղներ, ինչն էլ ենթադրում է շրջակա միջավայրի բաղադրիչներում դրանց բարձր պարունակության մասին։ Այնուամենայնիվ, բացի բնական բարձր ֆոնից, հանքարդյունաբերության և մետալուրգիական արդյունաբերության արդյունքում այդ տարրերը ակտիվորեն տարածվում են շրջակա միջավայրում: Սա ազդում է տեղի բնակիչների սոցիալ-էկոլոգիական կենսապայմանների վրա, ովքեր ենթարկվում են անմիջական քրոնիկ և շարունակական ազդեցությունների: Անբարենպաստ կենսամիջավայրն ուղղակիորեն ազդում է մարդկանց առողջության կամ գյուղատնտեսական արտադրանքի որակի վրա:
2018–2021թթ. իրականացված հետազոտությունների ընթացքում Լոռու մարզի Ալավերդի, Աքորի, Ախթալա, Շամլուղ, Շնող, Թեղուտ, Փոքր Այրում, Մեծ Այրում, Ճոճկան, Հաղպատ, Մղարթ բնակավայրերից, ինչպես նաև Ստեփանավան խոշորացված համայնքի Արմանիս արվարձանից և դրանց շրջակայքից հավաքվել և փորձաքննության է ենթարկվել հողի, գետային նստվածների, փոշու և մարդկային մոտ 400 փորձանմուշ, որոնք հետազոտվել են Չեխիայի՝ Ուստի նադ Լաբեյում գտնվող լաբորատորիայում:
Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի թեժ կետերի տարածքում մկնդեղը ամենախնդրահարույց ծանր մետաղն է մարդու առողջության համար։ Հողի 36 նմուշներ ցույց են տվել, որ մկնդեղի առկայությունն այն քանակությամբ է, որը կարող է ապագայում բացասական ազդեցություն ունենալ երեխաների (67%) և մեծահասակների (30%) վրա: Ալավերդիում վերցված 2 և Ճոճկանի 1 հողի փորձանմուշներում հայտնաբերվել է մկնդեղի անթույլատրելի մակարդակ, որի առկայության դեպքում պետք է անհապաղ լուրջ միջոցներ ձեռնարկել։ Ալավերդի, Ախթալա, Ճոճկան և Փոքր Այրում բնակավայրերից վերցված հողի 9 նմուշներում հայտնաբերվել են մկնդեղի հետ կապված նշանակալի ոչ քաղցկեղածին ռիսկեր:
Ալավերդի քաղաքում Դեբեդ գետի հատվածում և հունով դեպի ներքև հատվածում վերցված հատակային նստվածքները ցույց են տվել գետի երկայնքով ծանր 6 մետաղների ավելի բարձր կոնցենտրացիա: Կոնցենտրացիաների զգալի աճ է նկատվել պղնձի (առավելագույնը 4 160 մգ/կգ սմ), մոլիբդենի (առավելագույնը 603 մգ/կգ սմ), ցինկի (առավելագույնը 728 մգ/կգ սմ) և քրոմի (առավելագույնը 56 մգ/կգ սմ) համար:
Ախթալա գետի հատակային նստվածքների հետազոտությունը ցույց է տվել, որ գետի այն հատվածը, որը հոսում է արդյունաբերական ազդեցության չենթարկված տարածքով՝ Շամլուղի մերձակայքում գտնվող անտառներում, ծանր մետաղների պարունակությունը զգալիորեն ցածր է, քան ստորին հոսանքում: Ախթալա քաղաքի տարածքում՝ մասնավորապես՝ պղնձի աճը 34-ից մինչև 4555 մգ/կգ է, իսկ ցինկի համար՝ 79-ից մինչև 2 310 մգ/կգ։ Ախթալա գետը հոսում է պոչամբարներից դուրս եկող՝ այդ թվում և ռեկուլտիվացված, բաց քարհանքների, պոչանքների, լցակույտերի, ջրահեռացումների տարածքով: Մկնդեղ հայտնաբերվել է նաև Ուրասարի տարածքում գտնվող Չքնաղ գետից վերցված հատակային նստվածքների նմուշներում, որտեղ մկնդեղի կոնցենտրացիան կազմել է 28 մգ/կգ կամ նորմայից 14 անգամ բարձր:
Ալավերդիում և հարակից տարածքներում ազատ պահման հավի ձվերում դիօքսինների պարունակությունը գերազանցել է հայկական և ռուսական սահմանաչափերը: Ձվի միջին սպառումը (օրական 1/3 ձու) հանգեցնում է դիօքսինների թույլատրելի օրական չափաբաժնի 260%-ի գերազանցմանը և 520% համապատասխանաբար 70 կգ չափահաս տղամարդու և 35 կգ 10 տարեկան երեխայի համար։ Ամենաբարձր մակարդակ ունեցող նմուշառման դեպքում գերազանցումը մեծահասակի և երեխայի համար կազմում է համապատասխանաբար 457% և 915%: Ալավերդիում հավաքված ազատ տարածության տնական ձվերում դիօքսինների և դիօքսինանման միացությունների կոնցենտրացիաները նվազում են Ալավերդու պղնձաձուլարանից հեռանալու հետ: Հետազոտությունը ցույց է տվել , որ տնական ձվերում դիօքսինի պարունակությունը 2-73 անգամ ավելի է եղել, քան Երևանի սուպերմարկետի ձվի մեջ։ Դիօքսինանման միացությունների դեպքում այս գերազանցումը եղել է 11-182 անգամ՝ համեմատած ձվի ստուգիչ նմուշների հետ:
Մարդկանց մազերում պղնձի ամենաբարձր կուտակումը նկատվել է Հաղպատից, Ալավերդիից և Մղարթից վերցված նմուշներում: Բացի այդ, 37-ամյա կնոջ մազի մեկ նմուշում հայտնաբերվել է պղինձ 1426 մգ/կգ, կապար՝ 23 մգ/կգ քանակությամբ: Սա պայմանավորված է վերարտադրողական տարիքի կանանց առողջության համար հնարավոր վտանգներով: Ալավերդիից և Աքորիից վերցված մազերի նմուշներում հայտնաբերվել է նիկելի զգալիորեն ավելի մեծ քանակություն:
Երեխաների օրգանիզմում մկնդեղի հետազոտություն
Երեխաների մեզի մեջ մկնդեղի միջին մակարդակն ավելի բարձր էր տղաների խմբում (25,7 մկգ / գ կրեատինին) համեմատած աղջիկների խմբի հետ (21,6 մկգ / գ կրեատինին): Մյուս կողմից, պղնձի պարունակությունը տղա երեխաների խմբի (15,7 մկգ/գ կրեատինինի) համեմատ ավելի բարձր է եղել աղջիկ երեխաների մոտ (18,1 մկգ/գ կրեատինին): Ալավերդիից, Փոքր Այրումից և Շամլուղից 4, 10 և 13 տարեկան տղաներից վերցված նմուշներում մկնդեղի կոնցենտրացիան գերազանցել է Չեխիայի աշխատողների առողջության պահպանման համար սահմանված սահմանաչափը: Երեխաներից վերցված 3 նմուշներում մկնդեղի պարունակությունը կազմել է 55, 58 և 68 մկգ/գ կրեատինին, ինչը մտահոգություն է առաջացնում տեղի բնակիչների, հատկապես երեխաների առողջության բարձր ռիսկերի վերաբերյալ: Մեծահասակների տարիքային խմբում պղնձի և մկնդեղի մակարդակն ավելի բարձր է եղել կանանց խմբում՝ համապատասխանաբար 11,9-ից մինչև 7,5 մկգ/գ կրեատինին և 20,4-ից մինչև 17,1 մկգ/գ կրեատինին:
Թումանյանի և Ստեփանավանի տարածաշրջանների արդյունաբերական ազդեցության ենթարկված հողերն ունեն ծանր մետաղների ավելի բարձր մակարդակ, քան արդյունաբերական գործունեություն չունեցող տարածքներում: Մետաղների կոնցենտրացիան նվազում է տարածական գրադիենտով աղտոտման աղբյուրի ուղղությամբ և ավելի արտահայտված է դառնում գերակշռող քամու ուղղությամբ: Մեր տվյալները շատ դեպքերում ցույց են տալիս, թե ինչպես է աղտոտվածությունը նվազում աղտոտման աղբյուրից հեռավորության հետ՝ դրանով իսկ բացահայտելով աղտոտման հիմնական աղբյուրները: Կարելի է ենթադրել, որ Ալավերդիում, Ախթալայում, Թեղուտում, Արմանիսում և Մղարթում տեղակայված արդյունաբերական օբյեկտները շրջակա միջավայրի աղտոտման աղբյուրներ են և ազդում են տեղի բնակիչների առողջության վրա:
Հետազոտություններն իրականացվել են չեխական «Առնիկա» կազմակերպության կողմից՝ հայաստանյան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունների հետ համատեղ՝ Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ՝ Վերափոխումների խթանման ծրագրի շրջանակներում:
Դեկտեմբեր 10, 2021 at 14:22