Լոռու մարզի Ախթալան խոշոր հանքարդյունաբերական համայնք է: Այն տեղակայված է Փամբակ-Դեբեդի հովտա-սարավանդային, անտառային ենթաշրջանում: Ախթալա խոշորացված համայնքի մեջ են մտնում Ախթալա և Շամլուղ արդյունաբերական քաղաքները, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան, Բենդիկ, Նեղոց գյուղերը, որտեղ բնակվում է ավելի քան 7000 մարդ:
Ախթալայում է գործում «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն, որն ունի 500 աշխատակից, որոնցից 400-ից ավելին՝ Ախթալա համայնքի բնակիչներն են: Ախթալայի բնակիչների մի մասն էլ աշխատում է մեկ այլ հանքարդյունաբերական ձեռնարկությունում՝ «Թեղուտ» ՓԲԸ-ում: Չնայած աշխատատեղերի առկայությանը՝ համայնքում կուտակվել են սոցիալական և բնապահպանական խնդիրներ, որոնք ազդում են համայնքի տնտեսական զարգացման վրա:
Ախթալա խոշորացված համայնքում գործող «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն շահագործում է Շամլուղի պղնձի հանքավայրը: Հանքավայրը գտնվում է Շամլուղ բնակավայրում, իսկ Մեծ Այրում և Ճոճկան բնակավայրերի միջնամասում՝ «Նահատակ» պոչամբարը, որը նախատեսվում է ռեկուլտիվացնել: 2021թ. հուլիսի 22-ին պոչամբարի ռեկուլտիվացման նախագիծն ստացել է ՇՄԱԳ ԲՓ 0132-21 դրական եզրակացությունը։ Ընկերությունն ունի ևս երկու պոչամբար՝ «Նազիկ» ու «Պահեստի ձոր» անվանումներով: Առաջինը գտնվում է Ախթալա քաղաքում՝ Ախթալայի վանական համալիրի անմիջական հարևանությամբ և համարվում է ռեկուլտիվացված, իսկ երկրորդը՝ Ախթալա-Շամլուղ ճանապարհին:
Ախթալայի ԼՀԿ-ի պարտավորությունները համայնքի նկատմամբ
«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ»-ը Ախթալա համայնքի նկատմամբ սոցիալ-տնտեսական աջակցության պարտավորություններ չի ներառել իր ընդերքօգտագործման պայմանագրում: Մինչդեռ 2017թ. Ախթալա համայնքի խոշորացումից հետո ընկերության և համայնքի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ ընկերությունն ամսական 5 միլիոն դրամ է (տարեկան 60 միլիոն դրամ) հատկացնում համայնքին: «Այս գումարը փոխհատուցում չէ՝ ընդամենը սոցիալական աջակցություն է համայնքի տնտեսական զարգացման համար: Նախորդ տարի խնդրել էինք կոմբինատին բացի 60 միլիոն դրամից ևս 20 միլիոն դրամով աջակցել, որպեսզի համայնքի ծրագրերն իրականացնենք»,- նշեց Ախթալա համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը: Ըստ նրա՝ գումարներն ուղղվել են ճանապարհաշինությանը, մանկապարտեզների կառուցմանը, խմելու ջրի խնդիրների կարգավորմանը:
«Մենք ընկերության բնապահպանական վճարը միավորել ենք սուբվենցիոն ծրագրերին և 2021թ. ուղղել Շամլուղի զբոսայգու վերանորոգմանը: Առաջարկ է եղել բնապահպանական գումարը հատկացնել հանքարդյունաբերության հետևանքով կուտակված թափոնների ռեկուլտիվացիային: Սակայն այդ գումարն այնքան քիչ է, որ եթե անգամ ցանկություն ունենանք իրագործելու, նույնիսկ սկիզբը չենք կարող անել»,- ասաց Արկադի Թամազյանը:
Վերը նշված խնդիրների լուծելու համար Արկադի Թամազյանը մեկ ճանապարհ է տեսնում՝ ընկերությունը պետք է ավելացնի համայնքին տրվող ֆինանսական օժանդակությունը, բայց դա չպետք է լինի նվիրատվության, բարի կամքի դրսևորման տեսքով: «Պետք է հարց առաջադրվի պետությանը, որ հարկային տեսակներից, օրինակ, ընկերության եկամտահարկից համայնքին մասնաբաժին փոխանցվի: Պետական մակարդակից այս հարցը իջնի համայնքներ, ապակենտրոնացում լինի»,- բացատրեց համայնքապետը:
Նա նշեց, որ լուրջ խնդիր կա Ախթալայի ԼՀԿ-ի թափոնների տեղադրման ու պահման հետ: Մինչև 2021թ. Շամլուղի հանքավայրի շահագործման հետևանքով առաջացած թափոնները կուտակվում էին «Նահատակ» պոչամբարում, սակայն այն լցված է և փակման փուլի նախապատրաստության մեջ է: «Կոմբինատը ժամանակին աշխատել է բաց համակարգով՝ թափոնները պոչամբարը լցնելով: Հետո փորձեցին փակ համակարգով աշխատել: Այս պահի դրությամբ փակ համակարգը չի արդարացրել, և խնդիրը նրանում է, որ թափոնները լցնելու այլ տեղ չկա: Հիմա կամ պետք է մտածել հանքարդյունաբերության այլ տարբերակ, որ չկանգնի կոմբինատը, կամ հասկանալ՝ ինչպես է լինելու իրավիճակն այս համայնքում: Ախթալա և Շամլուղ քաղաքները հանքարդյունաբերության հիման վրա են ստեղծվել: Գյուղերը դեռ կարող են գյուղատնտեսությամբ առաջ գնալ: Պետք է մտածել այս հարցի շուրջ»,- ասաց նա:
Շամլուղ քաղաքի խնդիրները
Շամլուղի 800 բնակիչների մեծ մասն աշխատում է Ախթալայի ԼՀԿ-ում՝ Շամլուղի պղնձի հանքում: Մեծամասնությունը զբաղվում է նաև անասնապահությամբ և մշակում է տնամերձ հողամասերը: Շամլուղ բնակավայրի վարչական ներկայացուցիչ Արթուր Աղաբաբյանը նշեց, որ 137,65 հա գյուղատնտեսական հող ունեն, սակայն մեծ մասն անջրդի է ոռոգման ջուր չլինելու պատճառով: Նրա ցանկությունն է զբոսաշրջություն զարգացնել: «Այդ ուղղությամբ ներկայում աշխատանքներ են տարվում. ճանապարհներ ենք վերանորոգում: Շամլուղը գեղեցիկ բնություն ունի, մի շարք պատմամշակութային վայրեր: Զբոսաշրջիկներին կարող ենք շահագրգռել նրանով, որ Լալվար սարի դիտակետից անմիջապես չորս պետության սահման է տեսանելի՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Ռուսաստան: Բենդիկ գյուղում էլ փորձում ենք էկոգյուղատնտեսություն զարգացնել: Այն հանքավայրից բավական հեռու է գտնվում և որևէ ազդեցություն չի կրում:
Ունենք ակտիվ երիտասարդներ, ովքեր զբոսաշրջության զարգացմանն ուղղված միջոցառումներ են նախաձեռնում, օրինակ, ավտոդրայվ են կազմակերպել մեզ մոտ: Կային այլ ծրագրեր ևս, մարդիկ պատրաստ էին ներդրումներ կատարել, սակայն պատերազմն ու համավարակը դանդաղեցրին այդ ծրագրերի իրագործումը»,- նշեց Արթուր Աղաբաբյանը:
Նա նաև նշեց, որ Շամլուղում լուրջ խնդիր է հանքարդյունաբերական թափոնների կուտակումը: «Ավելի քան 200 տարի կուտակված թափոնների մաքրման համար երկար տարիներ կպահանջվեն: Այս բոլոր խնդիրների լուծման համար պետության միջամտությունն է պետք: Եթե ուզում ենք զարգանալ, պետությունը պետք է ժողովրդի խնդիրը տեղում լուծի»,- ասաց նա:
Մեծ Այրումի զարգացման հեռանկարները
Մեծ Այրում գյուղում գտնվող «Նահատակ» պոչամբարը շրջակա միջավայրի աղտոտման և տեղի բնակիչների առողջության վատթարացման աղբյուր է: Այս մասին տարիներ շարունակ վկայել են տարբեր՝ թե՛ տեղական, թե՛ միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված հետազոտությունները: Բնակիչներն իրենց պատճառված վնասների մեղման կամ լուծման համար բավարար միջոցներ չունեն, քանի որ բնակավայրում սոցիալական վիճակը ցածր մակարդակի վրա է, նպաստառու ընտանիքները շատ են: Այստեղ առկա է աշխատատեղերի խնդիր, գյուղի այլընտրանքային զարգացման հնարավորության բացակայություն: Մեծ Այրումում հիմնական աշխատատեղը համայնքապետարանը, դպրոցն ու մանկապարտեզն են, ամռանը՝ բերքահավաքի ընթացքում ֆերմերների մոտ ու չրանոցում սեզոնային զբաղվածությունը:
Մեծ Այրումի վարչական ներկայացուցիչ Գայանե Ալլահվերդյանը նշեց, որ պոչամբարի ռեկուլտիվացման դեպքում հնարավոր է մտածել տուրիզմի զարգացման հեռանկարի մասին, որն իր հերթին նոր աշխատատեղեր ստեղծելու հնարավորություն կընձեռի: «Պատմամշակութային եկեղեցիներ, խաչքարեր ունենք անտառում: Հետագայում հնարավոր է դեպի այդ վայրեր տանող ճանապարհները հարթեցնել: Իսկ օտարալեզու զբոսաշրջիկներ ընդունելը նույնպես խնդիր չի լինի: Բավական ակտիվ երեխաներ ունենք, ովքեր դպրոցում խորությամբ ուսումնասիրում են անգլերեն լեզուն: Պարզապես տուրիզմի համար հյուրատուն պետք է լինի: Գյուղում արդեն կան բնակիչներ, ովքեր իրենց կենցաղային պայմաններն են բարելավել: Սակայն ճիշտ կլիներ, որ հատուկ դասընթացներ կազմակերպվեին ակտիվ բնակիչների հետ՝ զբոսաշրջիկներին հյուրընկալելու հմտություններ փոխանցելու համար»,- ասաց նա:
Ըստ Գայանե Ալլահվերդյանի՝ ներկայում փորձ է արվում նաև գյուղատնտեսությունը զարգացնել: «Պոչամբարից բավական հեռու ՝ 400 հա տարածքում նորատունկ այգիներ են տնկում բնակիչները: Արդեն բերքը քաղել ենք»,- նշեց նա: Վերջինս նկատեց, որ պոչամբարի լիարժեք ռեկուլտիվացումից հետո գյուղում ներդրումներ կատարելու հավանականությունը կմեծանա: «Ներկայում ՄԱԿ-ի կողմից ֆինանսավորվող մի ծրագրի մրցույթի ենք մասնակցում: Ծրագրով նախատեսվում է գումար տրամադրել այգի հիմնելու համար: Առաջին երեք տարիներին ֆերմերը ոչինչ չի վճարելու, այնուհետ պետք է բարեգործություն անել, օրինակ, սեփական բերքից նվիրաբերել բնակավայրի բնակիչներին: Այդ կերպ և՛ գյուղատնտեսություն է զարգացնում և օգնում համայնքին: Ծրագիրը դեռ խմորումների մեջ է, երկու փուլերն անցել ենք»,- ասաց նա:
Գայանե Ալլահվերդյանը նշեց, որ Մեծ Այրումում պահածոների գործարանի, կարի արտադրամասի ստեղծումը մշտական աշխատատեղեր կապահովեն ամբողջ տարվա կտրվածքով, և բնակիչները ամռան սեզոնային աշխատանքի հույսին չեն մնա:
Նյութը պատրաստվել է «Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի շրջանակներում:
«Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագիրն իրականացվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր Հորիզոններ», «ԷկոԼուր» և «Հայաստանի Անտառներ» հասարակական կազմակերպությունների գործընկերությամբ` «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում:
Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները:
Հունվար 12, 2022 at 14:38