Ճանապարհորդություն Լոռու՝ հանքարդյունաբերությունից տուժած տարածքներով

Ճանապարհորդություն Լոռու՝ հանքարդյունաբերությունից տուժած տարածքներով

Լոռու մարզ, Ստեփանավանի Արմանիս թաղամաս: Մենք իջնում ենք Չքնաղ գետի ձորակ: Սակայն գետի հարակից տարածքում իր անվանը հակադիր պատկեր է՝ ժանգագույն հոսքեր ու փրփրանման զանգված: Այստեղ գետին են միախառնվում հարևանությամբ գտնվող Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրի թափոնները: 

Չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպությունն արդեն չորրորդ տարին է Հայաստանի Լոռու մարզում հետազոտություններ է իրականացնում հանքարդյունաբերությունից աղտոտված տարածքներում: Նրանք ուսումնասիրում են շրջակա միջավայրի աղտոտվածության և մարդու առողջության վրա ունեցած ազդեցության փոխկապակցվածությունը: Հետազոտում են գետային նստվածքներում,  հողում, պտուղներում ու մարդու օրգանիզմում ծանր մետաղների և տոքսիկ տարրերի պարունակությունը: Նախորդ տարիներին իրականացված հետազոտությունների արդյունքները բացահայտեցին մկնդեղի, կադմիումի, կապարի և պղնձի պարունակությունը սննդային ամբողջ շղթայում: Այս տարի «Առնիկան» առավել խորացված հետազոտություն է իրականացնում, որպեսզի ցույց տա այդ աղտոտվածության տարածվածությունը՝ աղտոտման աղբյուրից դեպի մարդու օրգանիզմ:

Չեխ հետազոտողները ջրի նստվածքի նմուշառումներ են վերցնում, համարակալում տարաները:

Այնուհետ հանդիպում ենք Արմանիսի բնակիչներին: Հանքարդյունաբերության պատճառած վնասների մասին նրանք տեղյակ չեն, իրենց ոչինչ չեն բացատրել: «Ռիսկերի մասին ոչ ոք չի խոսել մեզ հետ… Լավ կլինի իմանանք՝ մեր առողջության վրա ազդում է, թե չէ: Բայց ումի՞ց իմանանք», - նշում են նրանք:

Հետազոտության ամբողջական պատկերը ստանալու համար հետազոտողները ջրի նստվածքից բացի սենյակային փոշու, հողի, կաթնամթերքի և կենսանյութերի (մարդու մեզի և մազերի) նմուշներ են վերցնում և առաջ շարժվում:

Հաջորդ կանգառը Ախթալա համայնքն է: Փորձում ենք մոտենալ Ախթալա գետակին: Փակված «Նազիկ» պոչամբարի կողքով անցնելիս աշխատում ենք չընկնել պոչամբարից արտահոսող կապտակաթնագույն ջրափոսերի մեջ: Շրջանցելու ճանապարհ գտանք: Մեր դիմաց կրկին հանքարդյունաբերական թափոններ են, իսկ հարևանությամբ հոսող Ախթալա գետը վարարել է, պղտորվել է՝ հորդառատ անձրևը թափոնաջրերը գետին է միախառնել: Պաշտոնական՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների համաձայն՝ Ախթալա գետը ամենաբարձր՝ 5-րդ դասի աղտոտվածություն ունի: 2021թ. գետում պղնձի և մոլիբդենի պարունակությունները գերազանցել են սահմանային թույլատրելի արժեքները: Հետաքրիր կլինի համեմատել այս տվյալները «Առնիկայի» հետազոտության արդյունքների հետ:

Երրորդ կանգառը Շնող և Թեղուտ գյուղերն են: Գյուղերի միջով անցնում է Շնող գետը: Գետի մեջ պարբերաբար թափվում են Թեղուտի պոչամբարի արտահոսքերը: Թեղուտի պոչամբար են լցվում Թեղուտի պղնձմոլիբդենային կոմբինատի պոչերը: Կոմբինատում վերամշակվում է «Թեղուտ» ՓԲԸ-ին պատկանող Թեղուտի պղնձա-մոլիբդենային հանքավայրի հանքանյութը: Շնող գետը նույնպես աղտոտվածության ամենաբարձր՝ 5-րդ դասին է պատկանում: Ըստ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ այստեղ նույնպես մոլիբդենի՝ սահմանային թույլատրելի արժեքներից բարձր պարունակություն է առկա:

Թեղուտցի բնակիչը Շնող գետից ոռոգման ջրի խնդրին է անդրադառնում: «..Մեր վտակի հարցը կա, մի փոքրիկ հողակտոր է մնացել, որ մաքուր մեր ամեն ինչ ունենանք: Մինչև Կառավարություն դիմել ենք էս ջրի հարցով, ոչ մեկը մինչև հիմա լուծում չի ստացել: Նմուշը վերցրել ենք, ուղարկել Ալավերդի, տարբեր եղանակներով ու միջոցներով դիմել ենք, մնացել է նույնը: Այս հետազոտության արդյունքում ապացույցներ կունենանք: Մենք շահագրգռված ենք, որ պայքարի մտնենք ոչ թե մի քանի հոգով, այլ՝ մեր ամբողջ բնակչությունը, ողջ համայնքը մտնի դրա մեջ: Պայքարի մեջ մտնենք, որ հասնենք արդարության, այդ հարցի լուծմանը…»,- վրդովված ասում է նա:

Մեկ այլ թեղուտցի բնակիչ պատրաստվում է դատարանի միջոցով իրեն պատճառված վնասների փոխհատուցում ստանալ: «Իմ հողամասը գտնվում է Դեբեդ գետի ափին: Ընտանի կենդանիները խմել են գետի ջուրը, հիվանդացել և մահացել: Ծառերը չորանում են: Ստամոքսի ցավեր ունեմ, ճնշման հետ կապված խնդիրներ: Իհարկե, մենք այս ամենը կապում ենք հանքարդյունաբերության հետ: Պատրաստվում եմ դատարանին ներկայացնել, որ ջուրն աղտոտված է, կենդանիներն էլ ամբողջ դրա պատճառով են սատկել», - նշում է նա: 

Իրենից բացի առողջությանը և տնտեսությանը հասցված վնասների փոխհատուցման պահանջով դատարան է դիմել ևս 70 հայցվոր: Ըստ տուժած բնակչի՝ հետազոտությունների արդյունքները արդարության և իրավունքների վերականգնման համար իրենց պայքարի հիմնական ապացուցողական հիմքն են: 

Հետազոտությունների՝ Հայաստանում իրականացվող աշխատանքների ավարտին 136 նմուշ ուղարկվել է Չեխիայի Առողջապահության ինստիտուտ՝ Ուստի նադ Լաբեյում գտնվող հավաստագրված լաբորատորիա: Հետազոտության արդյունքները կօգնեն ապացուցել հանքարդյունաբերական աղտոտվածության և մարդու առողջության կապը: Այսպիսիով՝ «Առնիկա» և Ալավերդիի «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» ՀԿ-ներն օգնում են տեղի բնակիչներին իրենց իրավունքների վերականգնման պայքարում, այդ խնդիրներին պետական մակարդակում լուծում տալուն և հանքարդյունաբերողներին և պետական լիազոր մարմիններին պատասխանատվության կանչելու գործընթացում: 

«Վերջին տարիներին կատարված հետազոտությունները գնալով ավելի են գրավում հանրության հետաքրքրությունը: Քանի որ Հայաստանում չկան մարդու առողջության վրա հանքարդյունաբերության և աղտոտվածության ազդեցությունը գնահատելու պետական ​​մեխանիզմներ, հետազոտությունների արդյունքներն իրավունքների պաշտպանության գործում միակ ապացույցն են ինչպես պետական ​​հիմնարկներում, այնպես էլ՝ դատարաններում: Բացի այդ, հետազոտության արդյունքներն ուղղակիորեն փոխազդում են պետական ​​քաղաքականության վրա, աշխատանքներ են տարվում շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա աղտոտվածության ազդեցության գնահատման մեխանիզմների ներդրման ուղղությամբ», - նշում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը:

Սեպտեմբեր 09, 2021 at 10:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր