Սերժ Թանգյան` Հայաստանում բիզնեսի եւ իշխանության աթոռը նույն է

Սերժ Թանգյան` Հայաստանում բիզնեսի եւ իշխանության աթոռը նույն է

ԷկոԼուր

«Ես այս միջոցառմանը ցանկություն ունեցա մասնակցել ՀԿ-ների շնորհիվ»,- օգոստոսի 15-ին հասարակական կազմակերպությունների, բնապահպանական շարժումների ու ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ ասաց  աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանգյանը: «Դուք շատ լավ եք աշխատում: Ինչպես ԱՄՆ-ում, այստեղ էլ ՀԿ-ները զբաղվում են այն հարցերով, որոնցով պետք է կառավարությունը զբաղվի»,- ասաց ռոք երաժիշտը:

Սերժ Թանգյանը  կողմ է անտառների պահպանմանը եւ վատ է վերաբերվում հանքարդյունաբերությանը, որի արդյունքում հատվելու է անտառը, աղտոտվելու է շրջակա միջավայրը, գետերը, հողը: Նա  քաջատեղյակ էր Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրին, նույնիսկ ասաց, որ Թեղուտի ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը  տվել է հենց ընկերությունը (Vallex Group ընկերությունը), այլ ոչ անկախ փորձագետները, ինչը բացասական է գնահատում:

Ըստ Թանգյանի` «Հայաստանը կղզի է, որը օվկիանոս չունի: Երկու սահմանները փակ են»: Այդ պատճառով Հայաստանը պետք է ինքնաբավ լինի, արտադրի էներգիա, սննդամթերք, քան ներկրի դրսի գենետիկորեն փոփոխված մթերքը: «Այսօր Հայաստանում բիզնեսի եւ իշխանության աթոռը նույն է»,- ասաց Թանգյանը: Ըստ նրա` պետք է բիզնեսը կառավարությունից առանձնացնել:

Դահլիճից Թանգյանին հարցրեցին, թե արդյոք հակասություն չի տեսնում նրանում, որ վարչապետից ընդունել է պարգեւ, որի վարած քաղաքականության դեմ պայքարում է քաղաքացիական հասարակությունը: Թանգյանը պատասխանեց, որ ինքը համարում է, որ այդ պարգեւին արժանացել է հայ ժողովրդի կողմից:  

«Երբ ես առաջին անգամ եկա Հայաստան, ես հուսահատություն տեսա մարդկանց դեմքին: Դա շատ ավելի վատ է, քան աղքատությունը: Մենք պետք է իրավունքի գերակայություն հաստատենք այստեղ»: Նրա կարծիքով` խնդիրները լուծելու համար պետք է ոչ միայն մարդկանց իրազեկել, այլ նաեւ գործել:

Հանդիպումը կազմակերպել էին «Կանաչաստան» ՀԿ-ն, Սիվիլիթաս հիմնադրամը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության եւ Քաունթերփարթ ինթերնեյշնլի հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ:

Օգոստոս 16, 2011 at 15:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր