

ԱրմԻնֆո
Թեղուտի պաշտպանության նախաձեռնող խումբը նամակ է հղել ՀՀ նախագահի բոլոր թեկնածուներին, որում պահանջում է հրապարակավ հայտնել իրենց հստակ դիրքորոշումը Թեղուտի հանքավայրի շահագործման վերաբերյալ, որը ՙլրջորեն վտանգում է Հայաստանի Հանրապետության բնակչության առողջական վիճակը և զգալիորեն վատթարացնում մեր երկրի էկոլոգիական իրավիճակը՚:
Թեղուտի պաշտպանության նախաձեռնող խմբից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված նամակում ասվում է. 'Հիմք ընդունելով այն հանգամանքները, որ դեռևս Խորհրդային Միության տարածքում արատավոր երեխաների ծննդյան թվաքանակով Հայաստանը երկրորդն էր Ղրղըզստանից հետո (ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2005 թվականի տվյալների); Թեղուտի հանքավայրի շահագործման հետևանքով առաջացած թափոնների կուտակումը (այդ թվում` ծանր մետաղների) և 15 պոչամբարների առկայությունը վտանգում է ոչ միայն Հայաստանի, այլ նաև հարևան երկրների էկոլոգիան; վերջին 10-15 տարիներին Հայաստանում շարունակվող զանգվածային անտառահատումները և ոչնչացված հազարավոր հա անտառտարածքները հանգեցնում են անապատեցման (ըստ վիճակագրության` 20-րդ դարի սկզբին անտառային տարածքները կազմել են Հայաստանի տարածքի շուրջ 30 տոկոսը, որը ներկայումս 6 տոկոսից էլ պակաս է);
Թեղուտի հանքավայրի շահագործումը չի անցել շրջակա միջավայրի ազդեցության գնահատման միջազգային լուրջ փորձաքննություն; հանքավայրի շահագործմամբ կոչնչանա ևս շուրջ 600 հարյուր հա կենդանի և հարուստ բնաշխարհ (այդ թվում` Կարմիր գրքում ներառված կենդանական և բուսական աշխարհի մի շարք տեսակներ); հանքավայրի շահագործումը կհանգեցնի չորս գետերի աղտոտման, այն է` կենսաբանական մահվան; ոչնչացման վտանգի տակ կլինեն հանքավայրի շրջակա տարածքում հայտնաբերված պատմամշակութային բազմաթիվ հուշարձանները;
Հայաստանի Հանրապետության բազմահազար բնակիչներ Թեղուտի հանքավայրի շահագործման հետևանքով ձեռք կբերեն մի շարք հիվանդություններ` քաղցկեղ, չբերություն, ամլություն, շնչառական ուղիների, մարմնական ու մտավոր թերզարգացության և այլն:
Ինչպես նաև հաշվի առնելով այն ցավալի իրողությունը, որ մեր պետության պաշտոնատար անձանց մեծամասնությունը կոռումպացված Է, իսկ դատական համակարգը, որպես կանոն, սպասարկում է իշխանությունների շահերը, ինչի արդյունքում հանրային գերակա շահ համարված Թեղուտի հանքավայրի տարածքի շահագործումից տեղի բնակչությանը խոստացված փոխհատուցումները և ապագա աշխատատեղերի վերաբերյալ խոստումները լուրջ կասկածների տեղիք են տալիս, ինչպես նաև արձանագրելով, որ հանքավայրի շահագործման արդյունքում առաջիկա տարիների ընթացքում ՀՀ պետական բյուջե մուտք գործող գումարները չնչին են լինելու` փոխհատուցելու համար հայրենի բնաշխարհին և բնակչությանը պատճառվելիք վնասները` հայտարարում ենք.
Թեղուտի հանքավայրը շահագործելու վերաբերյալ ՀՀ կառավարության և Էյ-Սի-Փի (Հայկական պղինձ ծրագիր) կազմակերպության միջև ձեռք բերված համաձայնությունը չի բխում հայ ժողովրդի շահերից: Մեր պահանջն է. դադարեցնել Թեղուտի հանքավայրի շահագործումը` դրանով իսկ մեր երկրի համար կանխելով այդպիսի վտանգավոր նախադեպերի ստեղծումը:
ՀՀ նախագահի բոլոր թեկնածուներից պահանջում ենք հրապարակավ հայտնել իրենց հստակ դիրքորոշումը Թեղուտի հանքավայրի շահագործման վերաբերյալ:
Ակնկալում ենք շուտափույթ պատասխան` քաջ գիտակցելով, որ ձեզանից յուրաքանչյուրի այդ պատասխանն է նաև կողմնորոշիչ լինելու ընտրողների լայն զանգվածների համար՚:
Հունվար 21, 2008
