Հայաստանի կառավարությունը խախտել է Օրհուսի կոնվենցիան

Հայաստանի կառավարությունը խախտել է Օրհուսի կոնվենցիան

Lragir.am

Թեղուտի հանքավայրի շահագործման վերաբերյալ Ժնեւ քաղաքում գտնվող Օրհուսի համապատասխանության կոմիտեն բավարարել է բնապահպանների դիմումը, համաձայն որի, ՀՀ-ն Թեղուտի հանքավայրի շահագործման մասին որոշում ընդունելիս խախտել է Օրհուսի կոնվենցիան, նշել է փաստաբան Հայկ Ալումյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում:

Փաստաբանը նշել է, որ Օրհուսի կոնվենցիան պաշտպանում է հանրության շահը բնապահպանական հարցերում: Այն երկրները, որոնք վավերացրել են Օրհուսի կոնվենցիան, պարտադիր պետք է կիրառեն նրա դրույթները:

Ալումյանի խոսքով, Օրհուսի համապատասխանության կոմիտեն համաձայնել է իրենց բոլոր փաստարկների հետ, բացառությամբ դատարանի դիմելու իրավունքից զրկված լինելու բողոքից: Օրհուսը համաձայնվել է, որ կոնվենցիայի երեք հիմնական բաժիններից երկուսը խախտվել են, այն է, հասարակությունն ամենավաղ փուլերում տեղեկացված չի եղել նախապատրաստվող գործողությունների ու որոշումների վերաբերյալ, ինչպես նաեւ մասնակից չի դարձվել որոշումներ ընդունելիս:

Փաստաբանն ընդգծել է, որ Կառավարությունը պարտավոր է շտկել իրավիճակը: Ինչ վերաբերում է դատական մարմիններին դիմելուն, Ալումյանն ասել է, որ ներպետական ատյաններում առայժմ նկատվում է, որ դատական պաշտպանության դիմելը կոպտորեն խախտվում է:

«Մինչեւ Օրհուսում հարցը քննելը, Վճռաբեկ դատարանը պարտադրեց Առաջին ատյանի դատարանին քննել հայցը: Սակայն Օրհուսի որոշումից հետո Վճռաբեկ դատարանը մեկ այլ հակասող որոշում ընդունեց, համաձայն որի, իրենք չեն կարող քննել այդ հարցը», ասել է փաստաբանը:

ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ նշել է, որ Օրհուսի համապատասխանության կոմիտեի որոշմամբ արդեն կա իրավական փաստաթուղթ, որը կառավարությունը պարտավոր է իրականացնել: Փոստանջյանն ասել է, որ հասարակությունը պատրաստվում է իրականացնել միջոցառումներ, որ կառավարությանը պարտադրի կատարել որոշումը:

Նրա խոսքով, Թեղուտում այժմ աշխատանքներ կատարվում են, սակայն հիմնական հանքի բացումը դեռ տեղի չի ունեցել, եւ հանրությունը դիմելու է ինքնապաշտպանության ու իրացնելու է իր իրավունքը: Բանախոսները նշել են նաեւ, որ Թեղուտի հանքավայրի շահագործումն աղետալի հետեւանքներ է ունենալու բնապահպանական առումով, ստեղծվելու է Հայաստանում ամենամեծ պոչամբարը:

Թեղուտի հանքավայրի շահագործումը իրականացնում է ACP ընկերությունը, որը կապված է Վալեքս գրուպին եւ դրա սեփականատեր Վալերի Մեժլումյանին:

Հունվար 12, 2012 at 16:37


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր