«Vallex» ընկերությունը հա՞յց է պատրաստում

«Vallex» ընկերությունը հա՞յց է պատրաստում

ԷկոԼուր

«Vallex» խմբի ընկերությունների մեջ մտնող «Թեղուտ» ՓԲԸ-ն մտադիր է դիմել դատարան էկոլոգների դեմ հայցով, ովքեր հունվարի 15-ին Թեղուտի ծրագրի ռիսկերի վերաբերյալ ճանաչողական ակցիա էին կազմակերպել Թեղուտի հանքավայրի տարածքում: Ընկերության մամլո հաղորդագրության մեջ նշված է, որ «(էկոլոգների) ապօրինի գործողությունների  հետևանքով խաթարվել է «Թեղուտ» ՓԲԸ բնականոն գործունեությունը. ընկերությանը հասցվել է էական վնաս, և այժմ ընկերության իրավաբանական ծառայությունն ուսումնասիրում է այդ վնասի վերականգման առարկայով հայցի (հայցերի) ներկայացման հնարավորությունը»:

«ԷկոԼուր»-ի բլոգեր Թեհմինե Ենոքյանը հայտնեց, որ ակցիայի մասնակիցները Թեղուտում չեն խաթարել ընկերության բնականոն գործունեությունը: «Մենք մոտեցանք Թեղուտի տարածքին եւ տեսանք մարդկանց` ձեռքներին ժապավեններ, որոնցով նրանք սահմանն էին գծել: Նրանք նաեւ ցուցապաստառներ էին պարզել եւ շատ ագրեսիվ էին տրամադրված: Այդ ժամանակ մենք հեռացանք եւ հակառակ կողմով բարձրացանք սարը, որտեղից կարելի էր տեսնել տարածքի մեծ մասը: Հետո իջանք Թեղուտ գյուղ, որտեղ շփվեցինք տեղի բնակիչների հետ»,- պատմեց Թեհմինեն: Նա նաեւ հայտնեց, որ ընկերության ղեկավարներից ոչ մեկը չհանդիպեց էկոլոգների հետ, ովքեր ընկերության համար նամակ էին նախապատրաստել:Ակտիվիստները նամակը հանձնեցին «Թեղուտ» ՓԲԸ-ի աշխատակցին, ով ներկայացել է որպես մարկշեյդեր: Նամակում նշված է, որ Օրհուսի կոնվենցիայի Համապատասախանության կոմիտեն ընդունել է, որ Հայաստանի կառավարության կողմից  Թեղուտի հանքավայրի շահագործման վերաբերյալ որոշումն ընդունելիս չեն կատարվել կոնվենցիայով նախատեսված պարտավորությունները:

Նշենք, որ ՀՀ Վարչական դատարանը մի քանի անգամ մերժել է էկոլոգներին` դատավարություն սկսել Թեղուտի ծրագրով օրենսդրության խախտման հարցի վերաբերյալ:

Բնապահպանների իրավաբան .«Թեղուտ» ՓԲԸ-ին էական վնաս պատճառելու մասին լուրերն անհեթեթ սուտ են

PanARMENIAN.Net

«Թեղուտ» ՓԲԸ տարածած տեղեկատվությունը, համաձայն որի 200 հոգուց բաղկացած բնապահպանների մի խումբ հավաքվել է ընկերության տարածքի հարակից տարածքում և փորձել է ներս մտնել՝ պատճառելով էական վնաս, անհեթեթ սուտ է։ Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց նախաձեռնող խմբի անդամ, իրավաբան Արթուր Գրիգորյանը՝ հավելելով, որ ոչ ոք չի փորձել ներս մտնել ։

«Այդ մենք պետք է իրենց դատի տանք այդ սահմանների համար։ Սակայն, չգնալով սրացումների, այդ սահմաններից դուրս էինք հավաքվել։ Մենք կադրեր ունենք, և շուտով կտեղադրենք համացանցում»,- ասաց իրավաբանը։

Ինչ վերաբերում է «էական վնասին», ապա, ըստ Արթուր Գրիգորյանի, շատ մեծ երևակայություն է պետք ունենալ դա ապացուցելու համար, քանի որ օրը կիրակի էր, և իրենք էլ ներս չեն մտել. «Մենք պահանջում էինք թույլ տալ բարձրանալ անտառը, որպեսզի Դուքանաձորից մարդկանց ցույց տայինք այն հրաշք բնությունը, որը պոչամբար է դառնալու, բայց այդպես էլ ներս չմտանք»։

2012 թ. հունվարի 15-ին ժամը 14:40-17:00 սահմաններում մոտ 200 հոգուց բաղկացած անձանց մի խումբ հավաքվել է «Թեղուտ» ՓԲԸ տարածքներին հարակից տարածքներում: «Թեղուտ» ՓԲԸ ղեկավարության ներկայացուցիչները և ՀՀ ոստիկանության աշխատակիցները նախազգուշացրել են վերոհիշյալ խմբի անդամներին, որ առանց թույլտվության «Թեղուտ» ՓԲԸ տարածք մուտք գործելով՝ նրանք կխախտեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը: Ըստ ընկերության ներկայացուցիչների, խումբը տարբեր վայրերից մոտեցել է «Թեղուտ» ՓԲԸ տարածքի սահմանանշումներին, փորձելով խախտել այն:

Թեղուտում հանքի շահագործումը բնակիչները համարում են իրենց ապրուստի միջոցը

News.am

«Ոնց եկել եք, տենց էլ հետ դառեք...եկել եք, որ մեր հացը կտրեք դուք, թե ասա ձեզնից ինչ բնապահպաններ...», «Երեւանում ձեզ համար ապրում եք, բայց որ մենք էսքան տարի սովից կոտորվում էինք, էդ ինչի մի անգամ չէիք գալիս», «սոկոնից բռնացրած մինչեւ բանջար հավաքել ծախել ենք, որ ապրենք, բայց էսօր արդեն տուն կա, որ Թեղուտի հանքի տված փողով Երեւանում երկու ուսանող ա պահում....»: Նմանօրինակ արտահայտություններով այսօր դիմավորեց Թեղուտ ժամանած բնապահպան ակտիվիստներին տեղի բնակչության մի մասը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հանքի շահագործման կողմնակիցները նշեցին, որ դա իրենց եկամտի միակ աղբյուրն է, երբ համատարած գործազրկություն է ու արտագաղթ գյուղում: «Բերեք ասենք, որ մեր գյուղը պարոն Մեջլումյանը փրկել ա, այսինքն էսօր մենք մեր հացն ունենք, դուք սխալ հասցեով եք եկել, ու ոնց եկել եք, նենց էլ հետ գնացեք, դա է մեր պահանջը»,- նշեց Շամաղա Չիլինգարյանը` հավելելով, որ եթե հանքը չշահագործվի, գյուղը սովամահության կմատնվի: Մեր այն հարցին, թե ինչպես են մինչ օրս ապրել, երբ հանքը չէր շահագործվում, բորբոքված աշխատակիցները պատասխանել են. «Ի՞նչ գիտեք մատնված չեն եղել, ժողովուրդն ապրում էր բանջար ու բալբա քաղելով եւ սիգարետի ակցիզներ հավաքելով ու ծախելով...»:

Զարուհի Փոստանջյան. Եթե թույլ տանք, կառավարությունը կշարունակի խախտել օրենքը

News.am

NEWS.am-ի թղթակիցը հունվարի 15-ին, Թեղուտում կայացած բնապահպանական ակցիայի ժամանակ մի քանի հարց է ուղղել ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին:

Տիկին Փոստանջյան, բնապահպան ակտիվիստները ցանկանում էին անցնել Թեղուտ, եւ բացի աշխատանքներին ծանոթանալուց, տեսնել նաեւ Թեղուտում գտնվող պատմամշակութային օբյեկտները, ինչը նրանց թույլ չտվեցին: Ինչպե՞ս եք դա գնահատում:

Բացարձակ անօրինականություն կարող եմ ես սա մեկնաբանել, քանի որ նույն այս ցանկապատը թե ի՞նչ հիմքերով է դրված, մենք այդպես էլ չկարողացանք պարզել իրենցից: Ես կարող եմ ասել, որ ՀՀ կառավարության որոշումն ուղղակի կայացվել է օրենքների խախտմամբ եւ դա արձանագրվել է ՄԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի որոշմամբ, որ կառավարությունն իրապես խախտել է Օրհուսի կոնվենցիան, ու մենք ՀՀ կառավարութունից ակնկալում ենք շտկել այդ խախտումները, իսկ եթե ոչ, ապա մենք մեր իրավունքի իրացման ուժով կշտկենք այդ բոլոր խախտումները:

Թույլտվությունը խախտումով է ձեռք բերված, իսկ շարունակությունը մեզնից է կախված, եթե թույլ տանք, իհարկե, կշարունակեն խախտել օրենքը:

Ո՞րն է լինելու Ձեր հետագա քայլը Թեղուտի հանքավայրի շահագործման հետ կապված եւ պատրաստվո՞ւմ է, արդյոք, «Ժառանգություն» խմբակցությունը հարցը բարձրացնել Ազգային ժողովում.

Հարցը մենք ի սկզբանե բարձրացրել ենք, ավելին ասեմ, դեռ տարիներ առաջ մենք հանդիպեցինք վարչապետի հետ ու քննարկեցինք այս հարցը: Հանդիպման  արձանագրության մեջ նշված է, որ պետք է անկախ փորձաքննություն անցկացվեր, բայց մինչ օրս ոչինչ չի արվել: Քաջարանի ժամանակ եւս պահանջեցինք հասարակական լսումներ իրականացնել: Մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի  հարցը հնարավորինս արագ լուծում ստանա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ բնապահպան ակտիվիստները հունվարի 15-ին մեկնել են Թեղուտ, սակայն նրանց թույլ չեն տվել մտնել Թեղուտի հանքի տարածք, իսկ տեղի բնակիչներից ոմանք հայտարարել են, թե Թեղուտում հանքի շահագործումն իրենց ապրուստի միջոցն է եւ բողոքել են բնապահպանների գործողություններից:

Թեղուտում գտնվող տեսարժան վայրեր այցելելու համար թույլտվություն է պետք «Վալեքս գրուպից»

News.am

«Փրկենք Թեղուտը» ակցիայի մասնակից բնապահպան ակտիվիստներն  հունվարի 15-ին այցելեցին Թեղուտ: Բնապահպան Մարիամ Սուխուդյանը News.am-ի  թղթակցին ասաց, որ այսուհետ իրենք Թեղուտում գտնվող տեսարժան վայրեր այցելելու համար նույնպես պետք է  թույլտվություն ստանան «Վալեքս գրուպից»:

«Մենք նպատակ ունեինք ներս մտնել եւ տեսնել պատմամշակութային օբյեկտները. ինչպես գիտենք, պեղումների ժամանակ հայտնաբերվել է 4000 պատմամշակութային օբյեկտ, բայց միայն եկեղեցի մտնելու համար ես պետք է թույլտվություն ստանամ»,-նշեց բնապահպանը:

Նա նաեւ հետաքրքիր  համարեց այն, որ «Վալեքս գրուպի» շահերը պաշտպանելու համար ներկա էին Ալավերդու, Շնողի եւ մարզի այլ համայքների բնակիչներ, որոնք թեպետ նշում էին, որ մեկ բռունցք կազմած պայքարում են, որ հանքը շահագործվի, սակայն նույն այդ համայքներից կային մարդիկ, ովքեր դեմ էին հանքի շահագործմանը: «Հենց գյուղի սկզբում մեզ միացան մի խումբ բնակիչներ, որոնք իրենց աջակցությունը հայտնեցին ակցիային»,-պատմեց Սուխուդյանը:

Ըստ նրա` փորձեր են եղել բախումներ առաջացնելու բնպահպանների եւ հանքի շահագործման կողմնակից բնակիչների միջեւ, սակայն «մենք դրան չենք գնա, մենք հասկանում ենք, որ նրանց պարտադրել են գալ, այլապես աշխատանքից կազատեն»:

Հւշեցնենք, որ «Փրկենք Թեղուտը» ակցիան մեկնարկել էր այսօր առավոտյան Վանաձորից:

Թեղուտի պաշտպանները Ախթալայի պոչամբարում են

www.1in.am

Չկարողանալով մուտք գործել Թեղուտի արգելված տարածքներ՝ Թեղուտի պաշտպանությանը նվիրված խմբի անդամները ուղևորվեցին Ախթալա՝ տեսնելու պոչամբարը: Այս պահին նրանք Ախթալայի պոչամբարում են: «Սա այն է, ինչ սպասվում է նաև Թեղուտին»,- նշում են ակցիայի մասնակիցները`հավելելով, որ պոչամբարը գազարագույն տհաճ զանգված է:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան նախաձեռնության անդամները ճանաչողական այց կատարեցին դեպի Թեղուտ: Այս պահին կա 150 մասնակից: Թեղուտի արգելված տարածքներ մուտք գործելիս «Վալեքս գրուպ» ընկերության աշխատակիցները փակեցին ակտիվիստների ճանապարհը`թույլ չտալով առաջ շարժվել:

Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել էր բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը, գարնանը Թեղուտի կուսական անտառներում սկսվելու են հանքի շահագործման պայթեցումները: «Թեղուտն այն տարածքն է, որտեղ կան Կարմիր գրքում ընդգրկված բուսատեսակներ և կենդանատեսակներ: Հանքի շահագործման դեպքում կբացվի նաև Հայաստանի ամենամեծ պոչամբարը»,- տեղեկացրել էր Մարիամ Սուխուդյանը:

Հիշեցնենք, որ ակցիային են միացել ակտիվ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, բնապահպաններ, քաղաքական և մշակութային գործիչներ:

Աննախադեպ շարժում Հայաստանի համար

Եղիշե Մեծարենց, Lragir.am

Հունվարի 15-ին Հայաստանում տեղի է ունեցել նախադեպը չունեցող բնապահպանական ակցիա, հանուն Թեղուտի պահպանման: Ակցիան, որպես այդպիսին, բազմամարդ համարելը դժվար է՝ մի քանի հարյուր մարդ, բայց նկատի ունենալով, որ այդօրինակ ակցիա եւ այդ բազմությամբ, Հայաստանում վերջին տարիներին կարծես թե չի եղել, թերեւս կարող ենք համարել, որ տեղի է ունեցել իսկապես տպավորիչ մի իրադարձություն: Դրա համար այն պետք է դիտարկել Հայաստանում առկա իրավիճակի դինամիկայի մեջ:

Ահա այդ տեսանկյունից, ակնհայտ է դառնում, որ երկրում ծավալվում է բավական նկատելի եւ նշանակալից բնապահպանական մի շարժում, որն իր ազդեցիկությամբ կարող է նաեւ քաղաքական էֆեկտ ունենալ, նկատի ունենալով թե այն, որ երկիրը մտնում է նախընտրական շրջան, թե նաեւ այն, որ բնապահպանական շարժումը ներկայում այն խմբերի եւ կլանների դեմ է, որոնք համատեղում են բիզնեսն ու իշխանությունը, այդ մեխանիզմի շրջանակում էլ անխնա շահագործելով Հայաստանի բնությունը՝ հանքարդյունաբերության տեսքով:

Այդպիսով, Հայաստանում ծավալվում է արժեհամակարգով՝ քաղաքացիական, բովանդակությամբ՝ բնապահպանական, իսկ հնարավոր էֆեկտով՝ քաղաքական մի շարժում, որի այդ կառուցվածքն էլ Հայաստանի համար թերեւս աննախադեպ է, եւ ունի ներդաշնակության բավական նկատելի պոտենցիալ:

Իհարկե, միամիտ կլինի համարել, որ Հայաստանի ապագան, վերափոխման նպատակի իրագործման բանալին կլինի այդ շարժումը, առավել եւս, որ իր ծավալմանը եւ քաղաքական հնարավոր էֆեկտի առարկայացմանը զուգահեռ, այն թերեւս կատաղի մրցակցության է հանդիպելու ոչ միայն իշխանության, այլ թերեւս նաեւ ընդդիմության դաշտի շատ ուժերի մոտ:

Այդ տեսանկյունից, բնապահպանները թերեւս պետք է պատրաստ լինեն դրան: Խոսքն ամենեւին քաղաքական մրցակցությանը պատրաստ լինելու մասին չէ, այլ հենց դրանից խուսափելուն պատրաստ լինելու մասին: Այսինքն, բավական իրատեսական է վտանգը, որ ժամանակի ընթացքում, երբ շարժումը կարողանա առավել զգալի թափ հավաքել, ինչի պոտենցիալը կա, թե իշխանության եւ թե ընդդիմության դաշտից փորձ կարվի շարժմանը հաղորդել քաղաքական բովանդակություն, այսինքն բնորոշել որպես քաղաքական:

Ոչ մի դեպքում չմտնել քաղաքական քննարկումների մեջ, ոչ մի դեպքում չդառնալ քաղաքական մրցակցության սուբյեկտ: Այդ խնդիրը երեւի թե ոչ նկատելիորեն, բայց բավական զգալի կախված է բնապահպանական շարժման վրա: Դրան է, որ պետք է պատրաստ լինի շարժումը, որի մեջ են նաեւ քաղաքական տարբեր ուժերի համակիրներ եւ ներկայացուցիչներ:

Նրանք մի կողմից շարժման ուժն են, մյուս կողմից “թուլությունը”՝ որ կարող է օգնել մրցակիցներին քաղաքականացնել շարժումը: Թերեւս ճիշտ կլինի այն, որ այդ մարդիկ խուսափեն շարժման առաջատարությունից, որքան էլ մեծ ու անկեղծ լինի բնության համար պայքարը առաջնորդելու նրանց ձգտումը, այլ մնան զուտ որպես մասնակից՝ ակտիվ, բայց շարքային մասնակից:

Քաղաքական ուժերի ներկայացուցիչները թող առաջնորդ լինեն իրենց ուժերի քաղաքական ակցիաներում, նախընտրական գործունեության մեջ, իսկ բնապահպանական շարժմանը նրանք պետք են ընդամենը որպես ծառայող, առավելագույնը՝ որպես զինվոր:

Ծառերից առաջ մարդկանց են «կտրել»

Ջեյմս Հակոբյան, Lragir.am

Թեղուտի պաշտպանության նպատակով Լոռու մարզ կատարած բնապահպանական երթի մասնակիցները հանդիպել են ոչ միայն հանքերը շահագործող «հսկաների», այլ նաեւ տեղի բնակիչների դժգոհությանը: Բնակիչները նրանց մեղադրել են իրենց ապրուստին խոչընդոտելու համար, ասելով, որ հանքերը իրենց համար հացի խնդիրը լուծելու միջոց են, ինչին բնապահպանները թող Երեւանից չխանգարեն:

Թվում է, թե բավական հակասական իրավիճակ է՝ մի կողմից Հայաստանի քաղաքացիներ են, որոնք մտահոգ են Հայաստանի բնության ապագայով, ինչի հանդեպ վտանգը սպառնում է Հայաստանի քաղաքացիների եւ նրանց սերունդների առողջությանը, հետեւաբար պետության ապագային, իսկ մյուս կողմից նույն Հայաստանի մյուս քաղաքացիներն են, որոնք կարիք ունեն ապրելու, իրենց եւ իրենց զավակների հանցի խնդիրը լուծելու, նրանց այլ կարիքները հոգալու:

Ու այդժամ բավական դժվար է կողմնորոշվել, թե որ կողմում է ճշմարտությունը, որովհետեւ այն երկու կողմում էլ կարծես թե կա՝ քաղաքացիների երկու կողմն էլ ունի իր ճշմարտությունը: Եվ այդ ճշմարտությունը կարծես թե միայն իրենցը չէ, որովհետեւ թե շրջակա միջավայրի եւ պետության ապագայի մասին մտածումն է բոլորի համար ճշմարիտ, թե ապրելու եւ հաց վաստակելու իրավունքն է բոլորի համար ճշմարիտ:

Այդտեղ է, որ առաջ է գալիս պետության դերը, որը պետք է կարգավորի այդ ճշմարտությունները՝ մի կողմից շրջակա միջավայրի պաշտպանության, մյուս կողմից հացի փողն արժանապատվորեն վաստակելու իրավունքը:

Պետությունը չի կատարում այդ դերը եւ ըստ էության ոտնահարում է բոլոր այդ իրավունքները, պաշտպանելով ընդամենը մի քանի մարդկանց հարստանալու իրավունքը՝ բնության եւ քաղաքացու արժանապատվության հաշվին:

Պետությունն իր քաղաքականությամբ ստեղծել է մի իրավիճակ, երբ թեղուտցին այլեւս ապրելու այլ տարբերակ չունի, քան հայրենիքից հեռանալը կամ հայրենիքը կտրելը: Եվ պատկերացնել կարելի է մի մարդու հոգեվիճակ, որ իր հայրենիքն այնքան է սիրում, որ չի թողնում ու հեռանում, բայց մնալու համար էլ ստիպված է հանդուրժել այդ հայրենիքի անապատացումը:

Տարիներ շարունակ մարդկանց համար չի ապահովվել կենսագործունեության ոչ մի պայման, որ տարիներ անց նրանք համակերպվեն ցանկացած պայմանի, համակերպվեն իրենց բնության ոչնչացման պայմանին:

Հեշտ կլիներ դատել թեղուտցուն, ով չի ուզում պաշտպանել իր բնությունը: Հեշտ կլինի նաեւ ասել, թե նույնիսկ իր կյանքի գնով նա պետք է այդ բնությունը պաշտպանի: Բայց վերամբարձության ժամանակը չէ, որովհետեւ գործ ունենք մարդկային եւ պետական ողբերգության հետ, եւ պաշտպանության կարիք ունեն թե Թեղուտը, թե թեղուտցին: Չէ որ մարդն էլ բնություն է եւ մինչեւ ծառերը կտրելը, հետեւողականորեն «կտրել» են այդ մարդկանց:

Եվ այստեղ թերեւս Երեւանի ամենամեծ բացթողումն է, որ տարիներ շարունակ չի նկատվել, կամ բավարար չափով չի նկատվել, թե ինչպես այդ մարդիկ «հատվում»: Այժմ Երեւանն ունի խնդիր՝ կանխել ծառերի հատումը, եւ պարտավորություն՝ վերականգնել տեղի բնակիչների հոգեբանական անկումն ու ինքնավստահությունը:

Երկու ակցիա Թեղուտում

Ա1+

Տարբեր ոլորտներ ներկայացնող մոտ 300 հոգի՝ բնապահպան, ուսանող, հունվարի 15-ին այցելել էին Թեղուտ եւ Շնող գյուղերի տարածք՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելով Թեղուտի հանքի շահագործման դեմ։ Թեղուտի պահապանները հայտարարում են, որ պայքարելու են այնքան մինչեւ դադարեցվի հանքի շահագործումը եւ անտառահատումը։ Մտածելու հերթը, ըստ նրանց, ՀՀ կառավարությանն է, քանի որ Գործադիրի հաստատած ծրագրի համաձայն «կորզելու են ընդերքից տարբեր տվյալներով 20-32 մլրդ դոլար արժեցող ազգային հարստությունը՝ Հայաստանին թողնելով լավագույն դեպքում 600 մլն դոլարի եկամուտ, ավերակ բնություն, 300 մլն տոննա պոչամբար, փոշի ցեխ եւ գաղթ»։

Ակցիայից հետո «Թեղուտ» ՓԲ ընկերությունը՝ «Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարություն է տարածել, թե բնապահպաննեն առանց թույլտվության են «Թեղուտ» ՓԲԸ տարածք մուտք գործել եւ խախտել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը:

«Ապօրինի գործողությունների հետևանքով խաթարվել է «Թեղուտ» ՓԲԸ բնականոն գործունեությունը. ընկերությանը հասցվել է էական վնաս, և այժմ ընկերության իրավաբանական ծառայությունն ուսումնասիրում է այդ վնասի վերականգման առարկայով հայցի (հայցերի) ներկայացման հնարավորությունը»,-ասված էր հաղորդագրության մեջ:

Ի դեպ, Երեւանից, Գյումրիից, Վանաձորից ժամանած բնապահպանների կազմակերպած ակցիային զուգահեռ մեկ այլ ակցիա էլ էր տեղի ունենում՝ ընդդեմ բնապահպանների

« Հանքի աշխատավորներին ավտոբուսներով ու մեքենաներով բերել էին հանքի մատույցներ, մի օրում պարիսպ սարքել տվել ձողերով, զարդարել ժապավեններով, ձեռները նախշուն պլակատներ տվել, որ դիմավորեին արշավականներին ու բացատրեին, թե իրենց փրկիչը «Վալեքսի» նախագահ Վալերի Մեջլումյանն է, որ իրենց աշխատանք է տվել, թե չէ սովամահ էին լինելու»,-ասում է Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, ով մասնակցել է ակցիային։

Ռուբեն Հախվերդյան. Պարտվում ենք ներքին թուրքի դեմ պատերազմում

Արփինե Սիմոնյան, Առավոտ

«Մենք մենակ մի խելացի բնապահպանության նախարար ենք ունեցել՝ Կարինե Դանիելյանը, էն էլ չդիմացավ, թե հանեցին, չեմ էլ հիշում: Մնացածը սաղ սիրողներ են՝ բնության հետ կապ չունեցող մարդիկ», -Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց  հայտնի արվեստագետ Ռուբեն Հախվերդյանը:

Նրա խոսքերով՝ «Այսօրվա դրությամբ, ամեն ինչ առ ու ծախի է վերածվել: Ո՞նց են վարվում մեր Թեղուտի հետ: Իրանք կտրում են էն ճյուղը, որի վրա նստած ենք: Եթե մենակ իրենց ճյուղը լիներ,  ջհանդամ՝ ժողովուրդը համ էլ կեղտից կազատվեր: Բայց էդ ճյուղի վրա նաեւ ժողովուրդն է նստած»:

Պարոն Հախվերդյանը կարծում է՝ Հայաստանի պատերազմը դեռ շարունակվում է. «Ու շարունակվում է ներքին թուրքի դեմ,  ու այս պատերազմում  պարտվում ենք ու հենց մեր ազգի չակերտյալ լիդերների կողմից»:

«Եթե Վալերի Մեջլումյանը չլիներ, հիմա թուրքի մոտ քոծություն էի անում». թեղուտցիներն` ընդդեմ բնապահպանների

Արփինե Սիմոնյան, Առավոտ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունվարի 15-ին երկու հարյուրից ավելի ակտիվիստներ, քաղաքական, մշակույթի գործիչներ արշավ էին կազմակերպել դեպի Թեղուտ: Հաղորդել էինք նաեւ, որ բնապահպան ակտիվիստների եւ բնակիչների միջեւ վիճաբանություն է եղել: Քիչ առաջ ինչպես հեռախոսով փոխանցեց Aravot.am-ի թղթակիցը, այժմ հավաքվել են նաեւ Օձունի, Շնողի եւ Թեղուտի բնակիչները` մոտ 150 հոգի: Նրանք հիմնականում հանքի աշխատակիցներ են: Գյուղացիները ի պատասխան բնապահպանների ակցիայի, ասել են. «Ա’յ գրանտակեր բնապահպաններ, ձեր գրանտները կերել եք, բայց երեք գյուղ սոված է»:

Բնապահպանները մեր թղթակցին ասել են, որ վերջին մի քանի օրվա ընթացքում մոտ 1 հա ծառ է հատվել, իսկ գյուղացիներն ասում են, որ ծառահատումների մասին թող չմտածեն, որովհետեւ այդ հատված ծառերն էլ են իրենք օգտագործում:

Այն հարցին, թե մտավախություն չկա՞, որ քաղցկեղն է իրենց սպառնում, թեղուտցի Նարեկ Բաբայանը, որ տասը տարի աշխատում է հանքարդյունաբերության ոլորտում, պատասխանել է. «Ավելի լավ է կուշտ փորով մեռնել, քան մեռնել սոված` քաղցկեղից»:

Գրիգորյան Շամաղան էլ այսպես է արձագանքել. «Եթե Վալերի Մեջլումյանը չլիներ, հիմա թուրքի մոտ քոծություն էի անում»:

«Բնակիչները խաբված են եւ աշխատատեղի կռիվ են անում, բայց մեր նպատակն է պայքարել եւ հասնել նրան, որ բնակիչները դադարեն մտածել, որ Թեղուտը կամ Քաջարանը միայն իրենցն է: Հանքերը պետք է շահագործվեն անվտանգ` ցանկացած քաղաքացու համար»,- Aravot.am-ին ասել է «Ժառանգության» պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը:

Բնապահպան Ապրես Զոհրաբյանի խոսքով, գարնանը  «Վալլեքս» ընկերությունը կսկսի պայթեցումները, ու հենց Թեղուտ հանքի կողքին` Դուքանաձորում ծառեր են հատվել, որտեղ էլ նախատեսվում է հանքի պոչամբարը: Եվ հենց դրանով է պայմանավորված Թեղուտի համար պայքարի ակտիվացումը: Ըստ նրա, «Վալլեքսը» մոտ 20 մլրդ դոլարի եկամուտ է ստանալու Թեղուտից, մինչդեռ 600 մլն դոլարն է մտնելու պետբյուջե: Մեր թղթակիցը փոխանցում է, որ գյուղացիները հենց այս տարածքում շարունակում են պաստառներով պայքարել, իսկ ակտիվիտները պատրաստվում են վերադառնալ Երեւան:

Ինչպես տեղեկանում ենք առցանց ինտերնետային հեռարձակումից, այժմ ակտիվիստները սպասում են «Վալլեքս» ընկերության պատասխանատուին, իսկ շուրջ հարյուր ոստիկաններն իրենց աշխատանքն են կատարում եւ չեն խոչընդոտում ակտիվիստների պայքարին:

Մեր թղթակիցը փոխանցում է նաեւ, որ բնապահպանները պահանջել են ներկայացնել հանքի շահագործման օրինական փաստաթղթերը եւ «Վալլեքս-Գրուպի» ներկայացուցչին են հանձնել «Օրհուսի» պայմանագիրը, որի համաձայն հանքը շահագործվում է իրավախախտումներով:

Սրան ի պատասխան «Թեղուտ» ՓԲԸ գլխավոր մարքշեյդեր Վարդգես Թովմասյան­­ը մեկնաբանել է, որ ծանոթ չէ պայմանագրին, կուսումնասիրի եւ իր գնահատականները կհրապարակի ավելի ուշ:

Նշենք նաեւ, որ գործարանը փակ էր դարպասներով, եւ բնապահպանները պահանջեցին ցույց տալ այն թույլտվությունը, որով հանրային տարածքը սեփականաշնորհել եւ փակել են: Վ. Թովմասյանը վստահեցրեց, որ իրենք ունեն թույլտվություն եւ օրինական կերպով են այն փակել: Երբ մեր թղթակիցը հետաքրքրվել է, թե ինչու են փակել, Վ. Թովմասյանն այսպես է արձագանքել. «Պաշտպանում ենք մեր աշխատակիցների անվտանգությունը»:

«Թեղուտ» ՓԲԸ-ն առավելագույնս թափանցիկ է գործում. «Վալլեքս» խմբի մամուլի խոսնակ

Emedia.am

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունն ակտիվացրել է իր գործունեությունը և հայտարարել, որ «Թեղուտ» ՓԲԸ տարածքում մտադիր է ճանաչողական քայլարշավ կազմակերպել: Այդ կապակցությամբ «Թեղուտ» ՓԲԸ-ն հայտարարել է, որ մինչ այդ տեղեկատվության հրապարակումը ԶԼՄ-ներով՝ «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անունից» հանդես եկող անձինք չեն համաձայնեցրել 2012 թ. հունվարի 15-ին «Թեղուտ» ՓԲԸ տարածքում որևէ քայլարշավի անցկացման հնարավորության հարցը «Թեղուտ» ՓԲԸ ղեկավարության հետ: Թույլտվության խնդրանքով գրավոր դիմում «Թեղուտ» ՓԲԸ նրանք ներկայացրել են միայն հունվարի 11-ին: Ի պատասխան՝ Թեղուտ ՓԲԸ-ն հայտնել է, որ հունվարի 15-ին կթույլատրի 15 հոգանոց խմբի մուտքը՝ պայմանով, որ նախապես ներկայացվեն այդ 15 հոգու տվյալները: «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անունից» որևէ անձի տվյալ չի ներկայացվել, այսինքն՝ նախաձեռնությունը չի օգտվել «Թեղուտ» ՓԲԸ տարածք օրինական կերպով մուտք գործելու հնարավորությունից: 

Այս կապակցությամբ eMedia.am-ը զրուցել է «Վալլեքս» խմբի ընկերությունների մամուլի խոսնակ Վահրամ Ավագյանի հետ:

-Պարոն Ավագյան, ի՞նչ է կատարվում ներկայումս «Թեղուտ» ՓԲԸ-ի շուրջ, ինչո՞ւ է աղմուկ բարձրացել:

-«Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» անունից «Թեղուտ» ՓԲԸ ղեկավարությանը հունվարի 11-ին գրություն է ներկայացվել, որտեղ նշել էին, որ ցանկանում են շուրջ 100 հոգանոց խմբով մուտք գործել «Թեղուտ» ՓԲԸ տարածք և ճանաչողական քայլարշավ իրականացնել «Թեղուտ» ՓԲԸ տարածքում: Պատասխան գրության մեջ մենք նշել ենք, որ ողջունում ենք մեր գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողությանը միտված գործողությունները, և ինքներս պարբերաբար կազմակերպում ենք հասարակության տեղեկատվական շահերը ներկայացնող անձանց շրջայցեր մեր գործունեության վայրերում: Դա մեր գործունեության սկզբունքներից է, ինչի մասին, անկեղծ լինելու դեպքում, պետք է վկայեն նաև հենց այս քայլարշավի կազմակերպիչ հանդես եկող անձինք: Դեռևս անցյալ տարի դեկտեմբերի 13-ին նրանք դիմեցին մեզ «Թեղուտ» ՓԲԸ տարածքներում 6 հոգուց բաղկացած խմբի համար ճանաչողական շրջայց կազմակերպելու խնդրանքով: Մենք սիրով հյուրընկալեցինք նրանց. մանրամասն ներկայացվեցին ընկերության տարածքները, ապագա արտադրական օբյեկտների առանձնահատկությունները, ներկա շինարարական և այլ նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Նրանք անխոչընդոտ շրջել են, լուսանկարել, տեսանկարահանումներ արել: Պատասխանվել է նրանց գործնականում բոլոր հարցերին:
Նույն սկզբունքին հետևելու դրսևորում եմ համարում նաև այն, որ «Թեղուտի պաշտպանության անունից» հանդես եկող անձանց գրությանը «Թեղուտ» ՓԲԸ պատասխանով հունվարի 15-ին թույլատրվեց այդ անձանց 15 հոգանոց խմբի մուտքը «Թեղուտ» ՓԲԸ տարածք՝ այն պայմանով, որ մինչև հունվարի 13-ը, ժամը 15:00 ներկայացվեն այդ անձանց անձնագրային տվյալները, ներկայացրած կազմակերպությունը, մասնագիտությունը: Մինչ այս պահը մենք որևէ անձի տվյալ չենք ստացել:

-Ի՞նչն է խնդիրը, որ այդ 100 հոգուն չեք թողնում մտնել տարածք:

-Դա խոշոր արդյունաբերական ձեռնարկության տարածք է. հանգստի գոտի չէ, զբոսանքի վայր չէ: Այդ տարածքներում խոշորամասշտաբ աշխատանքներ են ընթանում, ծանր տեխնիկա է աշխատում: Պատկերացնո՞ւմ եք ինչ կլիներ, եթե երբ ում խելքի փչեր հարյուր հոգանոց խումբ հավաքեր և պահանջեր անարգել մտնել ու շրջել այդպիսի տարածքում:

-Այսինքն, եթե ձեզ հետ նախապես այդ 100 հոգու այցը համաձայնեցվեր, դուք կթույլատրեի՞ք նրանց մուտք գործել ՓԲԸ-ի տարածք:

-Որոշակիորեն տարօրինակ է այն, որ մարդիկ «Թեղուտ» ՓԲԸ տարածքում քայլարշավի մասին հայտարարել են առանց «Թեղուտ» ՓԲԸ հետ նախապես համաձայնեցնելու: Այդ երևույթին տարբեր գնահատականներ կարելի է տալ նաև բարոյականության տեսանկյունից: Սակայն «Թեղուտ» ՓԲԸ պատասխանով տրված թույլտվության սահմանները պայմանավորված են բացառապես օբյեկտիվ գործոններով, և եթե մեզ դիմելու և քայլարշավի ենթադրվող օրվա միջև ժամանակահատվածն ավելի մեծ լիներ, ապա գուցե թույլտվության սահմաններն ավելի լայն լինեին: Բայց դարձյալ դա պայմանավորված կլիներ միայն օբյեկտիվ գործոններով: Միևնույն ժամանակ հարկ է համարժեք գնահատել այն, որ 15 հոգու մուտքը այնուամենայնիվ թույլատրվել է: Նրանք կարող են տարածքում նկարահանումներ անել, տեղեկատվություն հավաքել և այն ներկայացնել ցանկացած ծավալի հանրության: Եթե նպատակը իրոք հասարակական լայն վերահսկողությունն է, ապա դրա հնարավորությունը լիարժեքորեն տրված է:

-Իսկ ըստ Ձեզ, նախաձեռնության նպատակը ո՞րն է:

-Ես չեմ կարող իրենց փոխարեն իրենց նպատակները մեկնաբանել: Իրենց գրության մեջ նշված է «ճանաչողական քայլարշավ»: Մինչդեռ սոցիալական ցանցերում տարածվող հայտարարություններում մասնակիցներին կոչ են անում գալ շեփորներով ու թմբուկներով: Մի՞թե շեփորն ու թմբուկը տարածք ճանաչելու գործիքներ են: Ոչ արհեստավարժ ձեռքերում դրանք միայն աղմուկ կարող են անել:

-Եթե այնուամենայնիվ այդ 100 հոգին որոշի գալ, ի՞նչ է լինելու: Ինչ-որ միջոցառոմներ Ձեր կողմից ձեռնարկվելո՞ւ են:

-Եթե խումբը որոշի առանց «Թեղուտ» ՓԲԸ թույլտվության մուտք գործել, բնականաբար դա կլինի ընկերության իրավունքների և օրինական շահերի ոտնահարում, ոտնձգություն նրա իրավունքների նկատմամբ: Մասնավոր սեփականությունը և ընկերությունների օրինական շահերը ՀՀ-ում պաշտպանված են օրենսդրորեն և մենք համոզված ենք, որ համապատասխան պետական մարմինները պատշաճ միջոցառումներ կիրականացնեն ապահովելու համար ադ իրավունքների անխախտ լինելը:

-Նախաձեռնության անդամները նշել են, որ միևնույնն է արշավն անցկացվելու է: Նրանք նաև դիմել են ոստիկանությանն իրենց անվտանգությունը պահպանելու համար:

-Ես ծանոթ չեմ իրենց դիմումին ոստիկանությանը և չգիտեմ թե նրանք ինչ են հատկապես խնդրել ոստիկանությունից:

-Իսկ ընկերության անվտանգության ծառայությունը հնարավո՞ր է, որ միջամտի գործընթացին:

-«Թեղուտ» ՓԲԸ անվտանգության ծառայությունը կգործի ՀՀ օրենքներով և ընկերությունում գործող կարգով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում: Կրկնում եմ՝ առանց թույլտվության մասնավոր սեփականություն հանդիսացող տարածք մուտք գործելու ցանկացած փորձ կլինի ոտնձգություն ընկերության իրավունքերի նկատմամաբ: Այս քայլարշավի վերաբերյալ մի քննարկման ժամանակ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը հայտարարեց, թե դա ընկերության տարածքը չէ, դա իր Հայրենիքի տարածքն է: Բնականաբար Հայաստանը մեր Հայրենիքն է ու դրա հետ չի կարելի վիճել, բայց մեր Հայրենիքի, մեր պետության օրենսդրությունը պաշտպանում է մասնավոր սեփականության իրավունքը: Ապրելով մեր Հայրենիքում՝ մենք կարող ենք նաև սեփականության իրավունք ունենալ մեր տան տարածքի նկատմամբ, մեր գործունեության վայրի նկատմամբ, և այդ տարածքը իրավունք ունենք պաշտպանելու երրորդ անձանց անօրինական հավակնություններից:

-Պարոն Ավագյան, ակտիվիստները նշում են, որ կառավարությունը հանքի շահագործման լիցենզիան և հողը վարձակալության ու կառուցապատման իրավունքով «Վալեքս Գրուպ»-ին է տրամադրել գործող օրենսդրության կոպտագույն խախտումներով:

-Նման վերացական հայտարարություններ նախկինում էլ են արվել: Մենք տարբեր քննարկումների շրջանակներում բազմիցս հիմնավորել ենք մեր բոլոր գործողությունների օրինականությունը: Ցավոք՝ մեր որոշ ընդդիմախոսներ շարունակում են նման հայտարարություններ անել նաև այն բանից հետո, երբ մեր տված պարզաբանումները բոլոր հարցերով օբյեկտիվորեն պետք է որ բավարար լինեին, հասկանալու համար նման մեղադրանքների սնանկությունը:

Զրույցը վարեց Արփի Բեգլարյանը

Լուսանկարները` Թեհմինե Ենոքյանի



Հունվար 16, 2012 at 15:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր