

ԷկոԼուր
Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքով մարդատար և բեռնատար մեքենաները ավելացել են, իսկ գյուղի ճանապարհը չի ջրցանվում ընկերության կողմից: Այս մասին նշված է Համահայկական բնապահպանական ճակատի տարածած հաղորդագրության մեջ: Ներկայումս «Թեղուտ» ՓԲԸ-ն («Վալլեքս գրուպ») կառուցում է ենթակառուցվածք Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման համար:
«Թեղուտի հանքի շահագործումը դեռ չի սկսվել: Շնչահեղձ անող փոշին մարդկանց կյանքի, առողջության, բնության ու գյուղատնտեսության վրա բացասաբար ազդող երևույթներից միայն մեկն է: Այսօր գյուղացուն անհանգստացնում է փոշին, սակայն հանքի շահագործվելու դեպքում փոշուն գումարվելու են թունավոր, ծանր մետաղներով լի դատարկ ապարներն ու պոչամբարը, որոնք լուրջ աղետի են հանգեցնելու: Իսկ «Վալլեքս» ընկերությունը, ինչպես և մյուս բոլոր հանքարդյունաբերողները, հերթական անգամ իրենց գործունեությամբ փաստում են, որ հանքի շահագործումից առաջ տրված խոստումներն ու հավաստիացումները, թե հանքը միայն և միայն բարիք է համայնքների բնակիչների համար, դատարկ ու փուչ են»,- մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ:
«Երբեմն փոշին այնքան շատ է լինում, որ նույնիսկ շնչելն է դժվարանում » - ահազանգում են գյուղացիները:
Լուսանկարները` Համահայկական բնապահպանական ճակատի
Օգոստոս 08, 2013 at 16:06





