

Լարիսա Փարեմուզյան, Հետք
Նոյեմբերի 28 ին «Վալլեքս» խմբի ընկերությունները կազմակերպել էին բնապահպանական հասարակական կազմակերպությունների այց` Թեղուտի ծրագրի հետ կապված` անտառավերականգնման աշխատանքների վայրեր: «Մեր կողմից հրավիրված 48 բնապահպանական հասարակական կազմակերպությունների մեծ մասը չցանկացան տեսնել անտառավերականգնման մեր աշխատանքները»,- ասաց «Վալլեքս» խմբի ընկերությունների լրատվության և հասարակայնության կապերի բաժնի ղեկավար Թագուհի Կարապետյանը: Հրավերն ընդունել էին 15 կազմակերպություն:
Թեղուտում անտառավերականգնման աշխատանքների նկատմամբ ՀԿ-ների պասիվության վերաբերյալ հարցին «Էյ-Սի-Փի» ընկերության տնօրեն Գագիկ Արզումանյանը պատասխանեց. «Ես չէի ասի պասիվ, որովհետև այնուամենայնիվ կա որոշակի, մեծ ներկայություն: Իհարկե, ցավոք, չկան այն ՀԿ-ները, որոնք բավականին ակտիվ քննադատում են ծրագիրը: Իսկ մեր հիմնական նպատակն է այդ ՀԿ-ներին ցույց տալ, որ մենք փորձում ենք իրականացնել մեր ստանձնած բնապահպանական պարտավորությունները, այն, ինչ իրենց հիմնական մտահոգության առարկան էր: Իրենք բազմիցս ասում էին, որ իրենց հիմնական մտահոգությունն այն է, որ մեր պարտավորությունները կմնան թղթի վրա գրված: Մենք ցանկանում ենք, որպեսզի ՀԿ-ները տեսնեն եւ հետևեն, որպեսզի մենք կատարենք մեր պարտավորությունները»:
Թե այցի շրջանակներում, մասնավորապես որ ՀԿ-ներին կցանկանար տեսնել Թեղուտում, որոնք փաստորեն չէին ընդունել հրավերքը պրն Արզումանյանն ասաց. «Բոլոր այն ՀԿ-ները, որոնք որ ակտիվ քննադատում են Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագիրը»:
Փորձեցինք տեղեկանալ նաև Թեղուտի ծրագրի հասարակական մտահոգությունների մասին պրն Արզումանյանի կարծիքին. «Իհարկե, ինչի մասին է խոսքը: Եթե մտահոգվելու առիթ չտար, եթե բնապահպանական հետևանքներ չունենար ծրագիրը, այս անտառապատման ծրագիրը ևս չէինք իրականացնի: Սա ընդամենը այն քայլերից մեկն է, որով մենք փորձում ենք մեղմացնել, ոչ թե վերացնել, Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի բացասական բնապահպանական ազդեցությունը»,- ասաց նա:
Հրավերքն ընդունած ՀԿ-ների ներկայացուցիչները մասնակցեցին Շնողի «Խեչի դոշ» հանդամասի ծառատնկման աշխատանքներին: Անտառավերականգնման աշխատանքներն այստեղ իրականացնում է «Տրի գրեն» ՍՊԸ-ն, որի տնօրեն Արթուր Վանյանը պատմեց իր ընկերության կողմից իրականացվող աշխատանքների մասին:
«Հիմա ներկա փուլում 67 հա-ի վրա հողի նախապատրաստական աշխատանքներ ենք կատարել, ավարտել ենք, այստեղ 17 հա է, կեսը` 7 հա-ն արդեն ծառատնկել ենք: Թեղուտի սարում 9 հա ենք ծառապատել: Ես 5 տարվա պարտավորություն ունեմ էս տարածքում, որտեղ ծառատունկ ենք արել, պետք է հետևենք, խնամենք ծառերը մինչեւ վերջ»:
Այցին մասնակցում էր նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռոբերտ Պետրոսյանը, որն էլ անտառածածկման աշխատանքների մասին ասաց. «Այս տարածքը անտառ դառնալու համար 20-30 տարի ժամանակ է պետք: Մի 5-7 տարի հետո, երբ այս տնկիները բարձրանան 1,5 մետրից ավելի, տարածքը կտեղափոխվի անտառների շարք»: Անտառածածկման ընթացքում նկատել էինք, որ տնկվում են հիմնականում հացենի ծառատեսակի տնկիներ, մինչդեռ Թեղուտում հատվում են շատ արժեքավոր ծառատեսակներ, ինչպես օրինակ ընկուզենին: «Կտոր կա, որտեղ ընկուզենի է տնկվելու: Էստեղ հիմնական ծառատեսակը` կաղնին և հացին է տնկվում, որոնք անտառակազմման ծառատեսակ են»,- ասաց «Հայանտառի» գլխավոր անտառապետը:
Անտառածածկվող տարածքը ցանկապատված չէր, եւ մուտքն ազատ էր տարածքում արոտի դուրս եկող անասունների համար: Թեղուտում եւ Շնողում հիմնախնդիր է նաև ոռոգման ջրի հարցը: Թե առանց ջրելու ինչպես կարող են հողին կպչել տնկիները, «Թեղուտ» ՓԲԸ- ի մեքենագետ, շնողցի Ավետիք Ղազարյանն ասաց. «Այս տարածքը, որը կարելի է ասել կոչում ենք «Սրբնիշանի խաչ», էս ծառերի կպչողականությունը մի երկու վեդրո ջրով կապահովենք, հետն էլ ձմեռվա սեզոն ա, հողը բնական խոնավություն ունի, ինքն իրան կպցնում ա: Հացին էլ բավականին կպչողունակ ծառ ա, պրակտիկան կասի, ցիստեռներով- բանով, գարնանը, եթե խոնավությունը պակասում ա, էդ աշխատանքները տարվելու ա»:
Սակայն Ավետիք Ղազարյանի կարծիքի հետ չհամաձայնեց Շնող գյուղի հովիվ Սերոժը: Նրա կարծիքով` «Սրբնիշանի ղաչ»-ի տնկիները չեն կարող ջրվել: «Չի կարա, բոլորովին չեն կարող ջրել: Ես սա ձևական ծառատունկ եմ համարում: Ջրի մագիստրալը քանդել են, տարել են` տրուբեն ծախել, գյուղապետարանը կիմանա` ով ա քանդել, ես ինչ իմանամ»
Ծառատունկը դիտելուց հետո ՀԿ-ների ղեկավարները դիտեցին ծրագրով նախատեսված ֆաբրիկայի և հանքավայրի տարածքը: Ֆաբրիկայի տարածքում հողային եռուն շինարարական աշխատանքներ էին կատարվում: «Էստեղ մեկ ամիս հետո կսկսվի բետոնապատման աշխատանքները»,- տեղեկացրեց Թեղուտ ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Պապոյանը:
Հանքավայրում դեռևս շինարարական աշխատանքներ չէին սկսվել, և այն իրենց ներկայացնում էր ընդամենը անտառածածկ խորհրդավոր մի բլուր: Մասնակցող ՀԿ-ների մեծ մասի ղեկավարների համար այցը ճանաչողական էր, այդ էր փաստում ծրագրին վերաբերող նրանց հարցերը, որոնք առնչվում էին ծրագրի ոչ խորքային հիմնախնդիրներին:
«Թեղուտը հարուստ հանքավայր չէ, բայց շահագործման համար նպատակահարմար է: Մենք արդեն ճանապարհը տեղ ենք հասցրել: Անտառահատման հաջորդ փուլը կիրականացնենք հանքի տարածքում: Հանքի բացման աշխատանքները հավանաբար կսկսենք մյուս ամառ»,- ասաց Ռ. Պապոյանը:
Այցի վերջում Թեղուտի ծրագրի շուրջ տեղի ունեցավ քննարկումներ: ՀԿ-ների ղեկավարները դժվարանում էին հարցեր առաջադրել: Այդուհանդերձ, անկախ փորձագետ Նիկիտին Զարոբյանը խնդրեց Գագիկ Արզումանյանին տեղեկություն տալ հանքավայրի շահագործման ընթացքում առաջացող փոշու և պոչանքների սպասվող վտանգների մասին ու նաև հարցրեց. «Դուք, որպես լավ մենեջեր, հաշվարկել ե՞ք, հիմա դուք 280 մլն դոլարանոց վարկ եք ուզում ստանալ, Ձեր փողերն եք ներդնելու: Սովետի ժամանակ էստեղ դեղձ էին աճեցնում: Միգուցե այստեղ ոռոգման ջուր անցկացնեիք, ճանապարհներ կառուցեիք, եվրոպայից մի հատ սերտիֆիկատ ստանայիք, ու էդ նույն դեղձն ու խնձորները մի քանի անգամ թանկ գներով վաճառեիք: Ինձ թվում է` շահութաբերությունը ոչ թե 30-40 տարի կստանայիք, այլ ընդմիշտ: Այդ դեպքում և բնությունը կմնար անաղարտ, և մարդիկ կապրեին անվտանգ»:
Ըստ Գ. Արզումանյանի փոշին ծրագրի հետ կապված լուրջ մտահոգություններից չէ: «Փոշու բոլոր արտանետումները սահմանափակվելու են սանիտարական գոտու տարածքում: Սանիտարական գոտին գյուղերից գտնվում է մի քանի կմ հեռավորության վրա: Ձեզանից ոմանք երևի եղել են խոշորագույն հանքավայրերում և գիտեն, որ փոշու մեջ հնարավոր չէ աշխատել, էդ ծանր տեխնիկան փոշու մեջ ճանապարհները չի կարող տեսնել: Ջրցան մեքենաներ արդեն ունենք գնված: Բեռնափոխադրումների տարածքը պետք է մշտապես ջրով ցանեն: Փոշու մասով նման խնդիր իսկապես չկա: Այ, օրինակ, եթե պոչամբարի մասին ասեիք, ես կասեի պոչամբարը իրենից ներկայացնում է մեծագույն ռիսկ»,- ասաց Գ.Արզումանյանը: Սակայն Գ. Արզումանյանը պոչամբարի հետ կապված իր տեսակետը կապեց աշխարհի ամենախոշոր` Ամերիկայի Յուտա նահանգի, ազգային պարկի տարածքում տեղավորված բացհանքի և ամենախոշոր պոչամբարի հետ. «Ամենաառաջատար երկրներում կան պոչամբարներ: Կան չէ՞: Դուք ինչ եք կարծում, եթե պոչամբարը ինքը, ոչ թե ռիսկ, այլ իրական վտանգ լիներ Միացյալ Նահանգները, Ավստրալիան, Նոր Զելանդիան կհանդուրժեի՞ն պոչամբարներ»:
ՀԿ-ների ղեկավարները, թվում է պրն Արզումանյանին պետք է հակադարձեին այն պարզ ճշմարտությամբ, որ այդ երկրներ իր տարբերություն մեր երկրի, նախ ունեն բնապահպանական խնդիրները արժևորող Կառավարություն, ապա սոցիալական հիմնախնդիրներ չունեցող հասարակություն, որոնք անհանդուրժող են էկոլոգիական ռիսկերի նկատմամբ արտադրողների պարտավորությունների թերացման հանդեպ: Թերևս տեղին է հիշատակել, Թեղուտ ՓԲԸ-ի սոցիալական պայմաններից զոմբիացված աշխատողներից շատերի մտածելակերպը հանքավայրի էկոլոգիական վտանգների նկատմամբ: Նրանցից մեկը` ընկերության պահեստապետ Արթուր Շախկյանը, մեզ ասաց. «Թեղուտեցի տղամարդը մի քանի տարի առաջ իրա կնկա համար չէր կարողանում նույնիսկ մի ներքնաշոր առնել, ինչ եք ուզում, այստեղ ոչ մի էկոլոգիական ռիսկ էլ չկա, մի քանի մարդ իրենց խնդիրներն են ուզում այստեղ լուծել»:
Իհարկե, կարևոր է կնոջ համար ներքնաշոր գնելու կարողությունը, սակայն էկոլոգիական վտանգները թերագնահատող աշխատողներ ունեցող ընկերությունը վստահություն չի կարող ներշնչել էկոլոգիական անվտանգ արտադրություն ապահովելու գործում: Այնպես որ, հազիվ թե, այս պահին մենք իրավունք ունենք համեմատվելու Միացյալ Նահանգների, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հետ, թեև չմեղանչելով ճշմարտության դեմ` պետք է նշել, որ Գագիկ Արզումանյանը իր գործելակերպում բազմիցս արժևորել է հասարակական վերահսկողությունը:
Դեկտեմբեր 02, 2009
