Երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյան, «Գիտություն» թերթ
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը գտնվում է Լոռու մարզի Թումանյանի շրջանում՝ Թեղուտ գյուղից 3,5 կմ դեպի հարավ-արևելք։ Մինչ շահագործման հետ կապված տարածքի ծառահատումը հանքավայրի ողջ տարածքը ծածկված էր դարավոր կաղնիների, հաճարենիների, թխկիների, ղաժիների և այլ ծառերի ու թփուտների սաղարթախիտ անտառներով։
Նախկին ԽՍՀՄ-ի տարիներին հետախուզված ու գնահատված այդ հանքավայրը շահագործման տակ չդրվեց անտառները չվնասելու պատճառով։ Եվ, չնայած հասարակական բոլոր կազմակերպությունների բողոքին ու պայքարին, մեր հարազատ կառավարությունը՝ թքելով ժողովրդի կարծիքի վրա, թույլատրեց դրա շահագործումը։
Նշենք, որ Թեղուտի հանքավայրը երկրաբանահետախուզական աշխատանքների ընթացքում հետազոտված է ոչ լիարժեք՝ խիստ թերի և ոչ բազմակողմանի։
Թեղուտի հանքավայրի շահագործման իրավունքը տրվել է «Արմենիան քափըր փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերությանը, որն էլ ԽՍՀՄ-ի Պաշարների պետական հանձնաժողովի կողմից հաստատված պաշարների հավաստիության մեջ համոզվելու նպատակով հանքավայրի տարածքում կատարել է լրահետախուզական աշխատանքներ՝ իբր թե «Հանքաքարերի պաշարներն ու մետաղների պարունակությունները ճշտելու նպատակով»։ Դե՝, եթե այդ բոլորը ճիշտ է, ապա ինչո՞ւ ընկերությունը հանքավայրը չի հետազոտել բազմակողմանի, չի որոշել հիմնական պղինձ և մոլիբդեն տարրերի հետ հարակից տարածված բոլոր (հնարավոր) տարրերի պարունակությունները և ինչո՞ւ ճշտված պաշարները վերահաստատման չեն ներկայացվել ՀՀ պաշարների գործակալությանը։
Կարծում ենք, ավելի ստույգ համոզված ենք, որ դա չի արվել միտումնավոր, որպեսզի տեսանելի չդառնա, թե որքան արժեքավոր տարրեր են թափվելու պոչամբարներ, որոնք այնտեղ դառնալու են թունավոր ու խիստ վտանգավոր կենդանական աշխարհի համար։
Նշենք, որ սելենը և տելլուրը, որոնք առատորեն պարունակվում են Թեղուտի հանքաքարերում, խիստ վտանգավոր ու թունավոր են նույնիսկ իրենց միացությունների տեսքով (պղնձամոլիբդենային կազմավորման հանքավայրերում հայտնաբերված են նաև շատ այլ թունավոր տարրեր՝ թալիում, բերիլիում, մկնդեղ, սնդիկ, կադմիում և այլն, որոնք այստեղ դեռևս չեն հայտնաբերվել վատ հետազոտվածության պատճառով)։ Ընկերությունը այդ թունավոր տարրերի մասին խոսել չէր կարող, քանի որ 2006թ. կազմված «աշխատանքային նախագծում» (էջ 39) պոչանքները դասում են վտանգավորության 4-րդ դասին՝ «ոչ հրդեհավտանգ»։ Ծիծաղելի է, թե ինչո՞ւ է խոսվում կարծր ապարների հրդեհավտանգավորության մասին, այլ ոչ թե թունավորության։ Այս հարցի պատասխանը պարզ ու հասկանալի է ամենքին. ընկերությունը խստագույնս շահագրգռված է այդ հանքավայրի շահագործման գործում (կորզվելու են միլիարդավոր դոլարներ)։
Թեղուտի հանքաքարերում ծծմբի պարունակությունը կազմում է 3,7%, որի հիման վրա ծծմբի պաշարների քանակը (հաշվարկված մեր կողմից) կազմում է 17 մլն 21,5 հազ.տոննա։ Հանքավայրում հայտնի են սուլֆիդային հանքանյութերով ներկայացված պղնձի և մոլիբդենի պաշարները, որոնք համապատասխանաբար կազմում են 1.630.200տ և 99.117տ։ Վերջիններիս մեջ էլ ծծումբ տարրի քանակը կազմում է 1.712.202տ։ Ծծումբ տարրի ընդհանուր պաշարների և պղնձի ու մոլիբդենի սուլֆիդային հանքանյութերի մեջ պարունակվող ծծմբի քանակից ելնելով հաշվարկված երրորդ սուլֆիդային հանքանյութի՝ պիրիտի քանակը, Թեղուտի հանքաքարերում կազմում է 28 մլն 642 հազ.տոննա։ Սելեն և տելլուր թունահարույց տարրերի քանակները պիրիտ հանքանյութի մեջ կազմում են. սելենինը՝ 572,85տ, տելլուրինը՝ 401տ։
Սելեն և տելլուր թունահարույց տարրերի ընդհանուր քանակները պղնձի խալկոպիրիտ, մոլիբդենի մոլիբդենիտ և ծծմբի հրաքար պիրիտ հանքանյութերի մեջ համատեղ կազմում են. սելենինը՝ 2210,15տ, տելլուրինը՝ 409,3տ։
Ինչո՞ւ է կատարվել սույն հաշվարկը։ Դա կատարվել է այն պարզ պատճառով, որ այդ թունահարույց տարրերի գերակշիռ մասը ի վերջո թափվելու է պոչամբարներ և թունավորելու է ողջ շրջապատը։
«Արմենիան քափըր փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերությունը, որն արդեն իսկ սկսել է Թեղուտի հանքավայրի շահագործումը, չի պատրաստվում շուկա մտնել վերջնարտադրանքներով և թողարկելու է միայն ու միայն պղնձի և մոլիբդենի անջատ խտանյութեր, որոնք վաճառվելու են արտասահմանյան երկրներին. հիմնական օգտակար տարրերը՝ պղինձն ու մոլիբդենը, գնահատելով կես գներով, իսկ մյուս հարակից բաղադրիչները «օտարելով» առանց գնահատման։ Այս պարագայում պիրիտ հանքանյութի խտանյութ չի թողարկվելու, քանի որ մետալուրգիական գործարան չի կառուցվելու և դրա մեջ գտնվող օգտակար տարրերը՝ ծծումբը, երկաթը, սելենը, տելլուրը և սպասվող շատ այլ տարրեր չեն կորզվելու (պիրիտը որպես «անպետք թափոն» թափվելու է պոչամբարներ իր սելենի ու տելլուրի հսկա պարունակություններով հանդերձ ու թունավորելու է շրջակա միջավայրը)։
Թեղուտի հանքավայրը շահագործվում է բացհանքի եղանակով։ Տարեկան 7 մլն տ հանքաքար արդյունահանելու և մշակելու պարագայում (այդքան է պլանավորված արդյունահանել առաջին 8 տարիներին) պոչամբարներ թափվող պիրիտի քանակը կազմելու է 232 հազ.տ, որի մեջ ծծմբինը կազմելու է 124 հազ.տ, երկաթինը՝ 108 հազ.տ, սելենինը՝ 4,64տ և տելլուրինը՝ 3,25տ։ Հարց. պոչամբարներ թափվող օգտակար (կորզելու պարագայում) և թունավոր (միջավայր թափվելու պարագայում) տարրերի այս քանակները շա՞տ են, թե՞ քիչ։ Պատասխանենք. շատ-շատ են՝ թե՛ իրենց արժեքային առումով, և թե՛ վտանգավորության առումով։
Տարրական հաշվարկները ցույց են տալիս, որ Թեղուտի հանքավայրի շահագործման պարագայում միայն պիրիտ հանքանյութի հետ պոչամբար թափվող ծծումբ տարրի արժեքը մեկ տարվա կտրվածքով կարող է կազմել. 2008թ. մայիս ամսվա գներով՝ 80,6 մլն դոլար, իսկ 2014թ.՝ գներով՝ 9,3 մլն դոլար։
Հայտնի է, որ ձեռնարկության արտադրական հզորությունը շահագործման առաջին 8 տարիներից հետո մեծացվելու է երկու անգամ, իսկ դրանից էլ 4 տարի անց՝ 3 անգամ։ Այստեղից էլ պարզ է դառնում, որ հարստապոչերի հետ պոչամբարներ (բնական միջավայր) թափվող թունավոր տարրերի քանակներն էլ եռապատկվելու են։
Մինչ Թեղուտի հանքավայրի շահագործումը սկսելը մենք մեր գիտական հոդվածներից մեկում գրել էինք՝ «Ո՛չ հանքավայրը շահագործման «ընդունած» ձեռներեց մարդիկ (հատկապես հայրենիքի սիրով համակված՝ ձեռներեց հայերը), և ո՛չ էլ Հայաստանում ապրող ժողովուրդը, իրավունք չունեն հրապուրվելու մեծամեծ շահույթներով՝ շահագործելու Հայաստանի գողտրիկ վայրերից մեկում՝ Լոռու գեղատեսիլ դրախտավայրում, չքնաղ անտառներով ծածկված լեռնալանջերում ծվարած Թեղուտի հանքավայրը»։ Բերենք փաստարկներ այդ հանքավայրի շահագործումից սպասվող վտանգների ու վնասների մասին, որոնք կշեռքի նժարին դնելու պարագայում շատ ավելի ծանրակշիռ կլինեն, քան միլիոն-միլիարդավոր դոլարների շահույթը, առավել ևս այն շահույթը, որը չի մնալու մեր ժողովրդին և իր գերակշիռ մեծամասնությամբ մտնելու է օտարների գրպանն ու դուրս է տարվելու Հայաստանից։
ՀՀ Կառավարության կողմից Թեղուտի հանքավայրի շահագործման համար հատկացվել է 1970 հեկտար հողատարածք, որից 1589,6 հեկտարը՝ անտառային ֆոնդից։ Հանքավայրի շահագործման նախագծի համաձայն բացհանքի տարածքը զբաղեցնելու է 240 հեկտար, պոչամբարի տարածքը՝ 214 հեկտար, մակաբացման ապարների լցակույտերինը՝ 107,4 հեկտար։ Հայտնի չէ, թե որքան տարածք են զբաղեցնելու օժանդակ կառույցները՝ ճանապարհները, պահեստները, մեխանիզմների նորոգման հրապարակները, շենքերն ու շինությունները և այլն։
Ինչևիցե, ընկերությանը հատկացված հողատարածքն ամբողջությամբ դրվելու է հանքավայրի շահագործման և շահագործման հետ կապված օժանդակ կառույցների տակ։ Բայց, անտառները ոչնչացման են ենթարկվելու ոչ թե 1589,6 հեկտար, այլ դրանից շատ ավելի։ Եթե զառիթափ լեռնալանջերում անտառապատ բացհանքի տարածքը զբաղեցնում է 240 հեկտար, ապա ոչնչացման ենթակա անտառների մակերեսը կարող է դրանից մեծ լինել մոտավորապես 3 անգամ։ Բաց հանքից լեռնալանջերով վերև ընկած անտառները ևս ենթակա են ոչնչացման՝ այդ տարածքի ծառերը սնուցող ջուրը կորցնելով ներքևի ապարների դիմադրությունը, ազատ և սրընթաց հոսելու է դեպի բաց հանքի դատարկ տարածքը, որի հետևանքով էլ բաց հանքից վերև ընկած տարածքի ծառերը չորանալու ու ոչնչանալու են, հետևապես ոչնչացման ենթակա անտառների մակերեսը կազմելու է ոչ թե 1589,6 հեկտար, այլ մոտ 2070 հեկտար։
Շատ զարմանալի է, որ տվյալ պարագայում անտառը դիտվում է որպես փայտանյութ տվող միջավայր։ Նախագծի հեղինակները կամ պատկերացում անգամ չունեն անտառի մասին, կամ էլ մեզ՝ անտառի բնակիչներիս, հիմարի տեղ են դնում։ Բայց, մենք ոչ հիմար ենք և ոչ էլ խուլ ու համր, որ չխոսենք. անտառը թթվածին ու ֆիտոնցիդներ, հատապտուղներ ու մրգեր տվող, ջուր, բազմատեսակ կենդանիներ ու դեղաբույսեր պահող ու պահպանող միջավայր է, որի բարիքներից օգտվում է մեր ողջ ժողովուրդը (կորցնելով անտառները ի վերջո կորչելու ենք նաև մենք)։ Հանրահայտ է, որ մեկ հեկտար անտառը տարեկան մաքրում է 20 մլն խոր.մ մթնոլորտ, խոնավացնում է օդը տասն անգամ ավելի, քան դա անում է մեկ հեկտար մակերեսով ջուրը։ Անտառն արտադրում է «մթնոլորտի վիտամիններ» ֆիտոնցիդներ կոչվող նյութը, որի մի քանի տասնյակ կիլոգրամը բավարար է միջին չափերի քաղաքի բոլոր մանրէները ոչնչացնելու համար։ Անտառում կենտրոնացված է երկրի բուսական ու կենդանական տեսակների կեսից ավելին։
Հ.Սանասարյանը գրում է. «Թեղուտի խախտվող տարածքը գտնվում է Լալվարի անտառտնտեսության արևելյան մասում։ Այստեղ առկա են բոխի, կաղնի, թխկի, հացենի, հաճարենի, լորենի, ղաժի, ընկուզենի, խնձորենի, տանձենի և այլ ծառատեսակներ, թփերից. հոնի, մասրենի, սզնի, զկեռենի, մոշենի և այլն»։
Նշենք նաև, որ լեռնահանքային ձեռնարկությանը հատկացված անտառները հարուստ են եղել նաև բազմատեսակ դեղաբույսերով ու կենդանիներով, որոնք, արդեն իսկ, ենթարկվել են ոչնչացման։
25 տարի հետո Թեղուտի հանքավայրի ընդերքից արդյունահանվելու է 385 մլն տ հանքաքար, որից խտանյութերի տեսքով պետք է կորզվի 4 մլն 812,4 հազ.տ։ Պոչամբարներ թափվող աղքատ հանքաքարերի քանակը կազմելու է 380 մլն 187,6 հազ.տ (ընդհանուր քանակի 98,75%)։ Նշված քանակի պոչանքների մեջ կլինեն՝ 24 մլն տ պիրիտ հանքանյութ, 480տ սելեն, 336տ տելլուր, 11,172 մլն տ երկաթ, 12,828 մլն տ ծծումբ, չհաշված պղնձի և մոլիբդենի թերկորզված քանակները, ինչպես նաև որոշակի քանակների ծարիրի, կապարի, ցինկի և այլ տարրերի հանքանյութեր, որոնք տեսանելի են անզեն աչքով, բայց որոշված չեն դրանց պարունակությունները։
Պոչամբարներ թափվող փշրված և մանրացված հանքաքարերի մեջ, նախագծի համաձայն, կարող են պարունակվել.
- պղինձ՝ 191438տ, կամ 552969տ խալկոպիրիտ հանքանյութ,
- մոլիբդեն՝ 24924տ, կամ 41612տ մոլիբդենիտ հանքանյութ,
- սելեն՝ 193,39տ (պղնձի և մոլիբդենի հանքանյութերի հետ),
- տելլուր՝ 2,09տ (մոլիբդենիտ հանքանյութի հետ),
- ծծումբ՝ 209877տ (պղնձի և մոլիբդենի հանքանյութերի հետ),
- երկաթ՝ 168268տ (պղնձի խալկոպիրիտ հանքանյութի հետ),
- ռենիում՝ 30,37տ (մոլիբդենի հանքանյութի հետ),
- ոսկի՝ 560,9կգ (պղնձի հանքանյութի հետ)։
Այսպիսով, պոչամբարներ թափվող օգտակար տարրերի՝ ծանր մետաղների ու թունահարույց տարրերի, որոնք պոչամբարներում դառնում են խիստ վտանգավոր կենդանական աշխարհի համար, քանակները կազմում են.
պղնձինը՝ 191438տ, մոլիբդենինը՝ 24924տ, սելենինը՝ 673,39տ, տելլուրինը՝ 338,09տ, ծծմբինը՝ 13.037.877տ, երկաթինը՝ 11.340.268տ, ռենիումինը՝ 30,37տ, ոսկունը՝ 560,9կգ։
Պոչամբարներ կթափվեն նաև ոչ մեծ քանակության մկնդեղի արսենոպիրիտ (FeAsS), ծարիրի անտիմոնիտ (Sb2S3), կապարի գալենիտ (PbS), ցինկի սֆալերիտ (ZnS) և այլ հանքանյութեր, որոնք առկա են Թեղուտի հանքաքարերում, սակայն ուշադրության չեն արժանացել հետախույզ-երկրաբանների կողմից։ Մենք գտնում ենք, որ դրանք, անպայման, ուշադրության պետք է արժանանային, քանի որ բոլորն էլ պարունակում են ծանր մետաղներ և ծարիրն ու մկնդեղն էլ խիստ վտանգավոր են իրենց թունահարույց հատկությունների և թունավոր գազեր առաջացնելու հատկությունների հետևանքով։
Պոչամբարներում պիրիտ հանքանյութի (որը օքսիդացման է ենթարկվում այլ հանքանյութերից ամենից արագ) տարրալուծման հետևանքով առաջանում են ծծմբային գազեր՝ SO2 և ապա SO3, վերջիններս էլ միանալով մթնոլորտային տեղումների հետևանքով պոչանքներ թափանցող ջրի (H2O) հետ առաջացնում են ծծմբական թթու (H2SO4)։ Ծծմբաթթուն փոխազդեցության մեջ մտնելով արսենոպիրիտ և անտիմոնիտ հանքանյութերի հետ առաջացնում է արսին (AsH3) և ստիբին (SbH3) խիստ թունավոր գազերը։
Անհրաժեշտ ենք համարում նշել, որ Սյունիքի մարզի Կապանի շրջանի քաղաքների (Կապան, Քաջարան) ու գյուղական համայնքների (Արծվանիկ, Գեղանուշ, Սյունիք, Լեռնաձոր և այլն) բնակիչների առողջական վիճակը խիստ վտանգված է պոչամբարներում և մթնոլորտում կուտակված ծանր մետաղների և թունավոր տարրերի առկայության պատճառով (այս մասին ստույգ տվյալներ կան ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում, որի մի մասը բերված է Յու.Կուլեշովայի հոդվածում՝ «Горнодобывающие компании убивают все вокруг», «Деловой Экспресс», № 12, апрель, 2011г.)։
Նույնպիսի վտանգներ Թումանյանի շրջանի բնակչության համար, հատկապես Թեղուտի հանքավայրի շրջակայքում տեղադրված բնակավայրերի և գիպսոմետրիկ ավելի ցածր տեղադրված բնակավայրերի բնակիչների համար սպասվում է նաև այստեղ։
«Երկրի հրովարտակ» գրքույկի առաջին գլխի 4-րդ կետում գրված է. «Ներկա և ապագա սերունդների համար պահպանել երկրի առատաբերությունն ու գեղեցկությունը», իսկ «բ» ենթակետում գրված է՝ «Ապագա սերունդներին փոխանցել երկրի մարդկային ու էկոլոգիական համակեցությունների ծաղկումը երկարաժամկետ հեռանկարով ապահովող արժեքներ, ավանդույթներ ու սահմանակարգեր»։ Տեսնենք, թե ի՞նչ ենք մենք փոխանցելու մեր ապագա սերունդներին Թեղուտի հանքավայրի շահագործումից հետո.
1.հնձված ու ավելի քան 2000 հեկտար տարածքում ոչնչացված անտառատարածքներ,
2. 240 հեկտար տարածքի թեք լեռնալանջով ձգված ջրափոս,
3. 200-230 հեկտար տարածքի վրա ծանր մետաղներով ու թունահարույց տարրերով լեցուն պոչամբարներ,
4. մոտավորապես նույնքան էլ տարածքներ մակաբացման փշրված ապարներով ու նույն մետաղներով ու թունահարույց տարրերով լեցուն թափոնակույտեր,
5.Լոռու մարզի մի քանի (4-5) բնակավայրերի ամայացում,
6.լեռնային փոքրիկ գետակների զուլալ ջրերի աղտոտում ու թունավորում,
7.պոչամբարների շրջակայքում օդային ավազանի թունավորում արսին (AsH3) և ստիբին (SbH3) գազերով,
8.այդ տարածքի անտառներում ապրող կենդանական ու բուսական աշխարհի ոչնչացում։
Ավարտելով հոդվածը, ցանկանում ենք նշել 6, 7 և 8 կետերին համահունչ «Երկրի հրովարտակ» գրքույկի երկրորդ գլխի 5-րդ կետի «բ» ենթակետում գրվածը՝ «Երկրի կենսապահովման համակարգերի պաշտպանության, կենսաբազմազանությանն օժանդակելու և բնության ժառանգության պահպանման համար ստեղծել ու պաշտպանել կենսական բնական և կենսոլորտային արգելոցներ, ներառյալ անարատ հողերը և ջրային տարածքները»։ Մենք այս պահանջները կատարում ենք բոլորովին հակառակ իմաստով՝ ի վնաս բնությանը։
Թեղուտի հանքավայրի շահագործման 4-5-րդ տարիներից սկսվելու է շրջակա բնակավայրերի աղետալի վիճակը։
12.12.2014թ.
Հունվար 26, 2015 at 16:45