Նուբարաշենի գերեզմանոցի ժամկետանց թունաքիմիկատների արտահանման հարցը դեռ բաց է մնում

Նուբարաշենի գերեզմանոցի ժամկետանց թունաքիմիկատների արտահանման հարցը դեռ բաց է մնում

ԷկոԼուր

Երևանում գտնվող Նուբարաշենի ժամկետանց թունաքիմիկատների գերեզմանոցի թափոնների արտահանման հարցը դեռ բաց է մնում: Խնդիրը քննարկվեց ս.թ. մարտի 16-ին` Էրեբունի թաղապետարանում տեղի ունեցած «Նուբարաշենի ժամկետանց թունաքիմիկատների գերեզմանոցի թափոնների արտափորում, անվտանգ տարհանում, տարածքի մաքրում և կայունացում» ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի 2-րդ հանրային լսման ժամանակ:

Գլխավոր մտահոգիչ հարցն այն է, թե որ երկիր են արտահանվելու գերեզմանոցի թափոնները:  ԷկոԼուրի հետ զրույցում ծրագրի համակարգող Գայանե Ղարագեբակյանը վստահեցրեց, որ թունաքիմիկատների գերեզմանոցում որևէ գործողություն չի իրականացվելու, քանի դեռ հստակեցված չէ արտահանման երկիրը:

«Տարհանման հարցն անորոշ է այնքան ժամանակ, քանի դեռ մրցույթով չի որոշվել, թե որ գործարանում է այրումը տեղի ունենալու: Հուսանք մայիսին կհայտարարվի մրցույթը: Եթե արտահանումը հնարավոր չեղավ, գերեզմանոցին ձեռք չի տրվելու, բայց այն կամրացվի», - նշեց ծրագրի համակարգողը:

Այս փուլում ծրագրով առաջարկվում է թունաքիմիկատների գերեզմանոցի տարածքում ստեղծել ժամանակավոր օժանդակ ենթակառուցվածքներ, արտափորել, տեղում փաթեթավորել թափոնները` արտահանելու և արտերկրում ոչնչացնելու նպատակով:

Ծրագրի փորձագետները հայտնեցին, որ թունաքիմիկատները փաթեթավորվելու են հերմետիկ բեռնարկղերի մեջ, արտափորման աշխատանքները կիրականացվեն վակուում վրանի տակ` վտանգավոր արտանետումները կանխելու նպատակով:

Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը գտնվում է Երևան քաղաքի Էրեբունի վարչական տարածքում` Ջրաշեն, Գեղանիստ և Մուշավան համայնքների հարևանությամբ: Այստեղ թաղված է մոտ 1050 տոննա 1-ին դասի աղտոտվածություն ունեցող թունաքիմիկատներ, 4100 տոննա 2-րդ դասի և 8500 տոննա 3-րդ դասի աղտոտվածություն ունեցող հող: Գերեզմանոցի լիկվիդացման հարցը օրակարգային է: Այն գտնվում է ակտիվ սողանքային գոտում և խիստ վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի համար: Գերեզմանոցը հարակից է «Էրեբունի» պետական արգելոցին, որտեղ պահպանվում են ցորենի և այլ հացազգի բույսերի վայրի տեսակներ:

Ծրագիրը ձեռնարկել է «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն` ՄԱԶԾ/ԳԷՀ օժանդակությամբ: Նախագծի կապալառուն չեխական DEKONTA և GeoTest ընկերությունների կոնսորցիումն է: Ծրագրին աջակցում են ՀՀ բնապահպանության, արտակարգ իրավիճակների առողջապահության, գյուղատնտեսության նախարարությունները, Երևանի քաղաքապետարանը:

Ծրագրի իրականացման համար Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամը տրամադրել է 4.7 միլիոն դոլար, իսկ 16 միլիոն 20 հազար դոլարի ներդրում կատարելու հանձնառություն վերցրել է Հայաստանի կառավարությունը:

19:05 Մարտ 16, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news