Վեդին աղբի վերամշակման գործարան կունենա

Վեդին աղբի վերամշակման գործարան կունենա

Էկոլուր

«Վեստ Մենենջմենտ» ՍՊԸ-ն պատրաստվում է Արարատի մարզի Վեդի քաղաքում աղբի վերամշակման գործարան կառուցել: Ընկերությունը բնապահպանական փորձաքննության է ներկայացրել «Աղբի և վտանգավոր թափոնների հավաքման, տեղափոխման, տեղադրման, պահեստավորման և վերամշակման» հայտ:

Հայտի համաձայն` «Վեստ Մենենջմենտ» ՍՊԸ-ն համագործակցության հուշագիր է ստորագրել «Գյուղական համայնքների կայուն զարգացում» ՀԿ-ի հետ, համաձայն որի նախատեսվում է համատեղ կառուցել  տարեկան 50.000 տոննա հզորությամբ աղբի վերամշակման գործարան Վեդի քաղաքի Շրջանցող7/1 հասցեում: Արդեն իսկ ավարտական փուլում է գտնվում գործարանի տեսակավորման կայանի կառուցումը: Աղբի տեսակավորման փորձնական գործարանը կառուցվում է Հայաստանում ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի ֆինանսական աջակցությամբ։

Ընկերությունը նախատեսում է բացի աղբի վերամշակումից գործարանի տարածքում գտնվող 75.5մ2 մակերեսով պահեստում ընդունել և պահել կապար-թթվային մարտկոցներ, որոնք հիմնականում օգտագործվում են ավտոմեքենաներում: Ընկերությունը նախատեսում է դրանք վաճառել վերամշակող կամ արտահանող կազմակերպություններին: Տարեկան նախատեսում է 60-66 տոննա մարտկոցի ընդունում:

Էլեկտրոլիտի պարունակությամբ բանեցված չվնասված կապարե կուտակիչները դասվում են վտանգավորության 3-րդ դասին:

Փետրվարի 7-ին Վեդիի քաղաքապետարանում տեղի ունեցան տվյալ գործունեությունն իրականացնելու համար շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային երկրորդ լսումները: ԷկոԼուրի հետ զրույցում Վեդիի փոխքաղաքապետ Ալբերտ Սարոյանն ասաց, որ լսումներն անցել են դրական մթնոլորտում, ներկա գտնվողները դրական կարծիք են հայտնել այդ գործունեության իրականացման վերաբերյալ:

Հայտի համաձայն, մարտկոցների մոտ 85 տոկոսն ընդունվելու է չոր վիճակում՝առանց էլեկտրոլիտի, իսկ մնացած 15 տոկոսը՝ հնարավոր է` էլեկտրոլիտի առկայությամբ: էլեկտրոլիտ պարունակող մարտկոցների թթվային լուծույթները նախքան կոյուղուցանց թափելը չեզոքացվելու են: Չեզոքացման գործընթացներում մթնոլորտ կարտանետվեն ծծմբական թթվի գոլորշիներ և չհանգած կրի փոշի:

«Վեստ Մենենջմենտ» ընկերությունը զբաղվում է Արարատի մարզի համայնքների և մարզի տարածքում գործող` իրավաբանական անձանց կոշտ կենցաղային, շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման, տեղափոխման և Վեդու աղբավայրում տեղադրման ծառայությունների մատուցմամբ:

Փետրվար 13, 2019 at 16:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր