

«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ (ԼՀԿ)» ՓԲԸ-ն Շրջակա միջավայրի նախարարությանն է ներկայացրել «Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացիայի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվությունը:
«Նահատակ» պոչամբարը գտնվում է Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի Մեծ Այրում բնակավայրի վարչական տարածքում՝ բնակելի տներից ընդամենը մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա: Տարիներ շարունակ տեղի բնակչությունը կրում է պոչամբարի բացասական ազդեցությունը՝ վատանում է առողջությունը, շրջակա միջավայրն անդադար քիմիական աղտոտման է ենթարկվում:
Համաձայն «Աթխալայի ԼՀԿ»-ի կողմից ներկայացված ՇՄԱԳ հաշվետվության՝ ռեկուլտիվացման աշխատանքները կտևեն 2.4 տարի: Ախթալայի համայնքապետ Արկադի Թամազյանը «Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացման ՇՄԱԳ նախագծի հերթական հանրային լսումից հետո անգամ կարծիք էր հայտնել, թե հավանականություն կա, որ պոչամբարի հողերը հետագայում կարող են օգտագործվել գյուղատնտեսական նպատակներով:
«Ախթալայի ԼՀԿ»-ին են պատկանում նաև Ախթալայում գտնվող երկու փակված պոչամբարներ: «Նազիկ» պոչամբարի վրա իրականացվել են ռեկուլտիվացիոն աշխատանքներ: Այդ երկու պոչամբարները քիմիական աղտոտվածության օբյեկտներ են՝ ռեկուլտիվացիոն շերտը գրեթե վերացել է, և բացվել է պոչամբարի վերին շերտը: Այդ պոչամբարների հարևանությամբ իրականացված հետազոտությունները ցույց են տվել «Ախթալայի ԼՀԿ»-ի թափոններին բնորոշ քիմիական էլեմենտներով աղտոտվածություն:
Ըստ ՇՄԱԳ հաշվետվության՝ ընկերությունն Ախթալայի հարստացուցիչ կոմբինատում ներդրել է չոր պոչերի պահեստավորման տեխնոլոգիա և պոչամբարում պոչերը կուտակելու փոխարեն ներկայումս դրանք (8-10% խոնավությամբ) պահեստավորում է բացահանքի արդյունահանված տարածքում:
Նշենք, որ «Ախթալայի հարստացուցիչ ֆաբրիկայի բացհանքի արդյունահանված տարածքում պոչերի պահեստավորման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության»-ը ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրված 14.11.2017թ. ԲՓ 100 փորձաքննական եզրակացության համաձայն՝ «Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացիայի 1-ին փուլը պետք է սկսվեր 2018թ. հոկտեմբերից։ Սակայն այդ աշխատանքները չիրականացվեցին պոչերի չոր եղանակով պահեստավորման ծրագրի արդյունավետ չլինելու պատճառով: Եվ ընկերությունը պոչերը շարունակեց լցնել «Նահատակի» պոչամբար՝ բարձրացնելով պոչամբարի պատվարը, ինչին դեմ էին տեղի բնակիչները:
Ինչպես է ռեկուլտիվացվելու «Նահատակի» պոչամբարը
Ըստ ՇՄԱԳ հաշվետվության՝ պոչամբարի ռեկուլտիվացման աշխատանքների իրականացման բոլոր ծախսերը կատարելու է «Ախթալայի ԼՀԿ»-ն: Պոչամբարի ռեկուլտիվացիայի ենթակա մակերեսը պատնեշի թեքություների մակերեսի հետ միասին կազմում է 17.83 հա: Պոչամբարի տարածքը նախատեսվում է բաժանել երեք մասի, իսկ ռեկուլտիվացման աշխատանքները կատարել երկու փուլով: Առաջին փուլում նախատեսվում է ռեկուլտիվացնել պոչամբարի փաստացի չոր մակերևույթով շեպը և չորացած հորիզոնական հարթակը: Երկրորդ փուլում՝ ներկայումս դեռևս չչորացած հարթակը և ամբարտակից ներքև պարզեցման լճակը:
Նախքան ռեկուլտիվացման աշխատանքները սկսելը նախատեսվում է իրականացնել պոչամբարի պատնեշի հետազոտություններ, վերացնել թերությունները, անհրաժեշտության դեպքում՝ լրացուցիչ աշխատանքներ իրականացնել պատնեշի կայունությունը բարձրացնելու ուղությամբ:
Ընկերությունը նախընտրել է պոչամբարը ծածկել հողի բերրի շերտով: Այդ նպատակով մտադիր է օգտագործել Ալավեդի-Ախթալա ավտոճանապարհի շինարարության ժամանակ տեղ-տեղ հանված հողի բերրի շերտը՝ 28580 խմ ծավալով:
Ռեկուլտիվացման 2-րդ փուլում աշխատանքները կսկսվեն պոչամբարի խոնավ մակերեսի և ջրի բնական չորացումից հետո: «Պոչամբարի չորացումը ջրի հեռացման եղանակով կբերի Դեբեդ գետի ջրերի լրացուցիչ աղտոտմանը՝ արտադրական կեղտաջրերով: Այս փուլի աշխատանքները կարելի է սկսել միայն պոչամբարի խոնավ մակերեսի վերջնական չորացումից հետո, երբ հնարավոր կլինի այս տարածքում ծանր տեխնիկայի աշխատանքը»,- հայտնում են նախագծի հեղինակները: Ըստ հաշվարկների՝ առնվազն 1,3-1,5 տարի կպահանջվի լճակում կուտակված ջրի գոլորշիացման և մակերեսի չորացման համապատասխան աստիճանի հասնելու համար:
Ներկայում պոչամբարի տարածքում աշխատում է 18 մարդ:
Ըստ նախագծի՝ ռեկուլտիվացման ժամանակ կլինեն փոշու արտանետումներ բուլդոզերով մակերեսների հարթեցման, գրունտի և բուսական շերտի բեռնաթափման, էքսկավատորի աշխատանքի և դիզելային վառելիքի այրման ժամանակ: Ռեկուլտիվացման ժամանակ մթնոլորտ կարտանետվեն վտանգավորության 2-4-րդ դասին պատկանող նյութեր, մասնավորապես՝ ազոտի օքսիդներ, ածխածնի օքսիդ, մուր, ծծբային անհիդրիդ և այլն: Ընկերության նախնական հաշվարկներով մթնոլորտ արտանետվող նյութերի հետևանքով տնտեսական վնասը կկազմի 355 հազար 400 դրամ:
Ռեկուլտիվացված տարածք կենդանիների և մարդկանց մուտքը բացառելու նպատակով պոչամբարի ամբողջ պարագծով նախատեսվում է տեղադրել 2 մ բարձրությամբ ցանկապատ, որի վրա պետք է փակցված լինեն զգուշացման նշաններ:
Հուլիս 21, 2021 at 17:13