2022թ. կհեռացվի Հրազդան գետի և Երևանյան լճի առափնյա տարածքներում կուտակված 13 հազար տոննա աղբը

2022թ. կհեռացվի Հրազդան գետի և Երևանյան լճի առափնյա տարածքներում կուտակված 13 հազար տոննա աղբը

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է 2022թ. Հրազդան գետի և Երևանյան լճի առափնյա տարածքներում մեծածավալ մաքրման աշխատանքներ իրականացնել: Այս մասին 2021թ. հուլիսի 21-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Գևորգ Կարապետյանը:

Գևորգ Կարապետյանը տեղեկացրեց, որ նախնական հաշվարկների համաձայն՝ տնտեսավարողների ու քաղաքացիների գործողություններով պայմանավորված Երևանյան լճի ու Հրազդանի գետ առափնյա տարածքներում կուտակվել է մոտ 13 հազար տոննա աղբ: 

«Հրազդան գետը և Երևանյան լիճը շատ կարևոր են մայրաքաղաքի համար, լուծում են ոչ միայն Երևանի ոռոգման խնդիրը, այլև մեծ նշանակություն ունեն շրջակա միջավայրի միկրոկլիմայի ձևավորման համար: Նշված հատվածներում առափնյա տարածքների մաքրման այս մեծամասշտաբ ծրագիրը՝ բուն մաքրման աշխատանքը, իրականացվելու է 2022թ.: Ներկայում նախագծման փուլն է»,- ասաց Գևորգ Կարապետյանը:

Ըստ նրա՝ Հրազդան գետի և Երևանյան լճի ափամերձ հատվածների մոտ 15 հա տարածքում առկա են թափոնների վրա աճող վնասակար բույսեր, որոնք տարեկան մեծ ծավալի ջուր են գոլորշիացնում: Կարապետյանի խոսքով՝ սկզբնական շրջանում պետք է մաքրվեն այդ բոլոր հատվածները, իսկ այնուհետ հավաքված աղբը տեսակավորվելու է և ուղարկվելու վերամշակման:

Մաքրման աշխատանքներից զատ տեղում իրականացվելու է ենթակառուցվածքների բարելավման գործընթաց: «Տեղադրվելու են ճաղավանդակներ, իրականացվելու են աղբաորսիչ միջոցառումներ: Կատարվելու է գետնի հարթեցում, տեղադրվելու են լուսատուներ, որոնց արդյունքում տարածքներն ավելի հրապուրիչ կլինեն քաղաքացիների համար», - նշեց Գևորգ Կարապետյանը:

Հուլիս 22, 2021 at 14:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր