Հանքարդյունաբերության և առողջության ընտրության միջև

Հանքարդյունաբերության և առողջության ընտրության միջև

Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Արմանիս բնակավայրն ու այնտեղ բնակվող մարդիկ քիմիական աղտոտվածության ազդեցության գոտում են գտնվում: Այստեղ է գտնվում Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրը, տեղակայված են արդյունաբերական թափոններ, լցակույտեր: Դրանք շրջակա տարածքների՝ հողի և ջրի պարբերական աղտոտման և տեղի բնակչության առողջության խաթարման պատճառն են: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Սագամար» ՓԲԸ-ի միջև կնքված 20.12.2012թ. ՊՎ-093 ընդերքօգտագործման պայմանագրի համաձայն` ընկերությունը հանքը պետք է շահագործեր մինչև 2049թ.: Սակայն 2015թ-ից հանքի աշխատանքը դադարեցվել է:

Լոռու մարզում «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմակերպված մեդիարշավի ժամանակ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը նշեց. «Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրից և արդյունաբերական թափոնների լցակույտերից արտահոսքերն անխոչընդոտ տարածվում են շրջակա միջավայրում, լցվում Չքնաղ գետը, տեղի բնակիչների դաշտերն ու տնամերձ հողերը, տարածվում քամու հետ, փոշու հետ ներթափանցում տներ: Շրջակա միջավայրից և մարդկանցից վերցված փորձանմուշներում հայտնաբերվել են ծանր մետաղների՝ մկնդեղի, քրոմի, պղնձի, նիկելի, կապարի և ցինկի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների գերազանցումներ: Հայտնաբերված մետաղներն առկա են նաև Արմանիսի հանքավայրի հանքանյութի մեջ, որոնք ոսկու, արծաթի և այլ գունավոր և թանկարժեք մետաղների արդյունահանումից հետո դառնում են աղտոտման աղբյուր»:

Արմանիսի հանքում, ըստ ընդերքօգտագործման պայմանագրի, հաշվարկված է 14 647,0 հազար տ հանքաքար, որից ոսկի՝ 12316,4 կգ, արծաթ՝ 161,2 տոննա, պղինձ՝ 158,6 հազար տոննա, ցինկ՝ 381,0 հազար տոննա, կապար՝ 178,1 հազար տոննա, կադմիում՝ 2358,2 տոննա, բիսմութ՝ 83,0 տոննա, սելեն՝ 69,3 տոննա, ծծումբ՝ 355,3 հազ․տոննա։ «Միայն ծծմբի մասով նշենք, որ այն թթվային դրենաժի աղբյուր է։ Արմանիսի լեռնահարստացման համալիրի հարակից տարածքում ԷկոԼուրի տեսախցիկը ֆիքսել է թթվային ջրերի լճակներ, թթվային դրենաժի առվակներ, որոնք հոսում են դեպի ձոր, իսկ այնուհետև Չքնաղ գետ»,- նշեց Ինգա Զարաֆյանը:

«Սագամար» ՓԲԸ-ի ներկայացուցիչները և իրենց կողմից ուղղորդված տեղի մի քանի բնակիչներ փորձեցին խանգարել մեդիարշավի անցկացումը: Նրանք մեղադրական կոչեր էին հնչեցնում մեդիարշավի մասնակիցների հասցեին:  «Այնքան գրեցիք՝ վնասակար է, որ հանքը փակեցին։ Մենք հիմա խնդրելու ենք ընկերությանը, իշխանություններին, որ հանքը նորից շահագործեն ի օգուտ տարածաշրջանի: Դուք հիմա այստեղ եկաք, գնալու եք, մեզ մոռանալու եք: Իսկ մենք մնալու ենք մեր խնդիրների հետ մենակ»,- նշեց բնակիչը: 

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանն արձագանքեց, որ հանքը ներկայում չի գործում ընկերության սեփական նախաձեռնությամբ, այլ ոչ թե հասարակության ահազանգերի արդյունքում: «Մենք չենք ուզում փակել գործող հանքերը, մենք ուզում ենք դրանց շահագործումը հնարավորինս անվտանգ դարձնել, որ հանքարդյունաբերությունը հնարավորինս քիչ վնաս հասցնի շրջակա միջավայրին»,-ասաց Օլեգ Դուլգարյանը։

Նշենք, որ Հայաստանի այն համայնքներում, որտեղ առկա են հանքարդյունաբերական ձեռնարկություններ, տարածաշրջանի հիմնական գործատուն են և որոշակի ազդեցության գործիքներ են «ձեռք բերում» տեղի բնակչության նկատմամբ: Տեղի բնակիչների հիմնական մոտիվացիան աշխատատեղերի ստեղծումն է, որը խոստանում է բիզնեսը: Իրենց առողջության և շրջակա միջավայրի վրա ազդեցության ռիսկերի մասին տեղի բնակիչների իրազեկվածությունը շատ փոքր է, ինչը ստեղծում է հնարավորություններ մանիպուլյացիա իրականացնելու, համայնքի նկատմամբ սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն չստանձնելու և չիրագործելու համար: Սա ևս մեկ անգամ ապացուցվեց Արմանիսում:

Դեկտեմբեր 20, 2021 at 10:21


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր