

Հայաստանի հասարակական կազմակերպությունները մասնակցել են «ВЕКЦА»-ի երկրների (Արևելյան Եվրոպա, Կովկաս, Կենտրոնական Ասիա) տարածաշրջանային հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են շրջակա միջավայրում վտանգավոր նյութերի հանրային մոնիտորինգի, աղտոտման թեժ կետերի գույքագրման և բնապահպանական օրենսդրության զարգացման հարցերը։ Հանդիպումը կազմակերպվել էր դեկտեմբերի 9-11-ը՝ «Աղտոտիչների վերացման հարցերով միջազգային ցանց»-ի (IPEN) կողմից:
Հիմնական ուշադրությունն ուղղվել է այնպիսի խնդիրներին, ինչպիսիք են պլաստիկի աղտոտումը, սպառողական ապրանքներում սնդիկի առկայությունը, տարածքների աղտոտումը հանքարդյունաբերական թափոններով։
«ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը ներկայացրեց քննարկման Հայաստանում հանքարդյունաբերության ազդեցության տակ գտնվող տարածքների քիմիական աղտոտվածության հետ կապված խնդիրները:
Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշիռում գրանցված է 7 պղնձամոլիբդենային, 4 պղնձի, 14 ոսկու և ոսկի-բազմամետաղային, 2 երկաթի և 1 ալյումինի հանքավայր։ Հայաստանի տարածքում հայտնաբերվել են նաև 115 տարբեր մետաղական հանքերևակումներ: Հանքարդյունաբերական ընկերություններն արտադրում են հիմնականում պղնձի, մոլիբդենի, ցինկի խտանյութեր, որոշ դեպքերում ոսկու և արծաթի բարձր պարունակությամբ ձուլվածքներ (Դորեի ձուլվածք), հնարավոր է ապագայում՝ կապարի խտանյութ։
Այս հանքավայրերը նաև պարունակում են հազվագյուտ և թանկարժեք տարրեր՝ ռենիում, սելեն, թելուր, կադմիում, ինդիում, հելիում, թալիում, բիսմուտ և այլն։ Կան բարձր տոքսիկությամբ մետաղներ և տարրեր, որոնք արդյունաբերական հետաքրքրություն չեն ներկայացնում և վերածվում են արտանետումների ու թափոնների:
Պոչամբարներում կուտակված է ավելի քան 1 միլիարդ տոննա պոչ։ Դրան գումարվում են միլիոնավոր տոննա թափոններն ու դատարկ ապարները, որոնք նույնպես քիմիական աղտոտման աղբյուր են:
Ներկայացնենք մի քանի գիտական տվյալներ.
Փորձագետ Սեյրան Մինասյանի «Թուխմանուկի հանքավայրի գոտու հողերի և գետերի հատակային նստվածքների էկոքիմիական վերլուծություն» աշխատության համաձայն՝ Մելիք գյուղի տարածքը, որտեղ շահագործվել է Թուխմանուկի ոսկու հանքավայրը և կան երեք պոչամբարներ, աղտոտված է ծանր մետաղներով: Հողի մեջ հայտնաբերվել է մկնդեղի (As), սուրմայի (Sb), կապարի (Pb), կադմիումի (Cd), պղնձի (Cu), մանգանի (Mn), վանադիումի (V), քրոմի (Cr), կոբալտի (Co), նիկելի (Ni), ցինկի (Zn) բարձր պարունակություն: Աղտոտվածությունը տարածվում է դաշտերի վրա, որտեղ մարդիկ մշակում են գյուղատնտեսական մշակաբույսեր:
Աղտոտմանը նպաստում է պոչամբարի չոր հատվածներում գոյացած փոշին։ Ջրի աղտոտվածությունը կարող է տարածվել մոտակա հողերի վրա, հողերից էլ դեպի մշակաբույսեր, և, ի վերջո, սննդային շղթայով հայտնվել մարդու օրգանիզմում:
Չեխական «Առնիկա» բնապահպանական կազմակերպության 2018-2021 թթ-ի հետազոտությունները ցույց տվեցին արդյունաբերական օբյեկտներից աղտոտվածության տարածումը՝ կախված քամու արագությունից և ուղղությունից։ Ուսումնասիրվել են ազդակիր տարածքներում (Լոռու մարզի Թումանյանի և Ստեփանավանի շրջաններ) հողը, գյուղատնտեսական մթերքները, գետերի հատակային նստվածքները, փոշին և կենսանյութերը՝ ազդակիր բնակիչներից վերցված մեզի, մազերի, եղունգների նմուշները։ Թունավոր մկնդեղը շատ երկրներում սահմանված նորմայից բարձր պարունակությամբ հայտնաբերվել է գրեթե բոլոր վերցված նմուշներում:
Մենք առաջարկում ենք տեղի բնակիչների և տեղական ինքնակառավարման մարմինների մոբիլիզացիայի միջոցով պետական պատասխանատու կառույցներին և հանքարդյունաբերական բիզնեսին ներգրավել կառուցողական երկխոսության մեջ՝ բարձրացնելու համար արդյունահանող ընկերությունների և կառավարության պատասխանատվությունն աղտոտված տարածքներում ապրող մարդկանց առողջության և անվտանգության պահպանման համար: Պետք է հրատապ միջոցներ ձեռնարկել քիմիական նյութերով աղտոտված տարածքներում բնակիչների առողջության և շրջակա միջավայրի անվտանգության գնահատման համար, իրականացնել օրենսդրական բարեփոխումներ «աղտոտողը վճարում է» սկզբունքով և պետական մակարդակով ընդունել գործողությունների պլան՝ տարածքների աղտոտման պատճառների և հետևանքների վերացման համար:
Դեկտեմբեր 14, 2021 at 15:53
